ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 18, 2004




Ասեկոսեներ կարգավորման մասին. ԱՄՆ դեսպանը հերքում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների մասին լուրերը

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը պաշտոնապես հերքեց այն լուրերը, թե Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկով:

Հինգշաբթի հայ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը հայտնեց, որ ԵԱՀԿ համանախագահները վերջին քննարկումներից հետո ոչ մի ստույգ առաջարկով հանդես չեն եկել:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, թե հունիսի սկզբին Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպանորդ Սթիվեն Մանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր: Ըստ լրատվամիջոցների՝ այդ ծրագրով նախատեսվում է Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի յոթ շրջաններից երեքի վերադարձը նախքան Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններ սկսելը և Հայաստանի շրջափակումը վերացնելը: Մանն այդ կապակցությամբ մեկնաբանություններով հանդես չի եկել:

«Որպես կանոն, իմ իրավասությունների մեջ չի մտնում համանախագահների գործունեությունը մեկնաբանելը,- ասաց դեսպանը: - Այնպես որ, կարծում եմ՝ կարող եմ ասել այդքանը, և ոչ թե խորամուխ լինել բանակցությունների մանրամասների մեջ, ինչն ինձ չի պատշաճում»:

Օրդուեյն իր մտահոգությունն արտահայտեց հայ-ադրբեջանական շփման գծում վերջերս տեղի ուենցած բախումների առիթվ: Փոխհրաձգության ընթացքում Հայաստանի Տավուշի մարզում սպանվել է մի հայ սպա: Երկու կողմերն էլ կրակը հրահրելու մեջ մեղադրում են միմյանց:

Դեսպանն ասաց, որ տեղյակ չէ արտգործնախարար Վարդան Օսկանյանի և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպման մանրամասներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Փոխարենը դեսպանը հույս հայտնեց, որ առաջընթացք կնկատվի հաջորդ շաբաթ Պրահայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում: «Մեր կարծիքով՝ երկու կողմերն էլ վճռական են տրամադրված հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում, և մենք պատրաստ ենք սատարելու նրանց»,- ասաց Օրդուեյը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը կողմ է տևական կարգավորման ցանկացած տարբերակի, որ ընդունելի կլինի երկու կողմերի և միջազգային հանրության համար:

Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հույս ունի, թե մոտակա տարիներին հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միաժամանակ ավելացնելով, որ «Ադրբեջանի ժողովուրդը, անկասկած, հետ կվերադարձնի գրավյալ տարածքները»:

Բաքվի թերթերից մեկը հայտնում է, որ Պրահայի հանդիպման ընթացքում պաշտոնական Բաքուն կառաջարկի ստորագրել վերջնական համաձայնագիր «յոթ տարածքների վերադարձի մասին»: Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովն ասել է, որ տեղյակ չէ Մանի կողմից արված որևէ առաջարկի:

«Եթե անգամ եթե դա ճիշտ է, ադրբեջանական կողմը հայտնել է իր տեսակետը և առաջարկ է անելու ոչ թե երեք, այլ յոթ շրջանների առնչությամբ»,- ասել է Մամեդյարովը:


According to Agnes
 

  Inside
 

Rumors of Settlement: US Ambassador denies reports of Karabakh proposal

Full story

 
 

Uneasy Talk About Peace: Karabakh and Armenia face different problems advisor says

Full story

 
 

A Byte with...

Anush Arshakyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This Land is Our Land

Non-governmental organizations in Armenia organized a march against deforestation and other ecological catastrophies June 12 in Yerevan.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.