ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 5, 2004




Անմահ պատկերներ. Սարյանի դիմանկարների հերոսները շարունակում են ապրել հանճարեղ նկարչի կտավներում


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 2 լուսավոր սրահներում Սարյանի 124-ամյակի առթիվ ցուցադրվում են նկարչի դիմանկարներից 124-ը:

«Ժամանակը և ժամանակակիցները» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են նկարչի տարբեր շրջանների գործեր: Ցուցահանդեսը բացվել է այս շաբաթ և կշարունակվի մեկ ամիս:

Սարյանի «Երեք հասակը»

Մուտք գործելով սրահ՝ կարծես հայտնվում ես նախորդ դարի մտավորականների աշխարհում:

Արևոտ գույներով լի կտավները ներկայացնում են արվեստի ու գիտության ականավոր գործիչների ու քաղաքական այրերի՝ սկսած Եղիշե Չարենցից, որը Սարյանի առաջին բնորդն Էր (1923 թ.), դիրիժորներ Կոստանդին Սարաջևն ու Օհան Դուրյանը, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը, բանաստեղծներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, Աննա Ախմատովան և շատ ուրիշներ:

Վրձնի մոգական վարպետ Մարտիրոս Սարյանի ստեղծած կերպարներից ամեն մեկն ունի յուրօրինակ նկարագիր, որում արվեստի լեզվով, գունային վառ երանգների ու ազատ վրձնահարվածների համադրությամբ նկարիչը բացահայտում է բնորդի ներաշխարհը, թափանցում նրա խոհերի ու երազների թաքուն անկյունները:

Ցուցահանդեսի առանցքային կտավը «Երեք հասակ» ինքնադիմանկարն է (1942 թ.): Այս կտավում Սարյանը պատկերել է իրեն իր կյանքի 3 շրջաններում` երիտասարդ, հասուն ու ծեր: Այստեղ նրանք միասին են՝ մի մեծ կտավի վրա:

Աջ կողմում եռանդուն, սևահեր երիտասարդն է, համարձակ գաղափարներով լի: Ձախ կողմում փոքր ինչ մտախոհ ու երազկոտ միջին տարիքի Սարյանն է, իսկ մեջտեղում արդեն մեծանուն Սարյանն է, որը կանգնել է վստահ ու հաստատուն դիրքով և իր կյանքի բարձունքից սևեռուն հայացքը հառել է դիտողին:

Այս կտավում նա կերտել է իր կյանքի պատմության ընթացքը` բացահայտելով ոչ միայն իր ֆիզիկական տարիքը, այլ նաև հոգևոր ու գաղափարական զարգացումը:

Ցուցադրված է նաև Չարենցի հանրահայտ դիմանկարը, որտեղ առաջին անգամ հայտնվում է նկարչի սիրած եգիպտական դիմակը: Չարենցի խիստ ու խորաթափանց հայացքն առավել ընդգծված է զուտ սարյանական կանաչ ստվերների լուծումներով: Նրա կողքին պատկերված դիմակը, որպես հավերժության խորհրդանիշ, անմահացնում է մեծ բանաստեղծին:

Սարյանը դիմանկարների վրա աշխատելու իր մեթոդն ուներ: Նախքան գործին անցնելը երկար զրուցում էր բնորդին հետաքրքրող հարցերի շուրջ, մինչև որսար նրան բնորոշ արտահայտությունը, ներքին վիճակը:

Սարյանական կտավների մոնումենտալությունը, որն արտահայտված է վրձնահարվածների ազատությամբ և գույների լոկալ, քանդակային ծեփվածքին բնորոշ լուծումներով, բնորոշում է մեր բնության խստությունն ու վեհությունը, նրա էպիկական ուժն ու հզորությունը:

«Զուտ նկարելը տևում էր շատ կարճ, արագ: Առանց գծանկարային նախապատրաստության, գունաքսվածքի ապշեցնող ճշգրտությամբ նա ասես քանդակում էր բնորդի դեմքը, ի հայտ բերում թաքնված հոգեկանը: Սա է գաղտնիքը, որ նրա կերպարներն օժտված են խոսուն, թարմ ու կենդանի արտահայտությամբ», ասում է Սարյանի թանգարանի հիմնադիր և տնօրեն Շահեն Խաչատրյանը:

Սարյանի 124 դիմանկարների բնորդներից այսօր կենդանի են միայն ինը, այդ թվում՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը և դիրիժոր Օհան Դուրյանը:

Մեծ եղեռնից մազապուրծ եղած իննսունհինգամյա ճարտարապետ, ակադեմիկոս Հարությունյանը վերհիշում Է, թե ինչպես 1949 թվականին Սարյանն իր դիմանկարը նկարելիս խնդրում է որևէ բան պատմել: «Ես էլ սկսեցի պատմել 1915 թվականի Եղեռնի ահասարսուռ ու արնաներկ օրերի ու իմ ընտանիքի բռնագաղթի մասին: Պատմությանս կեսից վարպետը հանկարծ վայր դրեց վրձինն ու սկսեց արտասվել», պատմում է նա:

