ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 18, 2004




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Փողոցում անծանոթը նայեց արտասովոր արտաքինով անծանոթին, հուսահատ կնճռոտեց դեմքը, հետո իրականացրեց իմ երազանքը. հայը ինձնից ճանապարհ հարցրեց:

Նա՝ տեղացին, խնդրեց ինձ՝ ակնհայտորեն ոչ տեղացուս, օգնել իրեն կողմնորոշվելու այս երկրի մայրաքաղաքում: Եվ խնդրեց հայերեն: Ու ես հասկացա, թե ինչ է ուզում: Վիճակը սկսվում է փոխվել, ես նկատի ունեմ՝ քիչ-քիչ…

«Տերյա՞ն ուզում ես»,- հարցրեցի ես:

«Այո»,- ասաց նա:

«Արի,- ասացի,- այս Թումանյանն է» (լեզվաբանները, անկասկած, կասեն, որ պետք է ասեի «սա»՝ «այս»-ի փոխարեն, բայց, գիտեք, երբ օտարերկրացուց ճանապարհ ես հարցնում, չես ակնկալում, որ քեզ կպատասխանեն տոհմիկ հայերենով):

«Աջ, հետո՝ ձախ»,- ասացի անծանոթին: Իսկական հանճար եմ:

Ամերիկյան արևմուտքի հայտնի պիոներներնեից մեկն ասել է, որ ինքը գլխի է ընկնում, թե արդեն տեղափոխվելու ժամանակն է, երբ ինչ-որ մեկն իրեն այնքան մոտ է հիմնավորվում, որ երևում է նրա օջախից բարձրացող ծուխը: Միգուցե սա էլ այդ ծխի իմ տարբերակն է:

Վերջերս մեկը զանգահարեց խմբագրատուն, որպեսզի զրուցի հետս: Ես վերցրեցի լսափողը, և մի քանի բառ փոխանակելուց հետո զանգահարողը խնդրեց ինձ ներկայանալ: Ներկայացա, և նա ասաց.

«Ա՜խ, այդ դուք եք, ներողություն: Ինձ թվաց, թե տեղացի եք, որը փորձում է անգլերեն խոսել»:

«Դժվար թե դուք դրանից այնքան վշտանաք, որքան ես»,- ասացի ես:

Ինչևէ:

Ես այստեղ եմ արդեն գրեթե չորս տարի, և այդ ընթացքում, մինչև անցյալ շաբաթ, իմ ակնհայտ օտարությունը պատված էր մի տեսակ փառահեղ անանունությամբ: Դե, գիտեք, «ամբոխում կորած լինելու» այդ զգացումը: Բացառությամբ վերջին դեպքի, երբ «կորած» էր նաև ամբոխը: Բայց դա այլ ակնարկի նյութ է:
Մի խոսքով, տարօրինակ զուգադիպությամբ փողոցում ինձ կանգնեցրեց երկրորդ անծանոթը, այս անգամ խմբագրատան մոտ, և ճանապարհ հարցրեց:

Սակայն այս անգամ ես գաղափար չունեի, թե նա ոնց պետք է գնար: Բայց, և սա է, որ անհանգստացնում է ինձ, չկարողացա ինձ ստիպել ասել նրան, որ չգիտեմ: Ես նկատի չունեմ լեզվի պրոբլեմը:

Ես գիտեմ, թե ինչպես պետք է ասել «չգիտեմ», պարզապես չկարողացա դա ասել: Հայի նման:

Այստեղ անցկացրած ժամանակի ընթացքում հայերի մասիներկու բան եմ սովորել. նրանք ներողություն չեն խնդրում և չեն ընդունում, որ ինչ-որ բան կարող են չիմանալ:

Եթե մեկը խանութում ձեզ հրում-անցնում է ու ձեր կոշիկի վրա ալյուր թափում, նա կարող է ներողություն խնդրել, բայց, ներողություն խնդրելով, շարունակում է հրել-անցնել: Մարդիկ այստեղ հիմնականում ներողություն չեն խնդրում (միգուցե դա խորհրդային կոլեկտիվ անտաշության ժառանգությունն է), հատկապես անբարեկրթություն ցուցաբերելիս:

Բացի այդ, հայ տղամարդկանց ծանոթ չէ «չեմ կարող» արտահայտությունը:

Մոտեցեք փողոցի անկյունում կանգնած որևէ տղամարդու և հարցրեք, ասենք, կարո՞ղ է նորոգել ձեր հեռուստացույցը: Կասի, որ կարող է: Այլ պատասխան կնշանակի, որ նա ընդունում է մի բան, որն անկարող է ընդունել, իսկ ամեն մի նման առաջադրանք մարտահրավեր է նրա տղամարդկային արժանապատվությանը: Եվ նա կգա ձեր տուն, կանդամահատի ձեր հեռուստացույցը և, գիտակցելով անխուսափելին, կասի, որ գործարանային խոտան է: Կամ, ավելի շուտ, որ նախորդ վարպետը գործից բան չի հասկացել:

Եվ ես, ինչպես այժմ պարզ է դառնում՝ այս ամենից ազդված, ասացի անցյալ շաբաթ փողոցում ինձ հանդիպած երկրորդ նվազ հաջողակ անծանոթին.

«Աջ, հետո՝ ձախ»:

Նա երևի մինչև հիմա քայլում է փողոցներով՝ աջ, ձախ, աջ…

Ինչպես արդեն ասել եմ, ես չափազանց երկար եմ այստեղ ապրում:

 

According to Agnes
 

  Inside
 

Rumors of Settlement: US Ambassador denies reports of Karabakh proposal

Full story

 
 

Uneasy Talk About Peace: Karabakh and Armenia face different problems advisor says

Full story

 
 

A Byte with...

Anush Arshakyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This Land is Our Land

Non-governmental organizations in Armenia organized a march against deforestation and other ecological catastrophies June 12 in Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.