Հայաստանի երեք շրջաններում 30 կերակրող մայրերի շրջանում կատարված հետազոտությամբ 25-ի կաթի մեջ հայտնաբերվել են ԴեԴեՏե-ի հետքեր:
Տասնամյակներ առաջ առողջապահության խորհրդային մասնագետներն արգելեցին գյուղատնտեսության մեջ մոլախոտերի և վնասատուների դեմ կիրառվող ԴեԴեՏե-ն:
 |
Հետազոտվել է 30 կերակրող մայր |
Ինչպես մի շարք այլ երկրներում, ԽՍՀՄ-ում նույնպես գիտնականները եկան այն եզրակացության, որ այդ ուժեղ թունաքիմիկատը կարող է առաջ բերել ծննդաբերական արատներ, լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ, նպաստել քաղցկեղի առաջացմանը, ազդել նյարդային համակարգի վրա: Այն հատկապես վտանգավոր համարվեց հղի կանանց համար:
Հետազոտությունն սկսվել է անցյալ տարի, և այժմ իրականցվում է դրա երկրորդ փուլը Արարատի, Մասիսի և Ապարանի ծննդատներում: Դրանք գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ թունաքիմիկատներն օգտագործվում են խաղողի և պտղատու այգիների բուժման նպատակով:
«Հետազոտության յուրաքանչյուր փուլում ուսումնասիրում ենք 30 կանանց տարբեր շրջաններից, սակայն Հայաստանում հազարավոր կանայք նման խնդիր ունեն,- ասում է առողջապահության նախարարության Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալբերտ Մայրապետյանը: - Եթե այդ նյութերը հայտնաբերվել են մայրական կաթի մեջ, դա արդեն ցույց է տալիս, որ այդ թունաքիմիկատները շրջանառվում են շրջակա միջավայրում: Թե ինչ բացասական ազդեցություն ունի այդ կաթը նորածինների առողջության վրա, մենք ուսումնասիրելու ենք հետազոտության հաջորդ փուլում»:
«Հաշվի առնելով վտանգը` ԽՍՀՄ տարիներին արգելքը շատ խիստ էր, և ԴեԴեՏե-ն անմիջապես հանվեց կիրառությունից: Սակայն մեր վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք այժմ էլ վտանգ են ներկայացնում մարդկանց համար»:
«Կաթի մեջ ԴեԴեՏե-ի պարունակությունը կարող է բազմաթիվ բացասական հետևանքներ ունենալ երեխաների զարգացման վրա, սկսած մտավոր զարգացման խանգարումներից, մինչև նյարդային և իմունային համակարգերի խանգարումները»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ներկայացուցիչ Լիլյա Սիմոնյանը:
Սիմոնյանի հավաստմամբ` կանայք ենթարկվում են թունաքիմիկատների ազդեցությանը ԴեԴեՏե-ով մշակված այգիներում և դաշտերում աշխատելիս:
Եվ թեև նման դեպքերի թիվն անհանգստացնող է, առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանության բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն ասում է, որ այդ հետազոտությունը դեռևս հիմք չէ մայրերին հորդորելու, որ հրաժարվեն իրենց նորածիններին կրծքով կերակրելուց:
«Մայրական կաթն անփոխարինելի է նորածնի համար, և խելամիտ չէ հրաժարվել երեխաներին բնական ճանապարհով կերակրելուց,- ասում է Սարիբեկյանը: - Մասնագետները պետք է սկսեն գյուղացիներին սովորեցնել ճիշտ օգտագործել թունաքիմիկատները և պարզեն, թե որտեղից է հայտնվել ԴեԴեՏե-ն»:
ԴեԴեՏե-ի վերահայտնվելու մասին տարբեր վարկածներ են առաջադրվում, սակայն ստույգ պատասխանը դեռևս մնում է անորոշ:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ ԴեԴեՏե-ն ժամանակին ոչ թե ոչնչացվել, այլ պահվել է, իսկ որոշ ժամանակ անց կրկին շրջանառության մեջ դրվել:
Մայրապետյանի հավաստմամբ` ԴեԴեՏե-ն մաքսանենգ ճանապարհով ներկրվում է Ադրբեջանից ու Միջին Ասիայից:
«Թեև ԴեԴեՏե-ի օգտագործումն արգելված է, թունաքիմիկատների ներկրումն առհասարակ տնտեսավարող առանձին սուբյեկտների համար ազատ է, և ամբողջովին վերահսկել այս ոլորտն անհնար է»,- ասում է գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության բաժնի վարիչ Գագիկ Մանուչարյանը:
Մասնագետների հավաստմամբ` ԽՍՀՄ տարիներին ամեն ինչ համակարգված էր, վերահսկվում էր թունաքիմիկատների կիրառությունը: Իսկ այսօր գուղացին սեփական հողն ունի, և թունաքիմիկատների կիրառությունը գործնականորեն անվերահսկելի է:
«Մենք արդեն հինգ տարի հետազոտություններ ենք իրականացնում մարզերում և տեղեկատվական աշխատանքներ տանում, թե ինչպես և ինչ քանակությամբ պետք է օգտագործվեն թունաքիմիկատները,- ասում է Սիմոնյանը: - Գյուղացիների իրազեկության մակարդակն այնքան էլ բարձր չէ»:
Մայրապետյանի հավաստմամբ` մայրական կաթում հայտնաբերված ԴեԴեՏե-ն թունաքիմիկատների սխալ օգտագործման միակ վկայությունը չէ:
«Մեր հետազոտությունների արդյունքում արդեն պարզվել է, որ այն տարածաշրջաններում, որտեղ մեծ քանակությամբ թունաքիմիկատներ են կիրառվում, առողջության խնդիրներն անհամեմատ ավելի շատ են, քան, օրինակ, լեռնային շրջաններում, որտեղ թունաքիմիկատներ քիչ են օգտագործում,- ասում է Մայրապետյանը: - Այժմ նախապատրաստական փուլում է մեկ այլ հետազոտություն, որը պետք է պարզի, թե «ռիսկի» գոտում ինչ թիվ են կազմում մեռելածնությունը և շեղումները, և նախնական պատկերն ամենևին էլ հուսադրող չէ»:
|