Աղջիկն ինձ հարցրեց. «Ի՞նչ եք կարդում»:
Հենց այդպես: Կարծես ամեն մարդ պետք է ինչ-որ բան կարդա:
Ծանոթացել էինք մի երեկույթի ժամանակ, որտեղ իմ երկրում խոսակցության նյութ կարող էր լինել Ջեյ Լոյի (Ջենիֆեր Լոպեսի) և Մարկ Անտոնիի համատեղ կյանքը: Այստեղ նյութը գրականությունն է:
«Ինձ դուր է գալիս Բուկովսկին»,- պատասխանեցի ես:
«Չէ,- ասաց նա,- նկատի ունեմ դասական»:
«Դասակա՞ն,- ասացի ես,- ի՞նչը կարող է ավելի դասական լինել, քան
հետևյալ տողերը. «Սերը մի մշուշ է, որը ցնդում է իրականության առաջին շողից»:
Իմ մեջբերումը նրա վրա տպավորություն չգործեց:
Ես սկսեցի մտածել «դասականների» մասին՝ փորձելով հիշել, թե ինչ պետք է կարդայի 10-րդ դասարանում: Մտովի տնտղեցի վատնած երիտասարդ տարիներիս պահոցը և գտա մի անուն, որը պիտի ինձ փրկեր:
«Սթայնբեք»,- ասացի՝ փորձելով այնպես արտաբերել անունը, որ չզգացվի, որ վստահ չեմ՝ «բե՞ք», թե՞ «բաք»:
Ես բավական գոհ էի ինձնից, որ կարողացա 30-ականների խորքից պեղել այդ անունը: «Իսկ ձեզ ո՞վ է դուր գալիս դասականներից»,- հարցրեցի նրան:
«Հոմերոսը»,- ասաց նա:
Ես ծիծաղեցի՝ կարծելով, որ նա նկատի ունի Հոմեր Սիմփսոնին (ես նույնիսկ կարող էի ասել նրա սիրած բացականչությունը՝ «դո»-ն):
Հոմերոս, մ.թ.ա. 8-րդ դար:
Ես մեծացել եմ մի քաղաքում, որտեղ Հոմերը երկու հանրահայտ կատակերգակ երգիչներից մեկն էր:
Հոմերն ու Ջեթրոն՝ բանվորական արտահագուստով ու գլխարկներով, գեղջկական երգեր էին երգում ու ձեռք առնում հարավային նահանգների գեղջուկներին, որոնցից մեկն էլ ես էի:
Հնարավոր է, որ ամերիկյան հանրակրթական դպրոցը, որով անցել եմ և ես, անդրադարձել է իմ ընկերուհու կարդացած Հոմերոսին: Բայց եթե անգամ ես կարդացել եմ «Իլիականն» ու «Ոդիսականը», ամենայն հավանականությամբ, դա եղել է Քլիֆի հրատարակությունը՝ ամերիկյան ամենահայտնի պարզեցված տարբերակը, որն առնչվում է գրականությանն այնքան, որքան նկարչական գլուխկոտրուկները՝ Միքելանջելոյին:
Այդ խոսակցությունը եղել է Երևանում հինգ տարի առաջ:
Աղջիկը 27-28 տարեկան էր ու Հոմերոս էր կարդում:
Ես կարդացի այս շաբաթվա հոդվածը Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների մասին և հիշեցի այդ խոսակցությունը: Ես մտածում եմ նման այլ խոսակցությունների մասին, որ ունեցել եմ այստեղ բարեկամներիս հետ, որոնք կրթվել են խորհրդային կրթական համակարգով: Նրանք ինձնից խելոք են: Ոչ միայն, որովհետև ես հետամնաց Ալաբամայից եմ: Որպես կանոն՝ նրանք խոսում են երեք լեզվով և շատ ավելին գիտեն իմ երկրի պատմությունը, քան ես՝ իրենցը:
Այդ դեպքում ինչո՞ւ են այժմ Հայաստանի կրթության պատասխանատուները, որոնք կրթություն են ստացել մի համակարգում, որն ավելի լավն է, քան այն, ինչ իրենք առաջարկում են, պարտավորված են զգում անցնելու մի համակարգի, որը, ըստ ամենայնի, ավելի թույլ է, քան այն համակարգը, որի շնորհիվ իրենք այդքան խելոք են:
Կարծում եմ, պատասխանն այն է, որ այստեղ դեռևս չափազանց շատերն են մտածում. «Եթե դա Արևմուտքից է, ուրեմն մեզ պետք է»: Ավելի ճիշտ՝ «Եթե մեկը մեզ փող տա որևէ բան փոխելու համար, մենք կփոխենք»: Կարծում եմ, պատասխանն այն է, որ չնայած հակառակը վկայող բազմաթիվ ապացույցների՝ այստեղ դեռևս դժվար է համոզել մարդկանց, որ Արևմուտքից եկած ամեն ինչ չէ, որ արժանի է ընդօրինակման:
Հայաստանը ցանկանում է դառնալ ավելի արևմտյան, ավելի եվրոպական: Շատ վատ է, եթե այդ փոփոխությունը կատարվում է ավանդույթների հաշվին, որոնք չի կարելի դեն նետել լոկ սոցիալիզմի ենթադրյալ պիտակի պատճառով:
Համաշխարհային բանկը 45 մլն դոլար է տրամադրում ներդնելու մի համակարգ, որը, ամենայն հավանականությամբ, ավելի վատն է լինելու, քան այն, ինչ կարող էր լինել, եթե կեղտաջրի հետ առողջ երեխային էլ դեն չնետեին: Շատ վատ է, որ այդ գումարը չի կարելի պարզապես բաժանել ուսուցիչներին, որոնք ունեն կրթելու որակավորում, սակայն որոնց պակասում են կամքը կամ եռանդը, որովհետև ցածր աշխատավարձը ստիպում է նրանց երկրորդ աշխատանք փնտրել (և կաշառք վերցնել):
Շատ վատ կլինի, եթե մեկ սերունդ հետո ինձ նմաններն իրենց նույնքան խելոք զգան, որքան նրանք, ում հետ այստեղ ծանոթանում ես երեկույթների ժամանակ:
Ի միջի այլոց, Հոմերոս կարդացող 27-28 տարեկան այն աղջիկը տեղափոխվել է Ամերիկա և լավ վարձատրվող աշխատանք է գտել այնտեղ: Սա նույնպես ինչ-որ բան է հուշում
|