Հաճելի է տեսնել, որ Հայաստանի կառավարությունը լրջորեն է վերաբերվում Եվրոպայի Խորհրդի հանձնարարականին մաքրելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր արատավորված ու արյունոտված գործը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ) հայտնել է Հայաստանին, որ Եվրախորհրդին անդամակցելու նախապայմաններից մեկը քաղաքական այլախոհներին կալանելու պրակտիկային վերջ տալն է:
Եվ Հայաստանի իշխանությունները սկսել են գործել:
Լավրենտի Կիրակոսյանի գործը փայլուն նմուշ է, թե ինչպես են նրանք իրականացնում Եվրախորհրդի պահանջները Բաղրամյան պողոտայում:
Խնդիրն այն է, որ նրանք անում են պահանջվածի հակառակը:
Տպավորություն է ստեղծվում, որ Կիրակոսյանի հետ կատարվածը չի տարբերվում այն ամենից, ինչ տեղի էր ունենում Հայաստանում 30 տարի առաջ, երբ կոմունիստական իշխանությունները մեղադրանքներ էին թխում, որպեսզի արդարացնեն այն մարդկանց ձերբակալությունները, ովքեր դեմ էին արտահայտվում Կուսակցությանը:
Մի քանի փաստ պարզաբանման համար
Լավրենտի Կիրակոսյանը Ռոբերտ Քոչարյանի վարչակարգին հակադրվող կուսակցություններից մեկի՝ Ազգային ժողովրդավարական միության ղեկավարներից է:
Ապրիլին Օպերայի շենքի մոտ անցկացված հակակառավարական հանրահավաքի ժամանակ Կիրակոսյանին ձերբակալել և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանք են ներկայացրել: Նրան դատապարտել են 10-օրյա կալանքի:
Ազատ արձակելուց երկու ժամ առաջ ոստիկանությունը խուզարկել է նրա տունը՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ նա տանն ապօրինի զենք է պահել (որը պատկանում էր ենթադրյալ մեղսակիցներին): Խուզարկության ընթացքում զենք չի հայտնաբերվել: Եվ ոստիկանությունը խուզարկել է տունը երկրորդ անգամ: Այս անգամ ոստիկանները գտել են 59 գրամ մարիխուանա, որի համար Կիրակոսյանին դատապարտել են 18 ամսվա ազատազրկման:
Կիրակոսյանը գյուղում հայտնի որպես ակտիվ համայնքային գործիչ, որը նույնիսկ ծխախոտ չի ծխում, ուր մնաց թե՝ թմրանյութ:
Ճիշտ է, սա նրա առաջին ձերբակալությունը չէ (սակայն առաջինը թմրանյութերի շրջանառության մեղադրանքով): Քաղաքական լարվածության մեկ այլ շրջանում՝ 1996 թվականին, նրան բանտ էին նստեցրել մի մեղադրանքով, որը նույնքան սարքված է թվում, որքան ներկա մեղադրանքները:
Մի քանի տեղեկություն ոստիկանների հայտնաբերածի մասին.
1. Թմրանյութը հայտնաբերվել է ջրատաքացուցիչի վրա, որտեղ գտնվող մյուս առարկաները ծածկված են եղել փոշու շերտով, իսկ թմրանյութի տոպրակը փոշոտ չի եղել:
2. Առաջին խուզարկությանը մասնակցել են թմրանյութ հայտնաբերող խուզարկու շներ, որոնք ոչինչ չեն գտել:
3. Ոստիկանությունը հայտնում է, որ լուսանկարել է խուզարկությունը, այդ թվում՝ ապացույցի հայտնաբերումը: Սակայն նաև ասում է, որ ժապավենը վնասվել է, այնպես որ, իրենք լուսանկարներ չունեն:
4. Կիրակոսյանի երկու համագյուղացիների հրավիրել են որպես խուզարկության ընթերակա: Երկուսն էլ ասում են, որ առաջին խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել: Եվ երկուսն էլ ասում են, որ ոստիկանությունը ստիպել է իրենց հաստատելու հակառակը:
Ես Լավրենտի Կիրակոսյանին չեմ ճանաչում: Ոչ էլ կիսում եմ նրա տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է պաշտոնանկ անել:
Սակայն ես գիտեմ, որ այս երկրում ազնիվ մարդկանց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են Քոչարյանի իշխանության ներկայացուցիչների կողմից: Եվ կարծում եմ, որ այդ քաղաքացիներից շատերը կհամաձայնեն, որ իշխանավոր օրինազանցները պարզապես ծիծաղում են Եվրախորհրդի վրա՝ մի մարմնի, որը տարբեր հանձնարարականներ տալով, սարսափելի անօգնականություն է
դրսևորում դրանց կատարումը պարտադրելու հարցում:
Ի վերջո, գործի էությունը հետևյալն է. հեռավոր Ստրասբուրգում նստած ԵԽ ԽՎ-ի աչքից հեռու չարագործները Երևանում կարող են ամեն ինչ այնպես ներկայացնել, թե իբր այստեղ ամեն ինչ կարգին է: «Տեսեք,- կարող են ասել նրանք,- մենք չենք նստեցրել քաղաքական այլախոհի, նստեցրել ենք թմրանյութ տարածողի»:
Լավրենտի Կիրակոսյանին սպառնում է 18 ամսվա ազատազրկում կասկածելի (լավագույն դեպքում) մեղադրանքով: Իսկ հստակ
ձևակերպված ասելիքն այն է, որ եթե իշխանությունները ցանկանան ինչ-որ մեկին նստեցնել, միշտ էլ անելու ձևը կգտնեն: Ճիշտ ինչպես անցյալում:
Եվ քանի դեռ խոսում ենք այս թեմայի մասին
Էդգար Առաքելյանը դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, որովհետև մասնակցել էր մի քաղաքական հանրահավաքի, որը ցրելիս բռնություններ էին արձանագրվել:
Հանրահավաքի մասնակիցներին ցրելու նպատակով ոստիկանները կիրառել էին ջրցան մեքենաներ, պայթուցիկ փաթեթներ, արցունքաբեր գազ և ռետինե մահակներ:
Էդգար Առաքելյանի ունեցածը եղել է հանքային ջրի պլաստիկե շիշ, և երբ ոստիկանները գրոհի են անցել, նա պատասխանել է իր ունեցած զենքով՝ «Ջերմուկի» դատարկ շշով:
Մոտ երեք տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկը ծեծելով մարդ սպանեց սրճարանում: Աղամալ «Կուկու» Հարությունյանին մեղավոր ճանաչեցին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Նա այդպես էլ չտեսավ բանտի պատերը ներսից:
Ոստիկանության հրահրած ծեծկռտուքի ժամանակ պլաստիկե շիշ նետելու դատավճի՞ռը: Տասնութ ամիս:
Սրճարանում մարդուն ծեծելով անզգուշությամբ մահ պատճառելու դատավճի՞ռը: Զրո ամիս:
Տարբերությո՞ւնը: Այդ հարցի մասին պետք է մտածի Եվրախորհուրդը, եթե լրջորեն մտադիր է հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը Հայաստանում:
|