Նրանք, ովքեր այցելում են Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղ, պարտադիր հյուրընկալվում են Խդր Դուքոյանի տանը:
 |
Յոթ երեխայի մայր, հյուրասեր Խանումա տատը |
Խդրի ընտանիքը մեծ չէ` մայրը, կինը և երեք երեխաները, ինչը զարմանալի է եզդիների համար. նրանք սովորաբար շատ երեխաներ են ունենում:
«Եթե պայմանները լավ լինեին, մի «ֆուտբոլի կամանդ» էի սարքելու, բայց ընտանիք պահելը այսօր շատ դժվար է», ասում է Խդրը:
Նրա մայրը՝ 72-ամյա Խանումա տատը, յոթ երեխա է լույս աշխարհ բերել: Հագին է եզդիների ազգային տարազ է` բազմագույն գուլպաներ, մանր դարսերով երկար փեշ, որի վառ կանաչ գույնը անմիջապես ուշադրություն է գրավում: Մեջքին բրդյա շալ է, իսկ ականջներին շողում են ոսկյա գինդերը:
Եթե ամգամ չիմանաս, թե որտեղ ես, Խանումա տատի տեսքը հուշում է, որ գտնվում ես եզդիների տանը:
Խդրն ասում է, որ իրենց նախնիները այս գյուղ են եկել Արտաշատից 1927 թվականին մի քանի եզդի ընտանիքների հետ: Նրանցից առաջ այստեղ բնակվել են թուրքեր, որոնք քոչել են մինչև եզդիների գալը:
Ֆերիկի գյուղապետ Նորայր Հայրապետյանը 21 տարի շարունակ եղել է գյուղի անասնաբույժը: Վեց տարի է, ինչ եզդիները նրան ընտրել են գյուղապետ:
«Սկզբում գյուղի անունը Քյուրաքանդ էր, որը եզդիերեն «քյուրա» (կրակ) և «քանդ» (գյուղ) բառերից է: Ասել է թե՝ կրակի գյուղ, չէ որ նրանք հեթանոսներ են և պաշտում են կրակը, արևը», բացատրում է Հայրապետյանը:
Գյուղը վերանվանվել է 1978 թվականին եզդի հեղափոխական գործիչ Ֆերիկ Փոլադբեկովի անունով:
Գյուղապետն ասում է, որ մինչև 1990 թվականը գյուղը ուներ 700-ից ավելի բնակիչ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ֆերիկը սկսել է դատարկվել: Այսօր գյուղում մնացել է 110 տնտեսություն 240 բնակչով:
«Սկզբում գնում էին տղամարդիկ, հետո գալիս էին ու տանում ընտանիքներին: Ով այստեղից գնում է, խաչ է քաշում գյուղի վրա», ասում է Խդրը:
Ֆերիկում ապրում են բացառապես եզդիներ: Թեև գյուղը Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է, կյանքը զարմանալիորեն «մեռած» է այստեղ:
Ֆերիկում գոյություն ունի ընդամենը մեկ ջրի ծորակ, որտեղից էլ կանայք դույլերով ջուր են տանում շանթարով (փայտ, որը դնում են ուսին ու ծայրերից կախում ջրով դույլերը):
Ֆերիկում չկա հեռախոս, արտաքին աշխարհի հետ միակ կապը հեռուստացույցն է:
Խդրի կինը՝ 33-ամյա Ալմաստը, չնայած ձմռանը՝ ամանները լվանում է բակում և առանց գործից կտրվելու զրուցում.
«Մեր գյուղը չեմ սիրում: Ի՞նչը սիրեմ, երբ ոչ մի բան չկա: Գոնե մանկապարտեզ լիներ, երեխաներս կգնային: Մշակույթի տուն էլ չունենք, ոչ մի հետաքրքրություն»:
Նախկին մշակույթի տունը, որտեղ հիմա գյուղապետարանն է, վթարային վիճակում է, մինչդեռ անցած լավ տարիներին այստեղ համերգներ էր տալիս նաև Ֆերիկի ազգագրական համույթը:
Խորհրդային տարիներին այստեղ զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, զարգացած էր հատկապես ոչխարաբուծությունը: Ժողովրդական խոսքն ասում է. «Եթե ոչխար չունես, ուրեմն եզդի չես», սակայն այսօր գյուղում ոչխար չեն պահում:
 |
Շուրջ 30 հազար եզդիներ ապրում են Ֆերիկի նման գյուղերում |
«Առաջ մեր ոչխարները տանում էինք Ալագյազ սարի կողմերը, այնտեղ հիանալի արոտավայրեր կան: Հիմա դա էլ է դարձել փողով, մենք էլ ի վիճակի չենք», ասում է Շարո Մամոյանը:
Այսօր Ֆերիկի եզդիների հիմնական եկամտի աղբյուրը ցորենն է, կարտոֆիլը և բանջարաբոստանային մի քանի կուլտուրաներ: Յուրաքանչյուր տնտեսություն 1-3 կով է պահում:
Խդրն իր տնամերձ այգու ջերմոցում թարխուն է աճեցնում: Ալմաստն ասում է. «Գյուղում շատերն են թարխուն աճեցնում: Այս երկու օրն արդեն շուկա կտանենք: Չենք կանգնում վաճառելու, հանձնում ենք 25-30 դրամով (մոտ 5-6 սենթ) ու տուն գալիս»:
