Ադրբեջանի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում մի քանի ազերի ազգայնականներ, ի նշան բողոքի հայկական պատվիրակության մասնակցության, հունիսի 22-ին գրոհել են հյուրանոցը՝ փորձելով ներխուժել դահլիճ, որտեղ ընթանում էր խորհրդաժողովը:
 |
Նախագահը ելույթ ունեցավ Ստրասբուրգում |
Ադրբեջանից հայ սպաների արտաքսումը պահանջող Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) ակտիվիստները ճեղքել են ոստիկանության արգելապատնեշը, կոտրել «Եվրոպա» հյուրանոցի դռան ապակին, և ներխուժել
խորհրդակցությունների դահլիճ:
«Այս դահլիճում կան հայ սպաներ՝ ագրեսորներ ու ահաբեկիչներ: Ոչ ոք իրավունք չուներ հրավիրելու նրանց Բաքու, և եթե հայերն արժանապատվություն ունեն, պետք է հեռանան Ադրբեջանից»,- հայտարարել է ՂԱԿ-ի անդամներից մեկը:
Ըստ «Բաքու օնլայն» գործակալության, ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 12 մարդու, որոնց թվում՝ ՂԱԿ-ի նախագահին:
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ՂԱԿ-ի մոտ 100 անդամներ անցել են Բաքվի փողոցներով և «Եվրոպա» հյուրանոցի առջևով՝ վանկարկելով «ՆԱՏՕ-ն՝ առանց Հայաստանի» և «Ամո՛թ բանակցողներին»: «Մեր նպատակն է ստիպել հայերին հեռանալ Բաքվից»,- հայտարարել է ակտիվիստներից մեկը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր խոր մտահոգությունն է հայտնել Բաքվի միջադեպի առնչությամբ:
«Մենք կարծում ենք, որ հյուրընկալող երկիրը պետք է պատասխանատու զգա իրեն նման համագործակցության այդ կարգի բարձր միջոցառումը կազմակերպելու և նրա մասնակիցների անվտանգութունն ապահովելու հարցում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Այն նաև արձանագրում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում:
Եռօրյա խորհրդաժողովն անցկացվում է Բաքվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժության շրջանակներում, որը պետք է կայանա Ադրբեջանում աշնանը: Միջոցառմանը մասնակցում են դաշինքի անդամ 10 երկրների և ՆԱՏՕ-ի գործընկեր 11 պետությունների 409 ներկայացուցիչներ:
Երկու հայ սպաներ՝ գնդապետ Մուրադ Իսախանյանը և ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանը, Բաքու են ժամանել Թբիլիսիից հունիսի 21-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համաձայնել է ապահովել նրանց անվտանգությունը:
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «ՆԱՏՕ-ի հետ զարգացող Ադրբեջանի հարաբերությունները չպետք է դարձնել Հայաստանի հետ ունեցած մեր խնդրի պատանդը»: Նաև ասվում է, որ հայ սպաները կարող են «տեսնել Ադրբեջանի նվաճումները և հասկանալ, թե ինչ ճգնաժամի մեջ է իրեն դրել Հայաստանը, ինչ է շահել և կորցրել ժողովուրդը»:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ մուտքի անցագրեր տրամադրել հայ սպաներին: Դեսպան Ռամիզ Հասանովն ասել է, որ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» նախորդ ծրագրերն անցկացվել են Վրաստանում (2002 թ.) և Հայաստանում (2003 թ.), սակայն Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցել Հայաստանում անցկացված ծրագրին:
2004 թվականի հունվարին հայ սպաները փորձեցին մասնակցել Բաքվում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2004» նախապատրաստական կոնֆերանսին, սակայն Ադրբեջան մուտքի թույլտվություն չստացան: Որպես ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ-երկիր՝ Հայաստանը ծրագրին մասնակցող երկրների շարքում էր: «Մենք արեցինք այն, ինչ հրահանգեց մեզ ՆԱՏՕ-ն, քանի որ ՆԱՏՕ-ն էր կազմակերպիչը,- ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - Հակառակ տված խոստումներին՝ ՆԱՏՕ-ն, փաստորեն, չկարողացավ ստիպել Ադրբեջանին ընդունել հայ սպաներին»:
Այս երկուշաբթի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները քննարկելու նպատակով Օսկանյանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ Պրահայում: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, համանախագահների մասնակցությամբ: Հանդիպման մանրամասները չեն հրապարակվել:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չորեքշաբթի օրը Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշեց, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Նախագահն ասաց, որ 1992-1994 թթ. պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից, որը փորձում էր էթնիկ զտումներ անցկացնել տարածաշրջանի հայերի նկատմամբ:
«Ղարաբաղի փաստացի անկախությունը 16 տարեկան է: Այնտեղ արդեն մեծացել է մի սերունդ, որը երկրի այլ կարգավիճակ չի պատկերացնում»,- ասաց նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությանը բանակցային գործընթացին:
|