Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Հայաստանը կհյուրընկալի իր առաջին միջազգային կինոփառատոնը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է մի տարի, երբ ծիրանի բերք գրեթե չի սպասվում, սակայն փառատոնի կազմակերպիչները խոստանում են արգասաբեր մշակութային իրադարձություն:
Հայաստանում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարն արդեն երկար տարիներ պտտվում էր կինոգործիչների մտքում, սակայն այդ համարձակ նախաձեռնությունն իրականացրին կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանն ու կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը:
«Սկզբում մեր այս քայլը խենթություն էր թվում, քանզի նման փառատոն անցկացնելու համար հարկավոր է առնվազն 2,5 մլն դոլար: Այնուամենայնիվ, համատեղ ուժերով ստեղծեցինք մի ծիծաղելի բյուջե՝ 100 հազար դոլար, գտանք մարդկանց, ովքեր հավատացին մեզ, և, ինչպես տեսնում եք, նպատակը իրականություն դարձավ»,- ասում է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի՝ կինոն մշակույթի հիմնական գործիքներից մեկն է, որի միջոցով հնարավոր է աշխարհին ցույց տալ երկրի պատմությունը, մշակույթն ու արվեստը:
«Եթե աշխարհում կար հինգ երկիր, որ միջազգային կինոփառատոն չուներ, մեկը Հայաստանն էր: Դա ծիծաղելի և ամոթալի է»,- ավելացնում է Խաչատրյանը:
Կինոփառատոնին կմասնակցեն 50 կինոգործիչներ 20 երկրներից: Մրցութային 5 անվանակարգում ընդգրկված է 55 ֆիլմ, ևս 30 ֆիլմ կցուցադրվի մրցույթից դուրս:
Մրցույթն անցկացվելու է հետևյալ անվանակարկերով. «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն կամ փորձարարական ֆիլմ» և «Լավագույն ուսանողական ֆիլմ կամ դեբյուտ»:
Ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային հեղինակություն վայելող կինոգործիչներ՝ Կինոմիությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Մասիմո դե Գրանդին (Իտալիա), Ամստերդամի միջազգային փառատոնի տնօրեն Ալլի Դերքսը, Մոսկվայի միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը, շվեդ կինոռեժիսոր Գունար Բերգդալը և այլք:
Փառատոնի ընթացքում կիրականացվի երեք հետահայաց ծրագիր` նվիրված հայկական կինոյին, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 80-ամյակներին: «Երևանյան պրեմիերաներ» խորագրով կցուցադրվեն ռուսական, շվեդական, գերմանական, բուլղարական և իտալական նոր ֆիլմեր:
Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, կգործի նաև մամուլի կենտրոն, որն ամեն օր կկազմակերպի մամլո ասուլիսներ, ինչպես նաև հանդիպումներ կինոգործիչների հետ՝ կինոփառատոնի աշխատանքներն ավելի ամբողջական ներկայացնելու նպատակով։
«Փառատոնի հիմնական նպատակն է Հայաստան բերել արվեստի գործեր, որոնք առաջացնում են մտորելու, փիլիսոփայելու, իսկական արվեստի հետ շփվելու ցանկություն։ Մեր երիտասարդությունը բացի ամերիկյան ֆիլմերից այլ բան չի դիտում, անհրաժեշտ է նոր կինոհանդիսատես դաստիարակել»,- ասում է Խաչատրյանը:
Փառատոնի ֆինանսավորումն ստանձնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:
«Սա Հայաստանը միջազգային մշակութային երկիր դարձնելու առաջին լուրջ հայտն է: Գուցե հենց այս փառատոնը մեր կինոյին ու արվեստին նոր շունչ ու ոգի հաղորդի,- նշում է Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Ազգի դեմքը մշակույթն է, օգնենք, որ չկորցնենք մեր դեմքը»:
|