«Մնացել եմ ես և ծրագիրը», ասում է բեյրութցի Նազարեթ Լիպարիտյանը, որն արդեն հինգ տարի բնակվում է Ղարաբաղի վերաբնակեցվող Քաշաթաղ շրջանի հարավային Դիցմայրի գյուղում:
 |
Սոսիների պուրակում |
Բացի նրանից ևս մի սփյուռքահայ է մնացել` Գևորգը Սիրիայից, որն այստեղ ամուսնացել է ու երեք երեխա ունեցել։ Սակայն նա պատրաստվում է քոչել Դիցմայրիից։
Անցել է մեծ
ոգևորության ժամանակը, երբ 1999 թվին Դաշնակցության ծրագրով 35 սփյուռքահայ Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իրանից վերաբնակեցվել էին Կովսականի մոտ գտնվող Դիցմայրի գյուղը (տես՝ նախորդ հոդվածը):
Ծրագրվում էր բնակեցնել այդ ու հարակից երկու գյուղերը, իսկ հետագայում` մինչև Իրան սահմանամերձ բնակավայրերը։ Բայց ի վերջո բոլորը փախան։ Վերջին գնացողներից մեկը մեքենան կոպեկներով վաճառել է, որ րոպե առաջ հեռանա։
Սակայն լիբանանահայ Լիպարիտյանը հեռանալու մտադրություն չունի. «Մինչև այն պահը, երբ կըսվի, որ սա պապական հողեր չեն, ես մնացող եմ»։
Ծրագրից մնացել են նաև էլեկտրական փոխակերպիչներ (տրանսֆորմատորներ), մի տրակտոր, մի ավտոբուս, մի բեռնատար և տասնհինգ ֆիննական տնակ։ Մնացել է նաև նորակառույց դպրոցը:
Դպրոցում չորս ուսուցիչ է, ներառյալ՝ Լիպարիտյանը, որն անգլերեն է դասավանդում: Նա այստեղ չէր եկել դասավանդելու, ուղղակի 17 աշակերտով դպրոցում ուսուցիչ չկար:
«Եթե դպրոցական երեխաներ ունես, կնախընտրես հոս չմնալ։ Բայց մի աշակերտ էլ մնա, չեմ թողնի դպրոցը փակվի», ասում է նա։
Մարդիկ «հոս» չեն մնում. երեք գյուղերի վերաբնակ 33 ընտանիքներից 11-ը հեռացել է։ Պատրաստվում են հեռանալ նաև մյուսները։
Մարդկանց պահելու համար Դաշնակցությունը մեկ ու կես տարի յուրաքանչյուր ընտանիքին ամիսը 50 դոլար էր վճարում։ Բայց դա բավական չէր, որ մարդիկ մնային:
 |
Նազարեթ Լիպարիտյանը կհեռանա վերջինը |
«Եթե տելևիզր չունենայի ու քաղաքական լուրեր մտիկ չընեի, շատ լավ կլիներ։ Պատրաստում են ժողովրդին, որ հանձնեն տարածքը», ասում է Լիպարիտյանը։
Նրա ֆիննական տնակը կահավորված է եվրոպական ոճով` խոհանոց-հյուրասենյակ, բայց արդեն խունացած տախտակից պատերով, տաք և սառը մշտական ջուր, զուգարան։ Հարմարություններ, որ ամբողջ շրջանում մեկ կամ երկու տուն ունեն, ու նաև՝ Դիցմայրիի մյուս ֆիննական տնակները։
Տան հետևի սոսիների պուրակը շրջակայքի միակ կանաչապատ տարածքն է։ Անտառները կտրել տարել են, ու Հայաստանի հետ բաժանող սահմանը առանձնանում է նրանով, որ Քաշաթաղի կողմում սարերը մերկացած են։
Լիպարիտյանն ասում է, որ եկել էին իր տան մոտի ծառերը կտրելու, բայց ինքը թույլ չի տվել. փաստաթուղթ է պահանջել, պարզվել է, որ իրավունք չունեն:
Պուրակով անցնում է գետը, որի ջինջ ջրերում պարզ երևում են ձկների վտառները։ Ձկնորսությունը, թռչունների որսը և խմիչքը Լիպարիտյանի հիմնական զբաղմունքն են։
Լիպարիտյանը եկել էր գինեգործական արտադրություն ստեղծելու մեծ ծրագրերով։ Տան մոտ գինեգործական գործարանն է` անհրաժեշտ սարքավորումներով: Նա հազարավոր դոլարներ է ծախսել՝ հույս ունենալով Զանգելանի խաղողի այգիների բերքից գինի ստանալ, սակայն ամեն ինչ ապարդյուն:
«Հսկա տարածքներ ունեինք և չկրցանք օգտագործել, որովհետև ամեն գարնան սկիզբ և ամռան վերջ «պաժառ» են տալիս։ Վառում են միայն չարությունից, որ չօգտվիս։ Ովքե՞ր, հայ ազերիները», ասում է նա։
Առաջին տարին խաղող է գնում Արարատյան դաշտից ու գինի պատրաստում, բայց հաջորդ տարի այլևս հնարավորություն չի ունենում։ |