ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 11, 2004




Գոնե առողջ, եթե ոչ հարուստ. կառավարությունը հույս ունի բարձրացնել բնակչության իրազեկությունն առողջապահության ոլորտի իր իրավունքներին

Բնակչության առավել անապահով շերտերին աջակցելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռնարկել է քարոզարշավ առողջապահական հիմնարկներում կոռուպցիայի և անազնիվ բժիշկների դեմ:

Հաջորդ շաբաթից սկսած այցելուները պոլիկլինիկաների և հիվանդանոցների պատերին կգտնեն ոչ միայն ծառայությունների գնացուցակները, այլև տեղեկատվական մեծադիր պաստառներ այն մասին, թե որ ծառայություններից կարելի է անվճար օգտվել:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ՄՆՄԶԳ) երևանյան գրասենյակը հովանավորել է տեղեկատվական պաստառների հրատարակումը, որոնք բաշխվել են Հայաստանի 550 բժշկական հիմնարկներին: Պետպատվերով բուժվելու իրավունք ունեցողների թվում են հաշմանդամները և նրանց մինչև 18 տարեկան զավակները, երկրորդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերանները, Չեռնոբիլի ատոմակայանում փրկարարական աշխատանքների մասնակիցները, մինչև յոթ տարեկան երեխաները, աղքատության մակարդակից ցածր կենսամակարդակ ունեցողները և այլ խմբեր:

«Ցավոք, այսօր այս խմբերին պատկանող մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում օգտվել պետության տրամադրած արտոնություններից,- ասում է պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: - Այլ խոսքով, նրանք տեղյակ չեն, որ պետությունը պարտավորվել է վճարել նրանց բուժման համար, և որոշ բժիշկներ օգտվում են այդ հանգամանքից»:

«Պետության կողմից երաշխավորված բուժսպասարկման», ինչպես և ամբողջ առողջապահության համակարգը Հայաստանում խորհրդային տարիներին զարգացած էր, և ամեն տարի Հայաստանն առողջապահության համար Մոսկվայից ստանում էր մոտ 300 միլիոն դոլար:

Սակայն անկախությանը հաջորդած տարիների տնտեսական ծանր վիճակի պատճառով առողջապահական համակարգն անկում ապրեց, բժշկական ծառայողներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում: Այդ ամենի
հետևանքով համակարգի որոշ աշխատակիցներ մշակեցին անապահով շերտերի համար պետության սահմանած արտոնություններից իրենց օգտվելու ձևեր: Որոշ բժիշկներ փող են վերցնում հիվանդներից՝ խոստանալով առողջապահության նախարարությունից համապատասխան փաստաթղթեր հայթայթել անվճար վիրահատության համար, այնինչ այդ վիրահատություններն անվճար են: Ոմանք փող են կորզում պետությունից կեղծ հիվանդների բուժման համար:

Առողջապահության նախարարության տեղեկատվական բաժնի վարիչ Ռուսլանա Գևորգյանը հավաստիացնում է, որ եթե հիվանդները մեղադրեն որևէ բժշկի կաշառք վերցնելու մեջ և այդ փաստը հաստատվի, ապա նա կարող է զրկվել բժշկի արտոնագրից: Նախարարությունը բողոքների համար բացել է թեժ հեռախոսագիծ՝ 52-15-59:

«Հասարակության իրազեկության մակարդակը բարձրացնելու և մարդկանց իրենց իրավունքները պաշտպանել սովորեցնելու համար ժամանակ է հարկավոր,- ասում է Գևորգյանը: - Որոշ մարդիկ շատ զարմանում են, երբ իմանում են, որ, օրինակ, ծննդաբերությունը ֆինանսավորվում է պետության կողմից, և ընտանիքները պարտավոր չեն վճարել դրա համար: Այժմ մենք ցանկանում ենք ավելի խիստ վերահսկել հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները»:

Ըստ նախարարության տվյալների, ամեն տարի մոտ 150 հազար մարդ բժշկական օգնություն է ստանում պետպատվերի շրջանակներում: Այս տարի պետբյուջեով 18 միլիարդ դրամ է հատկացվել առողջապահությանը: Նախարարության պաշտոնյաների հավաստմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ավելի քան 40 տոկոսով ավելացնել պետպատվերով իրականացվող ծառայությունների ծավալը:

Գևորգյանն ասում է, որ նախարարությունը պարբերաբար պարտադրում է հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրինությանը տեղեկություններ փակցնել անվճար բուժսպասարկման ու բուժօգնության և բնակչության արտոնությունների մասին: Սակայն նման տեղեկություններ դժվար գտնվեն Երևանի 50 հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում:

Բժշկական հաստատությունների մեծ մասում բուժման գները որոշվում են ներքին կարգով, հիվանդի ընտանիքի և բժշկի միջև պայմանավորվածությամբ: Եթե այժմ պետությունը կարողանա պահել իր խոստումը և դառնալ այդ գործընթացի երրորդ մասնակիցը, բազմաթիվ մարդիկ հնարավորություն կստանան օգտվելու որակյալ բուժսպասարկումից, մի բան, որ օրենքը նախատեսում է բոլորի համար, սակայն որից օգտվում են միայն ոմանք:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A Wing and a Prayer

Church officials were on hand Monday to bless construction of a new terminal at Zvartnots International Airport.

 

 


 
A Byte with...

Khoren Abrahamyan

Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.