ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
March 5, 2004




Ժամանակակից պատմություն. դասական պիեսը ստանում է նոր, կենդանի մեկնաբանություն


Երևանի թատրոններից մեկի բեմի վրա կիսամերկ դերասանները խաղում են մի պիես այն ժամանակների մասին, երբ պայմանականությունները թույլ չէին տալիս կնոջը ցույց տալու անգամ իր ոտքի կոճը:

Նրանք ներկայացնում են ռուս գրականության դասական Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի նոր բեմադրությունը: Հատկանշական է, որ պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1827 թվականին Էրիվանում քաղաքի կայազորի սպաների ուժերով, և այդ ներկայացմանը ներկա է եղել հեղինակը:

Գրիբոյեդովի հին օրերի հերոսները նորովի

Ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանն ասում է, որ վաղուց էր երազում բեմադրել այս պիեսը, սակայն «ժամանակներն ուրիշ էին, և պիեսն ընդունելություն չէր գտնի»:

«Խելքից պատուհաս»-ի նման մի բեմադրություն գնում էր Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում վեց տարի առաջ, սակայն այն ժամանակ, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի խոսքերով, «ներկայացումը շոկահարել էր հանդիսատեսին»:

Իր դասական ընթերցմամբ «Խելքից պատուհասը» գլխավոր հերոս Չացկու կերպարում մարմնավորված բողոքն է Ռուսաստանի երեսպաշտության մեջ թաղված հասարակության դեմ:

Ներկայացումը զարմացնում է հանդիսատեսին, որը ծանոթ է պիեսին դեռ դպրոցական տարիներից, հենց առաջին րոպեներից: Գլխավոր հերոսուհին՝ 17-ամյա Սոֆյան, հայտնվում է բեմի վրա մի կիսաթափանցիկ զգեստով տղամարդու հետ անցկացրած առաջին գիշերից հետո:

Ըստ Գրիբոյեդովի Սոֆյան և Մոլչալինը՝ բարեփոխումների հակառակորդ Ֆամուսովի քարտուղարը, ամբողջ գիշեր զբաղվել են երաժշտությամբ: Սակայն Գրիգորյանը համոզված է, որ երիտասարդները զբաղվել են սիրով:

Ռեժիսորն ասում է, որ իր այս բեմադրության նպատակը պիեսի վերաիմաստավորումն է այսօրվա իրողությունների տեսանկյունից: Կերպարները, նրանց վարքը և հագուստները ենթարկվում են ազատ վերաիմաստավորման:

Ամբողջ ներկայացման ընթացքում Յուլյան էրոտիկ պարեր է պարում վառ գույների բաց զգեստներով: Ջինս հագած Չացկին գլուխկոնծի է տալիս կամ Սոֆյային գրկած վազվզում բեմով: Ներկայացման վերջում նա խելագարվում է և ինքնասպան լինում, ի տարբերություն բնագրի, որտեղ գլխավոր հերոսը նվազ էքսցենտրիկ է և վերջում պարզապես մեկնում է:

Ներկայացված հագուստների բազմազանության մեջ հատկապես հիշարժան են բարձրաշխարհիկ օրիորդների մինի փեշերը, որոնք հազիվ են ծածկում նրանց ժանյակազարդ վարտիքները:

Մոլչալինը, իր քծնող վարվելակերպով, կամակատարների հասարակության տիպիկ ներկայացուցիչ է, այսօրվա միջին մենեջերների խավի նախատիպը: Նա հայտնվում է բեմում աճուկը կիպ գրկող կարմիր ու սպիտակ զոլավոր տրիկոյով:

Ներկայացման մեջ հանդիսատեսի համար ամենազարմանալին բարձրաշխարհիկ հասարակության բոլոր ասեկոսեները հավաքող ու տարածող Ռեպետիլովի կերպարն է: Նա ներկայացված է միասեռականի անսպասելի կերպարով: Իր թուրքական գլխարկով, հայկական կոշիկներով, վարդագույն գուլպաներով, ժանյակներով ու ծալքազարդերով ծածկված վառ դեղին բաճկոնով նա շոկահարում է հանդիսատեսին իր արտառոց ու կրքոտ վարքով:

Բազմաթիվ շքանշանների արժանացած փորձված զինվորական, գնդապետ Սկալոզուբը հատկապես գրոտեսկային տեսք ունի իր պաշտպանական գույնի համազգեստով, ուսկապով, թիկնոցավրանով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների սաղավարտով, կիրզայե սապոգներով ու առաջաթեք կախված սրով:

