ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 18, 2004




Լսող սարքերով սենյակներից մինչև ժպիտով սպասարակում. «Արմենիա» հյուրանոցը պաշտոնապես դառնում է «Արմենիա-Մարիոտ»

Այս շաբաթ կայացած բացման շքեղ արարողությունից հետո «Արմենիա» հյուրանոցը պաշտոնապես գրանցվեց հյուրանոցային միջազգային ցանցի քարտեզում` պետական հյուրանոցի իր նախկին անվանն ավելացնելով «Մարիոտ» մասնիկը:
«Մարիոտ-Արմենիան»

Երկուշաբթի օրվա արարողությունը հինգ տարվա վերակառուցման աշխատանքների գագաթնակետն էր, որը հնարավոր դարձավ մի խումբ սփյուռքահայերի ներդրումների շնորհիվ և որի արդյունքը դարձավ միջազգային կարգի հյուրանոցի ծնունդը Հայաստանում:

«Մեր ամբողջ աշխատակազմի և հյուրերի համար սա շատ հուզիչ պահ է,- ասաց «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատրին Հենցելը: - Ամբողջ Հայաստանում միջազգային ցանցին պատկանող այս միակ հյուրանոցը ստեղծվել է մի հնացած հյուրանոցի հիմքի վրա` վերածվելով «Մարիոտի» ամենագեղեցիկ ու ամենաժամանակակից հյուրանոցներից մեկին»:

Հյուրանոցի բացման և օրհնության արարողությանը ներկա էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այդ արարողություններին հաջորդեց «Մարիոտ» ընկերության դրոշի հանձնումը նորաբաց հյուրանոցին:

«Արմենիա-Մարիոտը» Հայաստանի ամենամեծ հյուրանոցն է: Այն ունի 226 սենյակ, որոնցից 178-ը լյուքս համարներ են, 37-ը` բարձրակարգ համարներ, 11-ը՝ առանձնահամարներ: Գները տատանվում են 170-ից 1000 դոլարի սահմաններում: Հյուրանոցն ունի չորս ռեստորան, բարեր, սրճարաններ, խանութներ, մարզասրահ և 1165 քմ տարածքով հանդիսությունների սրահ:

Հյուրանոցի սեփականատեր «ԷյՔեյ դիվելոփմենթը» հավաստիացնում է, որ «Արմենիա-Մարիոտը» համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին` ինչպես ցանկացած «Մարիոտ» հյուրանոց աշխարհի որևէ
երկրում:

«Սա ամերիկյան խոշորագույն և երկրորդ ամենախոշոր արտասահմանյան ուղղակի ներդրումն է Հայաստանում,- ասաց «ԷյՔեյ դիվելոփմենթի» բաժնետեր-տնօրեն Փոլ Քորյանը: - Մենք շատ հպարտ ենք, որ կարողացանք լիովին կատարել մեր պարտավորությունը մեր հայրենի Հայաստանի հանդեպ»:

«Արմենիա-Մարիոտը» Երևանի Հանրապետության հրապարակը երիզող շինություններից մեկն է: Այն կառուցվել է 1950 թվականին և սկսել է գործել որպես հյուրանոց 1958 թվականից: Խորհրդային տարիներին «Արմենիան» արտասահմանյան հյուրերի համար նախատեսված Երևանի գլխավոր հյուրանոցն էր և բարձրաստիճան հյուրերի մեծ մասը հանգրվանում էր այնտեղ:

Գասպարյաններն այլևս շշուկով չեն խոսի

1997 թվականին Հայաստանի կառավարությունը դիմեց «Մերիլ Լինչ» ընկերության օգնությանը հյուրանոցի սեփականաշնորհման տենդեր անցկացնելու համար: Սփյուռքահայ գործարարներին պատկանող «ԷյՔեյ դիվելոփմենթ» ընկերությունը ձեռք բերեց հյուրանոցը 10,4 մլն դոլարով և ներդրեց 42 մլն դոլար այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Հետագայում հյուրանոցն ամբողջովին վերակառուցվեց: Սենյակները կրկնակի մեծացվեցին, իսկ աշխատակազմը կրկնակի կրճատվեց: Մնաց մոտ 200 աշխատող, որոնց մեծ մասը վերապատրաստում անցավ այն երկրներում, որտեղ «Մարիոտը» հյուրանոցներ ունի:

Թեև խորհրդային տարիներին «Արմենիան» հանրապետության լավագույն հյուրանոցն էր, այն չէր կարող բավարարել ժամանակակից Հաայաստանի բիզնեսի ու զբոսաշրջության պահանջները: Հյուրանոցի նոր կառավարիչների հավաստմամբ՝ վերակառուցման ընթացքում մասնաշենքերից մեկում հայտնաբերվել է մի ամբողջ գաղտնի հարկ՝ 1,5 մետր բարձրությամբ առաստաղով (հիշեցնում է «Լինել Ջոն Մալկովիչը» ֆիլմը), որը խորհրդային ժամանակներում ՊԱԿ-ի գործակալներն օգտագործել են հյուրանոցի սենյակներում լսող սարքերի աշխատանքը վերահսկելու համար:

