Այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Հայաստանը «Մերձավոր Արևելք», «Կենտրոնական Ասիա», թե «Եվրասիա» է, հնարավոր է գտնել ամեն օր ժամը 12-ին կամ 18:30-ին:
Եթե արաբական թեմաներով «Կլոն» հեռուստասերիալի ժողովրդականությունը կարելի է չափանիշ համարել, ապա Հայաստանը խելագարվում է Արևելքի համար:
Երևանում սերիալն ազդում է նորաձևության, երաժշտության և, թերևս, ճաշաժամերի վրա:
«Կլոնը» բրազիլական հեռուստասերիալ է, որի գործողությունները ծավալվում են1980-ականների Մարոկկոյում: Ֆիլմը պատմում է բրազիլացի տղայի և արաբ աղջկա սիրո, կլոնավորված տղայի, արևելյան ու արևմտյան բարոյականության ու բարքերի տարբերությունների, Արևելքի գունագեղ կենցաղի մասին, որն ուղեկցվում է արաբական պորտապարերով ու Ղուրանի պատմություններով: Սրանք են այն հիմնական թեմաները, որոնցով համեմված սերալը շաբաթը հինգ անգամ (տասը, եթե հաշվենք նաև առավոտյան կրկնությունները) 45-ական րոպե գամում է հայ հեռուստադիտողի ուշադրությունը միայն այն բանի վրա, ինչ կատարվում է Լուկասի, Ջեյդի, Սաիդի, Քեռի Ալիի, Լաթիֆայի և այլոց հետ:
Սերիալը, որն այժմ ցուցադրվում է աշխարհի 20 երկրներում, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտնվեց 2004 թվականի փետրվարին: Սերիալի հայերեն թարգմանիչ Վահե Մխիթարյանի հավաստմամբ («Կլոնը» պորտուգալերեն է)` այն դիտում է Հայաստանի սերիալների սիրահար հեռուստադիտողների 80 տոկոսը:
«Այն դիտելիս պետք է հոգեպես ամուր լինել մահմեդականությամբ չհրապուրվելու և արևելյան սովորույթներով չգայթակղվելու համար,- ասում է Մխիթարյանն ու կատակում,- սակայն կարծես թե դա բոլորին չէ, որ հաջողվում է. մենք էլ կիսով չափ մահմեդական ենք դարձել»:
Դա լիովին գոհացնում է հայաստանյան առևտրականներին. տոնավաճառներում արաբական «ստրկության մատանիներն» ու այլ զարդերը, ինչպես նաև արաբական երաժշտությամբ ձայներիզները ամենամեծ պահանջարկն են վայելում:
Երևանյան որոշ բակերում երեխաները ողջունում են միմյանց «սալամ ալեյքում» և «ալեյքում սալամ» արտահայտություններով` ճիշտ ինչպես սերիալում: Երեխաներից ոմանք էլ փորձում են պորտապար պարել` նմանակելով սերիալի հերոսուհիներին:
Դերձակներն էլ են զգում «կլոնամոլության» ազդեցությունը:
«Յուրաքանչյուր սերիալի ժամանակ մենք միշտ էլ ֆիլմի հերոսների հանդերձանքի նման հագուստի պատվերներ ենք ստանում,- ասում է դերձակուհի Նեկտար Բագրատունյանը: - Փառք աստծո, դեռևս չադրայի պատվեր չեմ ստացել, սակայն տոնավաճառների մանեկենների վրա արդեն հայտնվել են չադրաներով հագուստներ: Իսկ մենք ստանում ենք երկար արևելյան ոճի զգեստների պատվերներ, որոնք կարվում են նուրբ ու փայլփլուն գործվածքից»:
Ուրեմն, ի՞նչ, հայ աղջիկներն արդեն տարվում են արաբական հովերո՞վ:
«Եթե նախկին սերիալների ցուցադրության ժամանակ աղջիկները փորձում էին նմանակել բրազիլացի հերոսուհիներին իրենց գանգուր սանրվածքներով, ապա այս հեռուստասերիալից հետո մարդիկ փորձում են նմանակել ամեն ինչ՝ հագուստից ու զարդերից մինչև պարերն ու խոսքը,- ասում է 16-ամյա Մանուշակ Սողոմոնյանը, որն արաբական զարդեր է կրում: - Ես էլ եմ ուզում նրանց նման լինել»:
Առավել ժողովրդականություն վայելող զարդերից է «ստրկության» մատանին, որը շղթայով միացված է տարբեր քարերով զարդարված ապարանջանին:
«Վճարիր 1500-3000 դրամ և դու նման կլինես Ջեյդին (սերիալի գլխավոր հերոսուհուն)»,-հավատացնում են վաճառողները:
Նույնպիսի ժողովրդականություն է վայելում և երաժշտությունը
«Մենք չենք հասցնում նույնիսկ սեղանին դասավորել «Կլոն» ֆիլմի երաժշտության ձայներիզները: Ամեն վաճառող օրը ամենաքիչը 50 ձայներիզ է վաճառում, ինչը նախկինում կարող էր անհնար թվալ»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառում ձայներիզների վաճառքով զբաղվող Արմենը:
«Մենք շատ գոհ ենք հեռուստասերիալը ցուցադրողներից, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն ենք ստացել կարգին փող աշխատելու,- ասում է նա: - Նման բան ես չեմ հիշում: Ժողովուրդը կարծես հիպնոսացված լինի, ընդ որում` առանց տարիքային սահմանափակման»:
23-ամյա Շաքե Գալստյանն ասում է, որ սերիալը ծանոթացնում է հեռուստադիտողին արաբական մշակույթին:
«Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է ներկայացվում, որ անընդհատ ուզում ես լսել Ղուրանի պատմություններն ու ծանոթանալ մահմեդական աշխարհի բարքերին»,- ասում է Շաքեն:
«Դա քարոզչություն է,- ասում է Ս.Սարգիս եկեղեցու քահանա տեր Շահե Հայրապետյանը: - Այն կոնկրետ մեր կրոնի ու հավատքի դեմ ֆիլմ է»:
Միգուցե, բայց այն շաբաթը տասն անգամ բարեխղճորեն հրամցնում են հեռուստատեսությամբ, ինչպես նաև հայաստանյան տոնավաճառներում:
|