Տիգրանը 6 տարեկան է, հասակը դեռ քանդակագործի սեղանին չի հասնում, աշխատելու համար աթոռակի վրա է կանգնում:
«Հիմա առյուծ եմ քանդակում»,- ասում է նա: «Ո՞վ է ցույց տալիս, թե ինչպես քանդակես» հարցին պատասխանում է. «Ես եմ հորինում»:
|
Քանդակագործը |
Միշտ կենդանիներ է քանդակում, առաջինը ձի էր: Չի հիշում, թե որքան ժամանակ է հաճախում քանդակի դասարան, օրական քանի ժամ է աշխատում, սակայն վստահեցնում է, որ չի հոգնում:
«Երբ մեծանամ, քարի վրա եմ աշխատելու»,- ասում է Տիգրանը: Նա նաև նկարում է և հաճախում շախմատի դասարան:
Նորքի հայորդյաց տանը, որտեղ 1300 երեխա է հաճախում դպրոցի դասերից հետո, գործում է 11 տարբեր «մասնագիտությունների» 49 դասարան: Ծրագրի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Տարեկան 7000-12000 դրամ վճարելով՝ երեխաները հաճախում են դեկորատիվ-կիրառական արվեստի, մարզական, երաժշտական, լեզվի ուսուցման, համակարգչային, կրկեսի և պարի դասարաններ:
Խորհրդային կարգերի օրոք ներկայիս հայորդյաց տունը բազմաթիվ պիոներ-պալատներից մեկն էր, որտեղ դպրոցականների համար գործում էին արվեստի ու մարզական խմբակներ: ԽՍՀՄ փլուզման հետ քայքայվեց նաև պիոներական համակարգը: Սակայն 1993 թվականին ՀԲԸՄ-ի և Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ այդ կենտրոններից մի քանիսը վերաբացվեցին եկեղեցու հովանու ներքո և վերանվանվեցին հայորդյաց տներ:
Նորքի հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանն ասում է, որ սկզբում դժվարանում էին, տեղյակ չէին եկեղեցու գործունեությանը:
Սակայն Անդրեասյանի հավաստմամբ՝ այդ տարակուսանքներն արդեն փարատվել են՝ ավելացնելով, որ սաներին չեն պարտադրում մասնակցելու հոգևոր խմբակի դասերին:
«Հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը նպաստում են մեր ազգային նկարագրի ձևավորմանը,- ասում է Անդրեասյանը: - Դա միայն Աստվածաշունչ չէ, դա նաև մեր ապրելակերպն է»:
|
Սաները սովորում են նաև գորգ գործել |
Տիկնիկային թատրոնի դասարանում երեխաները սովորում են տիկնիկներ պատրաստել, իսկ հետո այդ տիկնիկներով մասնակցում են սովորաբար հոգևոր թեմաներով ներկայացումներին:
Դեկորատիվ-կիրառական արվեստի դասարաններում ուսուցումը երեք տարի է, երաժշտական, պարի դասարաններում` հինգ: Հայորդյաց տունն ունի հինգ համույթ, որոնցից յուրաքանչյուրն ամեն ուսումնական տարվա ընթացքում պատրաստում է 1-2 ժամանոց համերգային ծրագիր:
Ուսումնական տարվա ընթացքում բոլոր դասարաններում երկու քննաշրջան կա. ստուգարք՝ հունվարին և քննություն՝ մայիսին: Եթե երեխան թերանում է, ղեկավարությունը նրան առաջարկում է տեղափոխվել այլ դասարան:
«Երբեմն երեխաների ֆիզիկական կառուցվածքը փոխվում է, մենք բավարարվում ենք նրանով, որ գեղագիտական կրթություն ենք տվել նրանց»,- ասում է հայորդյաց տան տնօրենը:
Հայորդյաց տանն առավել ժողովրդականություն են վայելում երգի-պարի և երաժշտական խմբակները:
Անդրեասյանի հավաստմամբ՝ դա մասամբ բացատրվում է նրանով, որ մասնավոր երաժշտական դպրոցները թանկ են, շատ ընտանիքների մատչելի չեն:
|
Մուրճ և արվեստ |
Անցյալ տարի հայորդյաց տան շրջանավարտներից չորսն առանց լրացուցիչ պարապմունքների ընդունվել են կոնսերվատորիա: «Դա մեր աշխատանքի արդյունավետության գնահատականն է»,- ասում է Անդրեասյանը:
Կրկեսի դպրոցում երեխաները սովորում են ակրոբատիկա, խորեոգրաֆիա, դերասանի վարպետություն և ձեռնածություն: Մարզիչ Արմեն Ավետիսյանը տրտնջում է, որ այսօր երեխաները շատ են նրբացել:
«Ծնողները մոռանում են, որ սա սպորտ է, այն էլ` շատ դաժան,- ասում է նա: - Մեկ օրվա հանգստից հետո հաջորդ օրը նրանց քրտնաջան աշխատանք է սպասում, այլապես արդյունքի չեն հասնի»:
Հայորդյաց տան կրկեսի դպրոցի սաները մասնակցել են միջազգային փառատոների: 2002 թվականին 11-ամյա Անի Գաբրիելյանը և 15-ամյա Աննա Խաչատրյանը Բրյանսկում (Ռուսաստան) արժանացել են ոսկե մեդալի:
Հայորդյաց տան հաջողությունները բացատրվում են նաև նրանով, որ լավագույն շրջանավարտները դառնում են հաջորդ սերունդների դաստիարակը:
Վերջին տասնամյակի ընթացքում շուրջ 15000 երեխա է մասնակցել հայորդյաց տան կազմակերպած ծրագրերին, որոնք պահպանում են դեռ խորհրդային տարիներին սկիզբ առած և հայ եկեղեցու շարունակած ավանդույթները՝ կրթելով մատաղ սերնդի միտքը, մարմինը և ոգին:
|