Կերպարների ստրկամտությունն ընդգծելու համար ռեժիսորը ստիպում է Սոֆյայի հորը՝ Ֆամուսովին, որը փորձում է ամեն կերպ հաճոյանալ Սկալոզուբին, թասի մեջ լվանալ նրա ոտքերը:

Ռեժիսորն ու դերասաններն ասում են, որ իրենց համար կարևոր է միայն Գրիբոյեդովի պիեսի այս նոր բեմադրության հանդիսականի ընկալումը:

Դեռահաս հանդիսականների արձագանքը բավականին աղմկոտ է, և այդ աղմուկն ավելի է բարձրանում բաց տեսարանների ժամանակ, երբ, օրինակ՝ Ֆամուսովը սկսում է ձեռք գցել իր սպասուհուն:

Երևանի թիվ 25 դպրոցի մաթեմատիկայի 43-ամյա ուսուցչուհի Օքսանա Օվանեսովան ներկայացման է բերել իր 14-ամյա 9-րդ դասարանցիներին: Նրա կարծիքով ներկայացումը չափից ավելի ժամանակակից ու բաց է:

«Եթե ես իմանայի, թե ինչ է կատարվելու բեմի վրա, իմ աշակերտներին այստեղ չէի բերի», ասում է նա:

Իսկ Արմավիրի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի աշակերտուհի 14-ամյա Անի Սաֆարյանին ներկայացումը շատ է դուր եկել, հատկապես Չացկին:

44-ամյա գործազուրկ իրավաբան Մաթևոս Մարտիրոսյանը նշում է դերասանների շատ լավ խաղը՝ ավելացնելով. «Գրիգորյանի մեկնաբանությունը լիովին համապատասխանում է մեր օրերին»:

Թատերագետ Մարգարիտա Յախոնտովան Գրիգորյանի բեմադրությունը համարում է պիեսի համարձակ և արտասովոր մեկնաբանություն:

Տասնիններորդ դարի բարձրաշխարհիկ օրիորդները միանգամայն տարբեր էին բեմ ելած օրիորդներից

«Ռեժիսորի նորարարական հնարքների շնորհիվ պիեսի հանգույցը սրվել է: Ընդհանուր առմամբ այն իր հնչողությամբ վառ երիտասարդական ներկայացում է», ասում է նա:

«Դասականները հավերժ են ու միշտ գրավիչ են հանդիսականի համար, սակայն ընթերցման համարձակությունը պետք է արդարացված լինի բեմադրության որակով ու համոզչությամբ», նշում է Յախոնտովան:

Գրիբոյեդովն ավարտել է պիեսը 1823 թվականին և առաջին անգամ տպագրության է ներկայացրել Սանկտ Պետերբուրգում, սակայն գրաքննիչը մերժել է այն: Թեև շրջանառության մեջ կային պիեսի առանձին օրինակներ, առաջին հրատարակությունը լույս է տեսել միայն 1833 թվականին, հեղինակի մահից չորս տարի անց:

Դրամատուրգը մահացել է սարսափելի մահով. նա ուղարկվել է Պարսկաստան որպես Ռուսաստանի լիազոր նախարար և Ռուսաստանի դասպանության աշխատակիցների հետ զոհ է գնացել Թեհրանում հայ և վրացի գերիների դեմ բռնկված ցույցերի ու խժդժությունների ընթացքում:

Գրիբոյեդովը զոհվել է 1829 թվականի փետրվարի 11-ին դեսպանատան վրա ամբոխի գրոհի ժամանակ: Նրա մարմինը երեք օր գտնվել է ամբոխի ձեռքում և այնպիսի վիճակում է եղել, որ այն հնարավոր է եղել ճանաչել միայն մենամարտի ժամանակ ստացած ձեռքի վերքի սպիով: Գրիբոյեդովի մարմինը տեղափոխվել է Թբիլիսի և թաղվել է Սուրբ Դավթի վանքում, որտեղ նրա այրին հուշարձան է կանգնեցրել:


According to Agnes
 

  Inside
 

War Talk: Rhetoric sharpens but renewed conflict with Azerbaijan seen as unlikely

Full story

 
 

Counted In: Census reports final conclusions on Armenia 's population

Full story

 
 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Coming Soon. New Armenian Church in Russian Capital.

A new Armenian church will soon open in Moscow. During his visit to Moscow Catholicos of All Armenians Garegin II expressed his approval of the course of constructions.This is how Surb Khach (Saint Cross) church will look when completed.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.