«Երկիր և մշակույթ» կազմակերպության (ԵՄԿ) գրասենյակում անսովոր անդորր է: ԵՄԿ-ի աշխատակցուհի Ռուբինա Մարկոսյանը ցույց է տալիս վերջին 14 տարիներին Հայաստան այցելած կամավորների գրառումները:
|
Սատարում են հայրենիքին |
«Ամառ, 2003 թվական, Շուշի, օր երկրորդ, հիվանդանոցի ճանապարհին:
Ես ինձ համար եմ եկել այստեղ, հենց ինձ: Այստեղ չկան կաղապարներ, չկան ժամանակներ, հեռացում և վերադարձ: Ես ամբողջովին շարունակություն եմ: Շատ տարբեր մարդիկ փորձում, ջանում են նույն լեզվով խոսել: Հիմա ես ափերով ու մատներով եմ զգում երջանկությունը»,- գրում է նրանցից մեկը:
Այս տարի լրանում է 15 տարին, ինչ ԵՄԿ-ն իրականացնում է ծրագրեր, որոնք միավորում են Սփյուռքը և Հայաստանը՝ առաքելության վերածելով կամավորների ամառային արձակուրդը:
«Երկրաշարժը պատճառ եղավ, որ ԵՄԿ-ն մտնի Հայաստան, մինչ այդ խորհրդային իշխանություններն արգելում էին,- ասում է Հայաստանի ԵՄԿ-ի նախագահ, վիրաբույժ Գևորգ Յաղջյանը: - Աղետից հետո սփյուռքահայ կամավորներին վերջապես թույլ տվեցին օգնել հայրենիքին»:
1989 թվականի ամռանը ԵՄԿ-ն 40 կամավոր բերեց Սպիտակից ոչ հեռու գտնվող Գոգարան գյուղ, որտեղ նրանք ձեռնամուխ եղան փլատակների մաքրման և վերականգնման աշխատանքներին:
«ԵՄԿ-ն առաջինն էր, որ սփյուռքահայ կամավորներին Հայաստան բերելով՝ ցույց էր տալիս ոչ թե գեղեցիկ Երևանն իր հյուրանոցներով ու ռեստորաններով, այլ երկիրն իր գյուղերով, հողերով ու եկեղեցիներով,- ասում է Յաղջյանը: - Մարդիկ կապվում էին մինչ այդ իրենց անծանոթ հայրենի երկրի հետ՝ հասկանալով նրա հոգսերն ու կարիքները»:
Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Րաֆֆի Նիզիպլյանը բացատրում է կազմակերպության անվանումը:
«Այս բառերը հավատք են խորհրդանշում: Միայն հայրենի հողի վրա կարող է զարգանալ ազգային մշակույթը: Ոչ մի մշակույթ երկար չի գոյատևի, եթե իր հողում արմատներ չունի»,- ասում է նա:
|
Արմատներ՝ հողում և տանիքներ՝ տների վրա |
15 տարվա ընթացքում ԵՄԿ-ի ջանքերով 600-700 կամավոր է իր աշխատանքային ամառն անցկացրել Հայաստանում:
Այդ տարիներին ԵՄԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր. վերականգնել է դպրոցներ ու եկեղեցիներ, կառուցել տներ փախստականների համար և մրգերի արևային չորանոցներ, նորոգել է մշակույթի տուն, մանկապարտեզ, հիվանդանոց: Վերջին 7 տարում ԵՄԿ-ն ծրագրեր է իրականացնում նաև Արցախում:
Այս տարի 40 կամավոր կայցելի Ղարաբաղ և Վարդենիս:
Նիզիպլյանի հավաստմամբ՝ այս տարվա ծրագրում Վարդենիսի շրջանի Շատվանի դպրոցի նորոգումն է: Բացի այդ, կամավորները կաշխատեն (արդեն չորրորդ տարին) Շուշիի հիվանդանոցում և ամբողջովին կվերականգնեն վիրաբուժական բաժանմունքը:
Նիզիպլյանն ասում է, որ Ղարաբաղում իրենց արդեն լավ են ճանաչում:
«Քարին Տակում այնքան եմ եղել, որ ինձ քարինտակցի եմ համարում»,- ասում է նա:
ԵՄԿ-ն աշխատել է գյուղի եկեղեցու վերականգնման վրա: Աշխատանքներին մասնակցել է նաև Նիզիպլյանի կինը՝ Լարան: Երկու տարի անց նույն եկեղեցում կնքել են իրենց երեխային:
«Դա մեզ համար մեծ երջանկություն էր»,- ասում է Նիզիպլյանը:
Րաֆֆին և Լարան այն կամավորներից են, որոնք ԵՄԿ-ի ծրագրերով եկել են Հայաստան և հիմնավորվել այստեղ:
|
ԵՄԿ-ի կամավորներն այս ամառ կնորոգեն Շատվանի դպրոցը |
«Նրանք սկսում են այստեղ աշխատել՝ ներդրում անելով հայրենի երկրում, իրականացնելով իրենց սեփական ծրագրերը, նաև համագործակցելով ԵՄԿ-ի հետ: Մարդիկ մնում են այստեղ՝ չնայած դժվարություններին»,- ասում է Յաղջյանը:
«Գաֆեսճյան» հիմնադրամի հանրային կապերի և միջոցառումների տնօրեն Մադլեն Մինասյանը նրանցից մեկն է: Առաջին անգամ ԱՄՆ-ից Հայաստան է եկել 1996 թվականին որպես կամավոր:
«Առաջին իսկ պահից զգացի, որ տան եմ, և իմ ապագան պետք է այստեղ լինի: Զանգահարեցի տուն ու ասացի, որ չեմ վերադառնա,- ասում է նա: - Ծնողներս խնդրեցին՝ գոնե վերադառնամ, ուսումս ավարտեմ և նոր հետ դառնամ»:
Մինասյանը Հայաստան տեղափոխվեց 2001 թվականին: ԵՄԿ-ի կամավորից նա դարձավ Հայաստանի ամենաակտիվ մարդասիրական կազմակերպություններից մեկի հանրային կապերի բաժնի տնօրենը:
«ԵՄԿ-ն հնարավորություն է տալիս սփյուռքահայերին ծանոթանալու մի հրաշք երկրի հետ, որը հետո դառնում է նրանց հոգու մի մասը»,- ասում է Մինասյանը:
ԵՄԿ-ն հիմնադրվել է 1977 թվականին Ֆրանսիայում: Կազմակերպության նպատակներից է նաև մշակութային արժեքների պահպանումը պատմական Հայաստանում: ԵՄԿ-ի առաջին կամավորները մասնակցել են վերականգնման աշխատանքներին Իրանում և Սիրիայում:
Կամավորներն իրենք են վճարում են իրենց բոլոր ծախսերի համար, իսկ ԵՄԿ-ն գոյատևում է Սփյուռքի դրամահավաքների շնորհիվ:
|