Երևանի Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացված ցուցահանդեսում ներկայացված են 15 երկրների արվեստագետների աշխատանքներ, որոնք փորձում են բացահայտել կնոջ ներաշխարհը արդի մշակույթի տեսանկյունից:
Ֆեդերիկո Ֆելինիի «Կանանց քաղաքը» ֆիլմի անվան նմանությամբ և ասելիքի զուգահեռներով ստեղծված ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունսի 25-ը:
|
Այս ցուցանմուշը ներկայացրել է ուկրաինական «Արաբեսկ» ստուդիան
|
«Կանանց քաղաքը» ցուցահանդեսում կինը ներկայացված է այնքան մեկնաբանություններով, որքան մասնակիցների թիվն է: Եվ դրանց մեծ մասը, որտեղից էլ լինեն դրանց հեղինակները՝ Շվեյցարիայից, Ուկրաինայից, Սլովենիայից թե Ռուսաստանից, կանանց բազմազգ առարկայացման չափազանցված մեկնաբանություններ են:
«Կրիտիկական օրեր» լուսանկարչական շարքում ուկրաինական «Արաբեսկ» թատրոն-ստուդիան ներկայացնում է կնոջը՝ կրծքերը և հեշտոցը միջադիրներով ծածկված՝ ծաղրելով հիգիենայի ապրանքների գովազդում ստեղծված կնոջ կերպարը: Մայա Կոսիրի աշխատանքը ներկայացնում է մի մերկ կնոջ, որը դուրս է եկել լոգասենյակից ու կանգնել մսակտորի վրա՝ խորհրդանշելով, թե տղամարդու երազած կինը մսակտոր է:
«Հասարակությունը կանանց առեղծվածային արարածի տեղ է դրել,- ասում է ցուցահանդեսի համակարգողներից մեկը՝ Արփինե Թոքմաջյանը: - Կարծիք կա, որ կանայք թաքուն աշխարհ ունեն: Կանանց մասին առասպելներ են ստեղծվել, որոնք «Կանանց քաղաքում» փորձել ենք բացահայտել»։
Թոքմաջյանի աշխատանքը առաստաղից կախված երեք օղակներ են՝ 90-60-90 սմ, որոնք համարվում են կնոջ իդեալական չափերը։
Այն կանայք, ովքեր իրենց մարմինը թաքուն են չափում, ցուցահանդեսում դա կարող են բացահայտ անել: Պատից կախված մետրը հրահրում է կանանց չափելու իրենց կուրծքը, իրանն ու կոնքը և տվյալները գրել պատին փակցված թղթին: Քչերն են համապատասխանում իդեալական չափսերին, և նպատակն էլ հենց դա ցույց տալն է:
«Իմն 90-68-80 դուրս եկավ, բայց իմ հաջողություններից չեմ բողոքում»,- ասում է այցելու Ծովինար Չիլինգարյանը։
Սլովենիացի նկարչուհի Դուսա Յեսիհի գործերում ներկայացված է հեշտոցի գրաֆիկական շարք՝ թիթեռնիկի կամ խաղաղության խորհրդանշանի տեսքով:
Շվեյցարացիներ Մարտին Բլումն ու Սիմոնա Ֆուքսը վարդի թերթերով լցոնած ընկույզներով իրար են ծեծում, իսկ հետո նստում դեմ-դիմաց ու սիրով միմյանց ճակատին արյունածոր վերք նկարում, որը խորհրդանշում է տղամարդկանց ու կանանց միջև սիրո և ատելության հարաբերությունները:
Ցուցահանդեսի մասնակիցները նախագծին տեղեկացել և հրավեր են ստացել ինտերնետով։ Ճանապարհածախսի գումարը հայթայթել են սեփական ուժերով։ Համակարգողները 50 դոլար են ծախսել ցուցահանդեսի վրա։
«Մշակույթի նախարարությունը տապակվում է սփյուռքի հետ «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» կարգախոսով,- ասում է Արփինե Թոքմաջյանը: - Մենք ցանկացանք «Կանանց քաղաքը» վերածել միջազգային փառատոնի, որտեղ կնոջ առեղծվածը կբացահայտվի տարբեր ազգերի տեսանկյունից»։
Ուկրաինացի լուսանկարչուհի Ելենա Աֆանասևայի հավաստմամբ՝ իր գործերը Հայաստանում ավելի լավ են հասկանում, քան հայրենիքում: Նա ասում է, որ պարաններով կապկպված կնոջ լուսանկարաշարը կարող է խորհրդանշել Ուկրաինան և Հայաստանը, որոնք երկուսն էլ դարավոր հոգեկան ստրկության մեջ են եղել և ձգտում են ազատվել դրանից:
«Այդ ստրկության մեջ ինչ-որ գեղեցիկ և առինքնող բան կար,- ասում է Աֆանասևան,- այդպես էլ կինը ենթագիտակցորեն ձգտում է ստրկության՝ սոցիալական պատասխանատվությունից խուսափելու համար։ Կնոջ համար հաճախ հաճելի է, երբ իրեն կապկպում են, դարձնում անազատ, և նա հաճույքով տրվում է ենթարկվածությանը»։
Ելենա Աֆանասևայի մտքի շարունակությունն է դառնում Տիգրան Խաչատրյանի ներկայացրած լուսանկարը, որտեղ խաղաղ քնած կնոջ վրա ձեռք է բարձրացրել մի տղամարդ (լուսանկարի հեղինակը): Լուսանկարը մակագրված է. «Վե՛ր կաց, հիմա՛ր, կռվի՛ր քո իրավունքների համար»։
|