Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցող յոթ հայ շախմատիստներից երեքին հաջողվեց դուրս գալ երրորդ փուլ: Յոթ փուլով անցկացվող առաջնությանը մասնակցում են 128 շախմատիստներ:
 |
Հակոբյան, Արոնյան, Անաստասյան |
Լևոն Արոնյանը (անհատական գործակիցը՝ 2645),
Հայաստանի թիվ
մեկ շախմատիստ
Վլադիմիր Հակոբյանը (2689) և
Աշոտ Անաստասյանը (2587) այն 32
շախմատիստներից
են, ովքեր
հաջողությամբ հաղթահարել են առաջին երկու փուլերը և այժմ պայքարում են 16 հաջողակների հետ չորրորդ փուլ դուրս գալու համար:
Առաջին փուլում Հակոբյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց մեքսիկացի Խոսե Գոնսալես Գարսիային: Երկրորդ փուլում նա նույն հաշվով առավելության հասավ ինդոնեզացի Ուտատ Ադիանտոյի նկատմամբ: Այժմ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ պայքարում Հակոբյանն առջևում է՝ 1:0:
Լևոն Արոնյանն առաջին փուլում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ նորվեգացի Կառլսեն Մագնուսի նկատմամբ (երեք ոչ-ոքի և մեկ հաղթանակ): Երկրորդ փուլում նա հեշտությամբ երկու հաղթանակ տարավ ադրբեջանցի Գադիր Հուսեյնովի նկատմամբ: Երրորդ փուլում Արոնյանը մրցում է ռուսաստանցի Պավել Սմիռնովի հետ: Առայժմ հաշիվը հավասար է՝ 0,5:0,5:
Աշոտ Անաստասյանը նույնպես առանց մեծ դժվարությունների դուրս եկավ երրորդ փուլ: Առաջինում Անաստասյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց չինացի Բու Զյանգժիին: Երկրորդ փուլում նա 2,5:1,5 հաշվով առավելության հասավ հնդիկ Դաս Նելոթպալի նկատմամբ (երեք ոչ-ոքի և մեկ հաղթանակ): Երրորդ փուլի նրա մրցակիցն է Սլովենիան ներկայացնող Ալեքսանդր Բելյավսկին: Առայժմ հաշիվը 0,5:0,5 է: |