Մինչև 1990-ականների վերջը հյուրերը հանձնում էին իրենց սենյակների բանալիները «հարկի հերթապահներին», որոնք կային բոլոր հարկերում, և որոնց պարտականությունն էր հավաքել և բաժանել այդ հարկի սենյակների բանալիները: Խորհրդային տարիներին հարկի հերթապահների պարտականությունն էր նաև տեղեկացնել ՊԱԿ-ի գործակալներին հյուրերի ելումուտի մասին:

Հոլանդահայ Օվսաննա և Աշոտ Գասպարյանները Խորհրդային Միության օրոք հաճախ են այցելել Հայաստան և իջևանել «Արմենիա» հյուրանոցում:

«Մենք գիտեինք, որ հյուրանոցի համարներում լսող սարքեր կան, և այդ պատճառով երբեք ազատ ու բարձրաձայն չէինք խոսում»,- ասում է Օվսաննան:

Գասպարյաններն ասում են, որ այդ հիշողություններն այժմ իրենց ժպիտն են առաջացնում, բայց այն ժամանակ, երբ ցանկանում էին հաղորդակցվել հյուրանոցի սենյակում, ստիպված էին շշնջալ միմյանց ականջին կամ էլ գրել ասելիքը:

«Գիտեինք նաև, որ մեր ճամպրուկները մինչև սենյակ բերելը ստուգում են,- ասում է Աշոտը,- և այդ ամենը շատ տհաճ էր դարձնում այստեղ մնալը»:

Կարինե Ենգոյանը միակն է 40 «հարկի հերթապահներից», որ մնացել է հյուրանոցում սեփականաշնորհումից ու վերանվանումից հետո: 40-ամյա Ենգոյանն այժմ տնտեսուհիների վարիչն է:

Ռուբենը

«Անձամբ ինձ ՊԱԿ-ը երբեք չի դիմել, բայց լսել եմ, որ հարկի որոշ հերթապահներ համագործակցում էին ՊԱԿ-ի գործակալների հետ,- ասում է Ենգոյանը: - Այժմ հարկի հերթապահի պաշտոնը տարօրինակ է թվում, բայց խորհրդային տարիներին, երբ չկար կարգին սպասարկում, հարկի հերթապահներն օգնում էին հյուրերին. բացատրում էինք ուր գնալ, ինչպես գնալ, մի խոսքով՝ նրանց զբոսավարն էինք»:

«Արմենիա» հյուրանոցի մեկ այլ վետերան՝ Ալլա Զմուլյուկովան, 25 տարի աշխատել է հյուրանոցի կադրերի բաժնում: Զմուլյուկովան աշխատել է նաև «Ինտուրիստում», որը Խորհրդային Միության օրոք զբաղվում էր տուրիզմի կազմակերպմամբ:

««Արմենիա» հյուրանոցը՝ չնայած սպասարկման ցածր մակարդակին, լավագույնն էր Երևանում: Բայց դա աշխատակիցների մեղքը չէր, պարզապես զբոսաշրջությունը խորհրդային տարիներին զարգացած չէր»,- ասում է նա:

Հյուրանոցում, որի աշխատակիցները ժամանակին լրտեսում էին իրենց հյուրերին, այսօր ամեն ինչ փոխվել է. «Արմենիա-Մարիոտի» աշխատակիցները սովորել են ժպիտով դիմավորել հյուրերին:

Ռուբեն Քերոբյանը կարծում է, որ ինքը «Արմենիա-Մարիոտի» «դեմքերից» մեկն է. արդեն 12 տարի նա է բացում հյուրանոցի դուռը:

«Դռնապանին հյուրերը տեսնում են իրենց սենյակը տեսնելուց առաջ,- ասում է նա,- և ինչպիսի տրամադրություն էլ ունենաս՝ լավ, թե վատ, դռնապանը հյուրանոցի դեմքն է, և նրա տեսքը պետք է համապատասխանի հյուրանոցի վարկանիշին»:


According to Agnes
 

  Inside
 

Rumors of Settlement: US Ambassador denies reports of Karabakh proposal

Full story

 
 

Uneasy Talk About Peace: Karabakh and Armenia face different problems advisor says

Full story

 
 

A Byte with...

Anush Arshakyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

This Land is Our Land

Non-governmental organizations in Armenia organized a march against deforestation and other ecological catastrophies June 12 in Yerevan.

 

 




Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.