ՄԱԿ-ը Երևանում հիմնել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրերի տարաշրջանային իր կենտրոնը (UNAIDS): Երևանյան գրասենյակը կհամակարգի ծրագիրը հարավկովկասյան երեք պետություններում:
|
Ռենատե Էհմերը |
«Տարածաշրջանային այս կենտրոնի ստեղծումն շատ կարևոր է այն պայմաններում, երբ աշխարհում այսօր գրանցվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման բարձր տեմպեր, հատկապես երբ կա միգրացիոն մեծ հոսք ԱՊՀ ամբողջ տարածքում»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մամուլի քարտուղար Սուսաննա Թոքմաջյանը:
Տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը UNAIDS-ի Հարավային Կովկասի երկրների պատասխանատու Ռենատե Էհմերի և Հայաստանի կառավարության միջև երկարատև բանակցությունների արդյունք է:
«Այս հարցը երկար ժամանակ քննարկել ենք Ժնևում: Ի վերջո անցյալ տարի որոշվեց, որ կենտրոնը գործելու է Երևանում: Հայաստանի կառավարությունը շատ ակտիվ էր այս հարցում: Այն ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված խնդիրները օրակարգի հարց է դարձրել»,- ասում է Էհմերը:
Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում գրանցված է 271, իսկ Վրաստանում՝ 500 ՄԻԱՎ վարակակիր, սակայն իրական թվերը տասն անգամ ավելի են (Ադրբեջանի մասին Էհմերը տվյալներ չուներ):
«Այնտեղ (Ադրբեջանում) պատկերն ընդհանրապես աղոտ է: Արվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հետ կապված առաջին քայլերը: Անգամ չունեն հիվանդների գրանցման համապատասխան մեխանիզմ, և հնարավոր չէ իմանալ վարակակիրների թիվը»,- ասում է Էհմերը:
UNAIDS-ի տարածաշրջանային պատասխանատուն պատրաստվում է հետազոտություններ անցկացնելու նպատակով մոտակա ամիսներին մեկնել Ադրբեջան: Կուսումնասիրվեն ռիսկի խմբերը և կճշտվի վարակակիրների մոտավոր թվաքանակը:
Հայաստանի կառավարությունը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ազգային ծրագիր: Այդ ծրագրի իրականացմանն աջակցում է «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի գլոբալ հիմնադրամը»:
Ըստ Էհմերի՝ հաջորդ հինգ տարվա ընթացքում «Գլոբալ հիմնադրամը» Հայաստանին կտրամադրի 7,2 մլն դոլար: Գումարը կփոխանցվի ըստ փուլերի: Այս տարի հատկացվել է 1 միլիոն:
Հիմնադրամի տրամադրած գումարների մի մասը կծախսվի դեղամիջոցներ ձեռքբերելու համար, որոնք տեղ են գտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցում: Էհմերը նաև նշեց, որ Հայաստանում որոշ մարդիկ բուժում են ստանում «Արմենիկումով»:
«Սակայն, որքան գիտեմ, «Արմենիկումը» միջազգայնորեն ընդունված դեղամիջոց չէ, և միջազգային ճանաչման արժանանալու համար պետք նրանով բուժումներ անցկացվեն նաև Հայաստանի սահմաններից դուրս»,-ասում է Էհմերը:
|