Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր մեկնարկող աշխարհի անհատական առաջնության 128 մասնակիցների շարքում են նաև յոթ հայ շախմատիստներ: Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին:
Հայաստանը ներկայացնում են հետևյալ շախմատիստները. Վլադիմիր Հակոբյան (անհատական գործակից՝ 2689), Լևոն Արոնյան (գործակից՝ 2645), Ռաֆայել Վահանյան (գործակից՝ 2639), Սմբատ Լպուտյան (գործակից՝ 2634), Գաբրիել Սարգսյան (գործակից՝ 2614), Կարեն Ասրյան (գործակից՝ 2605) և Աշոտ Անաստասյան (գործակից՝ 2587):
Օլիմպիական մրցակարգով անցկացվող յոթ փուլից կազմված մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ 57 երկրներից:
Առաջին փուլում հայ շախմատիստների մրցակիցներն են.
Գաբրիել Սարգսյան Սերգեյ Տիվյակով (Նիդեռլանդներ)
Սմբատ Լպուտյան Մերաբ Գագունաշվիլի (Վրաստան)
Աշոտ Անաստասյան - Բու Զյանգժի (Չինաստան)
Ռաֆայել Վահանյան Ղաիմ Մաղամի Էհսան (Իրան)
Լևոն Արոնյան Կառլսեն Մագնուս (Նորվեգիա)
Կարեն Ասրյան - Եվգենի Ագրեստ (Շվեդիա)
Վլադիմիր Հակոբյան Խոսե Գոնզալես Գարսիա (Մեքսիկա):
Շախմատ (Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար)
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի հայազգի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մրցաշարն: Աշխարհի հավաքականը 18,5:17,5 հաշվով հաղթեց «Տիգրան Պետրոսյան» թիմին:
Վեց հոգուց կազմված պետրոսյանականների թիմը, որը գլխավորում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստ Գարրի Կասպարովը, չկարողացավ առավելության հասնել աշխարհի ուժեղ հավաքականի հանդեպ, որը գլխավորում էր աշխարհի երկրորդ շախմատիստ հնդիկ Վիշվանաթան Անանդը:
«Տիգրան Պետրոսյան» թիմը բաղկացած էր հայկական ծագում կամ հայկական «կապեր» ունեցող շախմատիստներից: Թիմի կազմում էին երեք շախմատիստ Հայաստանից՝ Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը և Ռաֆայել Վահանյանը: Մյուս երեքն ունեին հայկական կապեր. աշխարհի թիվ մեկ շախմատիստ, ռուսաստանցի Գարրի Կասպարովի մայրն է հայ, աշխարհի թիվ չորս շախմատիստ, հունգարացի Պետեր Լեկոյի կինն է հայ, իսկ ՖԻԴԵ-ի գործակիցների աղյուսակում 13-րդ տեղը զբաղեցնող իսրայելցի Բորիս Գելֆանդը Տիգրան Պետրոսյանի ամենահայտնի աշակերտն է:
|