ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 25, 2004




Պաշտոնական դիրքի չարաշահո՞ւմ. կադաստրի մարզային բաժանմունքի ղեկավարը մնում է պաշտոնին՝ չնայած իր դեմ հարուցված քրեական գործին

Պետական պաշտոնյան, որը կասկածվում է հինգ հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում՝ մարդասպանության պարտակման, շարունակում է վարել իր պետական պաշտոնը՝ չնայած անձնական և մասնագիտական կապերին, որոնք կարող են ազդել քրեական գործի քննության վրա:

Դատախազ Արշակյանն ասում է, որ քննությանը խոչընդոտներ չկան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արա Պողոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով՝ խուլիգանություն, յուրացում, պաշտոնական կեղծիք, պաշտոնական դիրքի չարաշահում և հանցագործության պարտակում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում:

Քրեական դատավարական օրենսգրքի 152 հոդվածի համաձայն` դատախազը և նրա համաձայնությամբ քննիչը «իրավունք ունեն ժամանակավոր դադարեցնել պետական ծառայող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի քննությանը»

Իսկ Պողոսյանի գործում նրան ներկայացված մեղադրանքների գլխավոր վկաները նրա ենթականերն են, իսկ նրա դուստրն աշխատում է գործի քննությունը վարող դատախազությունում:

Սակայն Պողոսյանը շարունակում է զբաղեցնել այդ պատասխանատու պաշտոնը:

Գևորգ Կուրղինյանի շահերը պաշտպանող փաստաբանների՝ գլխավոր դատախազությանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված բազմաթիվ բողոքներն առայժմ արդյունք չեն տվել:

«Մինչև նախաքննության ավարտն այդ հարցն իր պատասխանը կստանա: Հնարավոր է, ազատենք աշխատանքից,- ասում է Արմավիրի մարզի դատախազ Իվան Արշակյանը: - Մենք նրան կալանքի տակ չենք վերցրել, քանի որ անմեղության կանխավարկածի հարց կա: Նա չի խոչընդոտում գործով օբյեկտիվ քննություն կատարելուն»:

Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին վիճաբանությունը Արա Պողոսյանի և
Գևորգ Կուրղինյանի միջև, որին Պողոսյանը սեփականության վկայական է տվել, վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում Պողոսյանի քրոջ որդին փորձել է դանակով հարվածել Կուրղինյանին:

Մեկ ժամ հետո Պողոսյանը կազմակերպել է ևս մեկ հանդիպում Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բենզալցակայանի մերձակայքում: Հանդիպմանը ներկա են եղել Պողոսյանն իր կողմնակիցների խմբով և Կուրղինյանն իր երեք ազգականների հետ:

Ծագած վիճաբանության ժամանակ Պողոսյանի քրոջ որդին՝ Արտակ Հակոբյանը, ինքնաձիգից կրակ է բացել՝ սպանելով Գևորգ Կուրղինյանի 18-ամյա որդուն և վիրավորելով նրա եղբոր որդուն:

Սպանության քննությունը վերջերս ավարտվել է, և Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Հակոբյանի դատավարությունը:

Իսկ հանցագործությանը Պողոսյանի մասնակցության գործի նախաքննությունը հավանաբար կավարտվի այսօր:

Կուրղինյանների շահերի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել՝ ճանաչել Պողոսյանին որպես սպանության աջակից և կազմակերպիչ:

«Համատեղելի՞ են արդյոք խուլիգանություն կատարող անձն ու պետական պաշտոնյան»,- հարցնում է Փաստաբանների միջազգային միության անդամ Պետրոսյանը:

Նա պնդում է, որ Պողոսյանը պետք է դատվի իր քրոջ որդու հետ:

«Պողոսյանի դրսևորած վարքագիծն ու ապօրինի գործողություններն են վերջին հաշվով դարձել ծանր հանցագործության՝ սպանության շարժառիթն ու դրդապատճառը,- ասում է Պետրոսյանը: - Ոչ միայն չի լուծվում քրեական գործը մեկ ընդհանուր վարույթում քննելու հարցը, այլև պաշտոնատար անձը շարունակում է մնալ իր զբաղեցրած աթոռին»:

Կուրղինյանը (կանգնած) խոսում է իր սպանված որդու անունից

Տուժող կողմի բողոքներից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործը միավորել է մեկ վարույթում, սակայն ամիսներ հետո, երբ փոխվել է գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, այն դարձյալ բաժանվել է երկու մասի: Տուժողները համոզված են, որ այսպիսով դատախազությունը փորձում է ազատել Պողոսյանին ավելի լուրջ մեղադրանքներից:

«ԱրմենիաՆաուն» մի քանի անգամ փորձեց կապվել Պողոսյանի հետ, սակայն մեզ պատասխանում էին, որ նա «տեղում չէ»: Պողոսյանի և Հակոբյանի շահերը պաշտպանող Վլադիմիր Յավրումյանը նույնպես ասելիք չուներ իր պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքների առնչությամբ:

Մեղադրյալ ճանաչված պաշտոնատար անձին իր պաշտոնում մնալ արգելող օրենքը նպատակ է հետապնդում բացառել ազդեցությունը քննության վրա:

Կուրղինյանը համոզված է, որ իր որդու սպանության հետաքննությունը չի կարող օբյեկտիվորեն իրականացվել, քանի դեռ Պողոսյանը մնում է իր պաշտոնին:

«Արա Պողոսյանի աղջիկն աշխատում է այդ նույն դատախազությունում որպես դատախազի քարտուղար և աշխատակազմի ղեկավար, այնպես որ, նախաքննության գաղտնիության սկզբունքը Պողոսյանի համար չի կարող գործել»,- ասում է Կուրղինյանը:

Գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Աննա Պողոսյանն իսկապես քարտուղար է աշխատում այն դատախազությունում, որը քննում է իր հոր դեմ ուղղված գործը:

«Ես նախապես զգուշացրել եմ, որ նրան հանկարծ թույլ չտան ծանոթանալ կամ տեսնել քննությանը վերաբերող նյութերը,- ասում է դատախազ Արշակյանը: - Այնպես որ, նա չի կարող որևէ ազդեցություն ունենալ քննության ընթացքի վրա»:

Արա Պողոսյանը նաև ազգակցական կապ ունի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
Street Sailing

The Ayas sailing club started its long voyage this week. Over the next two years it will sail “Cilicia” to ancient Armenia trade ports, after being launched from Poti, Georgia. First, though, the ship had to be towed out of Yerevan.

 

 


 
A Byte with...

Aramo


Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.