ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 18, 2004




Դժվար քննարկումներ խաղաղության մասին. խորհրդականի հավաստմամբ՝ Ղարաբաղի և Հայաստանի առջև տարբեր խնդիրներ են ծառացած

ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծվել է նոր իրավիճակ:

Մասնակցելով Երևանում կազմակերպված սեմինարին՝ Մանվել Սարգսյանն ասաց. «Հիմնախնդրի մասին խոսել այնպես, ինչպես մեկ տարի առաջ, ճիշտ չէ»:

Մանվել Սարգսյանը

Սարգսյանը նշեց, որ եթե Մինսկի խումբը հաջողության է հասել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև 10 տարվա ընթացքում զինադադարի պահպանման հարցում, ապա բանակցային ոլորտում լճացում է նկատվում: Խորհրդականի կարծիքով՝ Մինսկի խումբն սպառել է իրեն:

Սարգսյանի հավաստմամբ՝ վերջին տարվա ընթացքում ուժեղացել է Եվրամիության և Եվրախորհրդի հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ, և եվրոպական կառույցների ներկայացուցիչները հակամարտության կարգավորման իրենց մոտեցումներում հենվում են մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա:

Իր կարծիքը Սարգսյանը հայտնեց անցյալ շաբաթ «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» կազմակերպած սեմինարում, որին մասնակցում էին լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և պետական պաշտոնյաներ: Սարգսյանի խոսքերը միանշանակորեն չընդունվեցին ներկաների կողմից, մանավանդ երբ նա Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունն անվանեց «լղոզված»:

Հայտարարելով, որ «Ղարաբաղի հարցը նաև Հայաստանի հարցն է», Սարգսյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղի և Հայաստանի համար իրավիճակներն ու խնդիրները տարբեր են:

«Հայաստանի համար դա իր տարածքից դուրս բնակչության անվտանգության խնդիր է, իսկ Ղարաբաղի համար՝ անկախ պետականության և ինքնորոշման շինարարության գործ,- հայտարարեց Սարգսյանը: - Եթե տարածքային խնդիր է լուծվում, ապա Ադրբեջանի հետ այդ հարցը կարող է լուծել Ղարաբաղը»:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք իր հայտարարությունները ներկայացնում են Ղարաբաղի պաշտոնական տեսակետը, Սարգսյանն ասաց. «Ղարաբաղի պաշտոնական տեսակետը ներկայացնում է ԼՂՀ նախագահը, սակայն իմ արտահայտած մտքերը շատ հեռու չեն դրանից»:

Հայաստանի վարած քաղաքականության մասին Սարգսյանի արտահայտած տեսակետներին կտրուկ արձագանքեցին Հայաստանի քաղաքական գործիչները:

«Ղարաբաղին ու Հայաստանին մենք միշտ վերաբերվել ենք որպես մեկ տարածքի,- ասաց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը,- բայց ձեր հայտարարություններից ստացվում է, որ մենք միայն օգնում ենք Ղարաբաղին: Եթե մենք այդպես մտածեինք, ապա պատերազմում կպարտվեինք»:

Սեմինարի մասնակիցներն այն կարծիքին էին, որ Սարգսյանի հայտարարությունները և ներկաների արձագանքը կարող է առաջ բերել և՛ Ստեփանակերտի, և՛ Երևանի պաշտոնատար անձանց բուռն հակազդեցությունը: Ոմանց կարծիքով՝ խորհրդականի տեսակետներն արտացոլում են Ղարաբաղի և Հայաստանի պառակտման ծիլեր, ինչի մասին ցայսօր միայն խոսում էին մասնավոր զրույցների ընթացքում:

Սարգսյանի ելույթին արձագանքեցին լրագրողներ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ

Պնդելով եվրոպական կառույցների մոտեցումներում առկա փոփոխությունները՝ Սարգսյանը միևնույն ժամանակ ասաց. «Կոնկրետ որևէ ներկայացուցիչ չի մեկնաբանել դրանք, սակայն մենք կարծում ենք, որ կա մի փոփոխություն, որը վերաբերում է կոնֆլիկտի սկզբունքային խնդիրներին»:

Որպես հակամարտության նկատմամբ եվրոպական կառույցների հետաքրքրության մեծացման նշան Սարգսյանը նշեց այս տարվա սկզբին Եվրախորհրդի ներկայացուցիչ Թերի Դեյվիսի այցը Ղարաբաղ:

«Այսպիսով բացվեց ուղիղ կապերի այդ գիծը, և հետաքրքիր էր, որ բոլոր եվրոպական ներկայացուցիչների մոտեցումը նույնն է,- ասաց Սարգսյանը: - Դա Դեյվիսի հայտնի թեզն է, որի մասին նա հայտարարեց Բաքվում, թե իրեն հետաքրքրում են ոչ թե տարածքները, այլ մարդիկ»:

Սարգսյանը նաև նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ղարաբաղյան հարցի կարգավորման կապակցությամբ որևէ առաջարկով հանդես չի եկել: Նրա կարծիքով՝ եվրոպական կառույցների ակտիվացումը համաձայնեցված է Ռուսաստանի հետ:


According to Agnes
 

  Inside
 

Rumors of Settlement: US Ambassador denies reports of Karabakh proposal

Full story

 
 

Uneasy Talk About Peace: Karabakh and Armenia face different problems advisor says

Full story

 
 

A Byte with...

Anush Arshakyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This Land is Our Land

Non-governmental organizations in Armenia organized a march against deforestation and other ecological catastrophies June 12 in Yerevan.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.