Հաջորդ շաբաթ իր վաղուց սպասված նավարկությունը կսկսի «Կիլիկիա» առագաստանավը: Տասնմեկ երկար ու ձիգ տարիների ընթացքում կառուցված նավը ջուր կիջեցվի Վրաստանի Փոթի նավահանգստում, որը մոտ 650 կիլոմետր հեռու է Սևանից, որտեղ այն առաջին փորձարկումն է անցել երկու տարի առաջ:
|
Նախապատրաստվում են մեծ նավարկության
|
«Կիլիկիան» իր 14 հոգիանոց անձնակազմով նավարկելու է Սև և Միջերկրական ծովերով, Ատլանտյան օվկիանոսով դեպի ճանապարհորդության վերջնակետը՝ Ամստերդամ քաղաքը։
Հայկական նավ կառուցելու խենթ գաղափարը (ներկայումս ծով չունեցող Հայաստանում) իրականացրել են «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամները: Սկզբում նրանք վերականգնեցին 13-րդ դարի հայկական նավի մանրակերտը: Միջնադարյան Կիլիկիայում կար «Այաս» կոչվող նավահանգիստ-քաղաք և հայկական ռազմական առագաստանավ, որտեղից էլ գալիս է ակումբի անվանումը:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը (www.ayasclub.com) ստեղծվել է 1985 թվականին: Ակումբի անդամները Մատենադարանում պահվող ձեռագրերից տեղեկություններ էին հավաքում միջնադարյան հայկական նավագնացության մասին:
Այդպես էլ ծնվեց հայկական առևտրական առագաստանավերից մեկի պատճենն ստեղծելու գաղափարը:
Ակումբի հիմնադրումից վեց տարի անց՝ 1991-ին, դրվեց «Կիլիկիայի» առաջին գերանը։ Նորանկախ Հայաստանի դժվարին տարիներն էին, ոչ լավագույն ժամանակ անիրական երազանքների համար, սակայն «Այաս» ակումբը չհրաժարվեց իր ծովային երազանքից:
Տասնմեկ տարի անց պատրաստ էր 20 մ երկարությամբ, 5 մ լայնությամբ, կաղնու և սոճու փայտանյութից կառուցված «Կիլիկիան»։
«Սա մեր խենթության ու երազանքի արգասիքն է, որը մեր ձեռքով ու քրտինքով ենք կյանքի կոչել»,- ասում է ակումբի անդամ Արեգ Նազարյանը:
Նավը կառուցված է միջնադարյան նավաշինության տեխնոլոգիաներով: Ատաղձագործներն ու կոնստրուկտորները միջոցներ են գտել հրաժարվելու ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից: Նավի փայտամածը պատված է հատուկ խեժով, որի բաղադրությունն ակումբի անդամները գետլ են Մատենադարանի ձեռագրերում: Այն հիմնականում բաղկացած է ծառի խեժից, տավարի յուղից, ծծումբից և մրից:
Միջնադարյան ավանդույթները պահպանված են նաև մյուս առումներով. նավաստիների հանդերձանքը և նույնիսկ ճաշացանկը համապատասխանելու են այն ժամանակվա պահանջներին։ Ակումբի անդամ Կարեն Դանիելյանի խոսքերով՝ ճաշացանկում բացակայելու են նույնիսկ լոլիկն ու կարտոֆիլը, քանի որ դրանք հայտնի չէին կիլիկիացիներին:
|
Նավարկությունը Միջերկրական ծովով դժվար կլինի |
Նավի խոհարար Հովհաննես Օհանյանը, ակումբի անդամ դառնալուց ի վեր, ուսումնասիրում է հին հայկական և միջերկրածովյան ժողովուրդների ծովային խոհանոցները, մթերքի պահածոյացման հիմնական եղանակները։ Անձնակազմն իր հետ վերցնելու է ձուկ, տհալ (ղավուրմա), ընդեղեն, սուջուխ, բաստուրմա և գինի։
«Արդեն մոռացված ուտեստներից է, օրինակ, սելոն, որը միջնադարում հայերի, ասորիների, արաբների կողմից շատ սիրված մածուկ է՝ պատրաստված ընկույզով, թզով, մեղրով, ձեթով, ալյուրով»,- ասում է Օհանյանը:
Նավագնացության ընթացքում օգտվելու են միջնադարյան սարքավորումներից՝ կողմնացույց, ժամանակաչափ, աստրոլաբ, որոնց միջոցով նավաստիները կողմնորոշվում էին ըստ աստղերի դիրքի:
Ըստ ակումբի անդամ Արեգ Նազարյանի, թեև նավը միջնադարյան է, բայց անձնակազմը պարտավոր է ապահովված լինել անվտանգության միջազգային օրենքներին համապատասխան տեխնիկայով:
«Փորձարկումը՝ փորձարկում,- ասում է նա,- սակայն վտանգի դեպքում անպայման արդի միջոցների կդիմենք»։
Նավարկության ժամանակահատվածը նույնպես ընտրվել է ըստ «միջնադարյան չվացուցակի»: Նավարկության առաջին մասն ավարտվելու է ոչ ուշ, քան սեպտեմբերի վերջին, քանզի անցյալում ծովայինները ձմռանը չէին նավարկում: Նավը կձմեռի Վենետիկում, իսկ նավաստիները կվերադառնան Հայաստան: 2005 թվականի մայիսին նրանք կշարունակեն ճամփորդությունը մինչև Ամստերդամ։
|
Նավը կառուցելու համար պահանջվեց 11 տարի |
Պատմական փորձարկման մասնակիցները տարբեր մասնագիտության մարդիկ են՝ երաժիշտ, ինժեներ, բժիշկ, կապավոր, ռեժիսոր, օպերատոր: Տարբեր է նաև անձնակազմի անդամների տարիքը՝ 20-60: Բոլորը նաև նավաստի են, բացի գրող և հրապարակախոս Զորի Բալայանից, որը նավարկության որոշ հատվածներում կմիանա անձնակազմին:
Նավահանգիստներում «Կիլիկիայի» անձնակազմի անդամները կդառնան ոչ պաշտոնական դիվանագետներ՝ հանդիպելով տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրանց նվերներ հանձնելով:
«Հիմա այնքան զբաղված ու հոգնած ենք, որ չենք էլ հասցնում մտածել, որ շուտով վերջապես ծով դուրս կգանք,- ասում է Նազարյանը: - Բայց բավական է բարձրացնենք առագաստները և շնչենք ծովային թարմ օդը, և կսկսենք վայելել 12 տարվա ծանր աշխատանքով իրականություն դարձած մեր խենթ երազանքը»:
|