Գյուղապետն ասում է, որ բազմիցս դիմել է Արմավիրի մարզպետարանին՝ խնդրելով օգնել, հատկապես խմելու ջրի հարցում, սակայն ապարդյուն: Միայն 2002 թվականին վերակառուցվել է խորքային հորը՝ լուծելով ոռոգման ջրի հարցը:
Գյուղի բյուջեն ձևավորվում է հողահարկից ու գույքահարկից և կազմում է տարեկան 2,3 մլն դրամ, 1 մլն դրամ էլ դոտացիա է տրվում:
«Այս գումարով ի՞նչ կարող ենք անել գյուղի համար՝ ոչինչ», գանգատվում է գյուղապետը:
Ֆերիկում հազվադեպ են երեխաներ ծնվում: 2000 թվականին ընդհանրապես ծնունդ չի գրանցվել, իսկ վերջին տարիներին ծնվել է 2-3 երեխա:
Գյուղի կենտրոնում լսվում է դպրոցի զանգը, և երեխաներն իրենց աղմուկով միանգամից կենդանացնում են ձմեռային լռությամբ լցված ցեխոտ փողոցները: Վերջին տարիներին գյուղի ութամյա դպրոցի աշակերտների քանակը կտրուկ ընկել է՝ 160-ից նվազելով 56-ի:
Երրորդ դասարանցի Գյուլին վազում է բոլորի առջևից: Նրա սև, երկար հյուսքերը թռչկոտում են ուսերի վրա: Թռչունների երամի նման իրար միացող հոնքերի տակից ժպտում են սև աչքերը:
«Ես շատ եմ ուզում, որ դպրոցում եզդիերեն անցնենք», համարձակորեն ասում է նա ու վազում:
Դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանն ասում է. «Եզդիերենի մասնագետ չունենք, իսկ այն լրացնող առարկա է: Նախկինում եթե որևէ առարկայից ինչ-որ բան հայերենով չէին հասկանում, ուսուցիչը բացատրում էր եզդիերենով: Բարձրանում էր ընկալման արդյունավետությունը»:
Գյուղացիներն ասում են, որ մինչև դպրոց գնալն իրենց երեխաները հայերեն չեն իմանում, իսկ դպրոցում էլ եզդիերեն չեն անցնում: Թվաքանակի պակասի պատճառով աշակերտները սովորում են խառը տարիքային դասարաններում. օպտիմալացումն այստեղ այսպես է իրականացվել:
Խդրն ասում է. «Նման ուսուցումն իրեն չի արդարացնում: Ընկնում է աշակերտների առաջադիմությունը: Այսպիսի գյուղերում հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել, բա էլ ինչի՞ են ասում ազգային փոքրամասնություն»:
Գյուղապետը տեղեկացնում է, որ պատերազմի տարիներին շատ եզդիներ կամավոր գնացել են կռվելու: Նրանցից մեկն էլ Ջասըմ Քալաշյանն է:
«Գնում էինք մեր հայրենիքը պաշտպանելու, ոչ մի տարբերություն: Սա նաև մեր երկիրն է, ու եթե անհրաժեշտ լինի, նորից կգնանք», ասում է նա:
 |
Գյուղական առօրյա |
Սեղանի շուրջը եզդիներն առաջինը խմում են արևի աստված Շամսի կենացը: Գյուղի համայնքն ունի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ: Հոգևոր առաջնորդը 58-ամյա շեյխ Զուրբան է: Շեյխի տիտղոսը փոխանցվում է ժառանգաբար:
«ՈՒնենում ենք նաև փիրաներ ու մրիդներ: Ես ինքս փիրա Իսեբիան եմ: Շեյխերի ու փիրաների երեխաներն ամուսնանում են իրենց արյունակից շեյխերի ու փիրաների երեխաների հետ», ասում է Մամոյանը:
Շեյխը տիտղոսով ավելի բարձր է, քան փիրան: Մրիդները երրորդ տեղում են: Եզդիները մկրտում են միայն տղաներին:
Մամոյանը բացատրում է. «Մկրտությանը մենք ասում ենք «բըզկ»: Շեյխը կտրում է տղա երեխայի մազից մի փունջ և տանում իր տուն: Հիմա մեր շեյխի տանը մի քանի պարկ մազ կա»:
Ֆերիկում մարդիկ ապրում են իրենց ազգային ավանդույթներին հավատարիմ: Մարտի 21-ին պատրաստվում են նշել իրենց նոր տարին, որն անվանում են «կլոճ»:
Խդրի տանը հրաժեշտի պահին խմում են հայ-եզդի բարեկամության կենացը: Հյուրասենյակի պատին կախված գորգից նայում են Զորավար Անդրանիկն ու Ջհանգիր Աղան: Նրանք միասին կռվել են 1918-20 թվականներին, մասնավորապես Բաշ-Ապարանի ճակատամարտում:
Ըստ ազգային վիճակագրական ծառայություն ներկայացրած մարդահամարի տվյալների Հայաստանում այսօր ապրում է 40620 եզդի: Նրանցից 7413-ն ապրում են քաղաքներում, իսկ 33207-ը՝ Ֆերիկի նման գյուղերում:
|