Երեք տարվա ջանքերից հետո վերջապես հնարավոր դարձավ Երևան հրավիրել աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակին: Հունիսի 29-ին «Քրոնոսը» համերգ կտա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Դեռևս 2001 թվականին Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնը փորձեց Երևան բերել քառյակին: Մի շարք պատճառներով, այդ թվում նաև քառյակի զբաղվածությունը և մտահոգությունը, որ Հայաստանն «անկայուն» տարածաշրջան է, հրավերը չէր ընդունվում:
«Մենք պարզապես չենք կարող հաշվել, թե ինչքան զանազան նամակ ենք ուղարկել քառյակի մենեջերներին` ներկայացնելով Հայաստանը և նրա հարուստ մշակութային ավանդույթները»,- ասում է կենտրոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Միայն 2003 թվականի վերջին դրական պատասխան ստացանք մեր նամակներին. ուղղակի անհավատալի էր թվում, նրանց մենեջեր Ջանեթ Քաուփերթուեյթը գրել էր, որ մեր «վերջին նամակի արդյունքում երաժիշտները կոտրվեցին ու համաձայնեցին գալ Հայաստան»:
Քառյակը հանդես է գալիս հետևյալ կազմով. Դեյվիդ Հերինգթոն` առաջին ջութակ, Ջոն Շչերբա` երկրորդ ջութակ, Հենք Դաթ` ալտ, Ջենիֆեր Քալփ` թավջութակ: Քառյակը հայտնի է իր փորձարարական մոտեցմամբ և ռոք, ջազային ու դասական երաժշտությունները միաձուլելու իր ունակությամբ: Քառյակը ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում 1973 թվականին, արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում` Էդիսոնի երեք մրցանակի (Նիդեռլանդներ), Երաժշտության մեջ Ռոլֆ Շոկի մրցանակի (Շվեդիա) և Գրեմմիի մրցանակի՝ լավագույն կամերային կատարման համար:
Երեքշաբթի օրվա համերգը կանցնի «21-րդ դարի հեռանկարներ»
երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Քառյակի համերգացանկում ընդգրկված են Ալբան Բերգի, Ալֆրեդ Շնիտկեի, Ջորջ Քրամբի, Աստոր Պյացոլայի և այլ կոմպոզիտորների 450-ից ավելի գործեր: 15 տարի առաջ քառյակը ստեղծագործություն էր պատվիրել Ավետ Տերտերյանին, իսկ վերջին մի քանի տարիներին «Քրոնոսի» համար գործեր են գրել կոմպոզիտորներ Աշոտ Զոհրաբյանն ու Տիգրան Թամեզյանը:
Հայաստան հաճախ են հյուրախաղերի գալիս դասական երաժշտության կատարողներ ու նվագավարներ, սակայն միջազգային ճամաչման արժանացած երաժիշտների ելույթները հազվադեպ են:
«Դա մեր մշակութային քաղաքականությունն է` Հայաստան հրավիրել երաժշտական աստղերի,- ասում է Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: - Իհարկե դժվար է. ամեն անգամ 2-3 տարի է պահանջվում բանակցությունները հաջող ավարտին հասցնելու համար, բայց Հայաստանն իր մշակութային ներուժով ու պատմությամբ չի զիջում այն երկրներին, որտեղ աստղերի այցը սովորական երևույթ է»:
Ռոստոմյանի հավաստմամբ` տարեցտարի հեշտանում է աշխարհահռչակ երաժիշտներին «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնին մասնակից դարձնելը, քանի որ ծանոթանալով նախորդ փառատոների մասնակիցների ցանկին, նրանք ավելի հեշտությամբ են համաձայնություն տալիս: Անցյալ տարի փառատոնի շրջանակներում Երևանում հանդես են եկել Լոնդոնի «Սիմֆոնիետա» նվագախումբը և Յուրի Բաշմետը Ռուսաստանից:
«Առավել ներկայանալի կլիներ, եթե փառատոնն անցկացվեր երկրի նախագահի բարձր հովանավորությամբ,- ասում է Ռոստոմյանը: - Ընդհանրապես, աշխարհում նման երաժիշտների մասնակցությամբ փառատոներն անցկացվում են այդպես: Մենք առայժմ նման համաձայնություն չենք ստացել, բայց հույսով սպասում ենք»:
«Արամ Խաչատրյան» համերգասրահը նախատեսված է 1600 հանդիսատեսի համար: Չնայած տոմսերի բարձր գնին` 3000-20000 դրամ, տոմսավաճառը հավաստիացնում է, որ երաժշտասերները բավական ակտիվ են:
|