Սարյանի Շոստակովիչը, մեծ նկարչի մեծ կոմպոզիտորը

Սարյանն ապրում էր իր ժողովրդի կյանքով: Իր հուշերում նա գրում է. «Ամեն մի արվեստագետ մեծ է այնքանով, որքանով կապված է իր ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին: Ավելին, բարձր արվեստը, վերջիվերջո, ժողովուրդն է ստեղծում` իր զավակներից ոմանց ձեռքերով»:

Մեծն նկարիչը ծնվել է 1880 թվականին հայրենիքից հեռու՝ Դոնի Ռոստովի մոտակայքում հայերի կողմից հիմնադրած Նոր Նախիջևան գյուղաքաղաքում:

Իր կյանքի պատմության մեջ Սարյանը գրում է. «Իմ նախնիները Դոնի ափերն են եկել Ղրիմից, իսկ Ղրիմ եկել են միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքից Անիից: Ես ծնվել եմ մի ընտանքիում, որտեղ պահպանվում էին նահապետական ավանդույթները: Մեր ընտանիքում ինը երեխա կար, ես յոթերորդն էի:

«Ես չգիտեմ, թե իմ մեջ երբ ծնվեց նկարիչը: Գուցե այն օրերին, երբ լսում էի ծնողներիս պատմությունները մեր լեռնոտ, հիասքանչ հայրենիքի մասին, երբ փոքր տղա էի ու վազում էի մեր տան շուրջն ու հիանում թիթեռների, բզեզների ու ծաղիկների բազմագույն երանգներով: Գույն, լույս ու երազանքներ՝ սրանք էին ինձ հուզում»:

Մոսկվայի գեղանկարչության, քանդակի ու ճարտարապետության ուսումնարանում ուսանելու տարիներին Սարյանը 1903 թվականին այցելում է իր նախնիների հայրենիքը` Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անին: Տարբեր երկրներ կատարած շրջագայությունից հետո նկարիչը սկսում է իր ստեղծագործական կյանքի առաջին շրջանը, որն անվանում է «Հեքիաթներ ու երազներ»:

Նրա ստեղծագործության երկրորդ շրջանն ընդգրկում է 1909-20 թվականները, որտեղ գերիշխում են նկարչի զգացմունքային արձագանքները 1915 թ. հայկական ցեղասպանությանը:

Վերջին շրջանը տևում է 1921 թվականից մինչև նրա մահը 1972 թվականին: Այն լի է սարյանական արվեստի կենսախինդ ու վառ գույներով, որտեղ ամեն ինչ արևոտ ու պայծառ է, տխրությունն անգամ հպարտ է այստեղ, լռությունը՝ արժանապատիվ, մտահոգությունն ու մռայլությունը՝ իմաստավոր ու հուսակիր։

«Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ» ստեղծագործական այս գաղափարի շուրջ է հյուսված Սարյանի գեղագիտական կոնցեպցիան։ Սարյանի բնափիլիսոփայական խոհերում մարդը բնության մի անքակտելի մասն է, նրա շարունակությունը, ինչպես նրա արվեստում դիմանկարները բնանկարների յուրատեսակ շարունակությունն են:

Սարյանի արվեստն իր լիիրավ տեղն է զբաղեցրել նախորդ դարասկզբի գեղանկարչության նորարարների համաստեղության մեջ ու պատկանում է այն նկարիչների շարքին, որոնց Մատիսն այսպես էր բնութագրում․
«Մենք մի կողմ նետեցինք բոլոր ազդեցությունները և մինչ այդ ձեռք բերած արտահայտչամիջոցները։ Մենք շրջվեցինք դեպի գույնը, և դա մեզ թույլ տվեց արտահայտելու մեր զգացմունքներն առանց խառնուրդների, առանց պատկերի կառուցման չարչրկված միջոցների»։

Սարյանի արվեստում գույնն ինքնուրույն արժեք ու ազատություն է ստանում: «Գույնը պետք է արտահայտի կյանքի էությունը: Գույնի միջոցով ես առավել հնչեղ եմ ներկայացնում այն, ինչ տեսնում եմ, և լույսն իմ կտավներում առավել ուժգնություն է ստանում», գրում է նա:

Սարյանի արվեստը դարձավ մունետիկ, որն իր արծվաթռիչ բարձունքից պատմում է ողջ աշխարհին իր արևոտ հայրենիքի ու վեհ լեռների հեքիաթները:

«Հայաստանի լույսը հասնում է մեզ շնորհիվ Մարտիրոս Սարյանի: Լույս երջանիկ` մարդկանց, լեռների, մրգերի վրա... Սա մի գանձ է վերագտնված: Այնքան գեղեցիկ է նրա գույնը, որ Սեզանի ու Մատիսի կողքին Սարյանին պիտի հատկացնել առաջնակարգ տեղ», ժամանակին ասել է Լուի Արագոնը:


According to Agnes
 

  Inside
 

War Talk: Rhetoric sharpens but renewed conflict with Azerbaijan seen as unlikely

Full story

 
 

Counted In: Census reports final conclusions on Armenia 's population

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Coming Soon. New Armenian Church in Russian Capital.

A new Armenian church will soon open in Moscow. During his visit to Moscow Catholicos of All Armenians Garegin II expressed his approval of the course of constructions.This is how Surb Khach (Saint Cross) church will look when completed.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.