ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 11, 2004




Նոր դասեր. Հայաստանը պատրաստվում է հիմնովին վերափոխել միջնակարգ կրթության համակարգը

Արդեն մի քանի ամիս է հասարակական քննարկման է դրվել «Կրթության որակի և համապատասխանության ծրագիրը», որը ենթադրում է արմատական փոփոխություններ Հայաստանի հանրակրթական դպրոցներում:

Հանրակրթական դպրոցի 10 տարին կդառնա 12

Պետական նոր կրթակարգի համաձայն, 2006 թվականից հանրապետությու-նում միջնակարգ
կրթությունը սահմանվել է 12 տարի, իսկ երեխաները դպրոց են հաճախելու 6 տարեկանից (ներկայումս գործում է 10-ամյա համակարգ, և երեխաները դպրոց են գնում 6 տարեկանից):

Նոր կրթակարգը մշակել է մրցույթով ընտրված աշխատանքային խումբը, որի անդամների 40 տոկոսն ուսուցիչներ են, մյուսները` բուհերի դասախոսներ, կրթության և գիտության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս կրթակարգի համաձայն, միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվելու է եռաստիճան համակարգով` տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):

Բարեփոխումների ամբողջական ծրագիրը նախատեսում է նաև 40000 ուսուցիչների մեթոդական վերապատրաստում, նոր դասագրքերի հրատարակում, համակարգիչներով ապահովում և գնահատման նոր համակարգի ներմուծում:

Կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանի հավաստմամբ՝ կրթական բարեփոխումների առումով մենք հետ ենք ոչ միայն եվրոպական, այլև ԱՊՀ երկրներից: Ռուսաստանը, Բելառուսը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ արդեն մի քանի տարի է անցել են 12-ամյա կրթական համակարգին:

«Անկախացումից հետո կրթական հստակ ռազմավարություն չենք ունեցել, տարբեր փորձեր են արվել, ծրագրեր են մշակվել՝ ընթացիկ պահից ելնելով: Իսկ այս նոր ծրագիրն ամբողջական է. այն ընդգրկում է ամբողջ գործընթացը՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական կրթություն»,- ասում է նախարարը:

Նա նշում է, որ ծրագրի գլխավոր առավելություններից է այն, որ նոր կրթակարգը հնարավորություն կտա դպրոցի ավարտական քննությունները համատեղելու բուհականի հետ, թեթևացնելու առարկաների ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ մոտ 20 տոկոսով հավելելով նոր առարկաներ։

Ըստ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի՝ ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի հատկացրած 45 մլն դոլար վարկով:

Նոր կրթակարգը բուռն քննարկվում է հասարակության տարբեր շրջաններում: Օրինակ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի կարծիքով, նոր կրթական քաղաքականությունը կհանգեցնի կրթական համակարգի թուլացմանը:

Իսկ 30 տարվա մանկավարժ Անահիտ Սիմոնյանի կարծիքով՝ տարրական դպրոցին չորս տարի հատկացնելու կարիք չկա, քանի որ երեք տարին ավելի քան բավական է նախատեսված նյութը մատուցելու համար:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Գագիկ Մելիքյանի հավաստմամբ՝ առարկությունները նոր կրթակարգի նախագծին սկզբնական շրջանում կապված էին տեղեկատվության պակասի ու թյուր կարծիքների հետ: Թյուրիմացություն էր նաև լայն տարածում գտած այն կարծիքը, թե նոր համակարգով երեխաները պետք է դպրոց հաճախեն հինգ տարեկանից:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Մելիքյանը կողմ է բարեփոխումներին

«Բոլոր այն խոսակցությունները, թե նոր կրթակարգին անցնելու դեպքում երեխաները դպրոց կհաճախեն հինգ տարեկանից, չեն համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս, նախագծում այդ մասին ոչինչ չի ասվում»,- նշում է Մելիքյանը:

Նա պարզաբանում է, որ 5 տարեկանների հարցը շոշափվել է, քանի որ նախատեսվում էր կազմակերպել 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթություն՝ նպատակ ունենալով մանկապարտեզ չհաճախող երեխաներին հասցնել անհրաժեշտ մակարդակի:

«Բոլորը չեն, որ ֆինանսապես ի վիճակի են իրենց երեխային մանկապարտեզ տալ, իսկ արդյունքում երեխան անպատրաստ է դպրոց գալիս»,- ասում է Մելիքյանը:

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այսօր Հայաստանում 5-6 տարեկան երեխաների միայն 18 տոկոսն է հաճախում մանկապարտեզ: Այս բացը լրացնելու նպատակով նոր կրթակարգը նախատեսում է պետական աջակցություն, որի շնորհիվ մանկապարտեզի վերջին տարին կլինի անվճար:

«Դա չի նշանակում, որ մանկապարտեզները կզրկվեն իրենց գլխավոր գործառույթից` երեխային դպրոցին նախապատրաստելուց, ինչպես կարծում են շատերը: Պարզապես, եթե այժմ այդ գործընթացն իրականացվում է համայնքների կողմից, ապա նոր կրթակարգին անցնելու դեպքում կկազմակերպվի կրթության և գիտության նախարարության միջոցներով և վերահսկողությամբ»,- ավելացնում է Մելիքյանը:

Նախագծում մեծ տեղ է հատկացված ուսուցիչների որակավորման, կատարելագործման, վերաորակավորման, ինչպես նաև համակարգչին տիրապետելու խնդիրներին։ Ըստ Մելիքյանի՝ արդեն ստեղծվել է մի խումբ արտերկրում վերապատրաստում անցած 40 դասախոսներից, որոնք կդասավանդեն հանրապետության բոլոր մարզերում գործող Ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի մասնաճյուղերում:

Ստեղծվել է նաև գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն, որն իրականացնելու է դպրոցի ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտական քննությունները, որոնք միաժամանակ կլինեն ընդունելության քննություններ։ Նոր գնահատման մեթոդը, ըստ նախարար Երիցյանի, հնարավորություն կտա կանխելու կոռուպցիան:

Կրթական բարեփոխումների ծրագրի մասին հասարակության կարծիքը պարզաբանելու նպատակով Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը վերջերս հարցում է անցկացրել:

Հարցմանը մասնակցել են Հայաստանի հինգ մարզերի պատահական ընտրված 100 դպրոցների 600 ուսուցիչներ, տնօրեններ, բարձր դասարանցիներ, ծնողներ և 160 փորձագետներ:

Հարցվածների մոտ 65 տոկոսը բավարար չի համարել կրթական փոփոխությունների մասին տրվող լրատվությունը: 47 տոկոսի կարծիքով՝ բարեփոխումների նպատակը կրթական համակարգի որակի բարձրացումն է, 20 տոկոսի կարծիքով՝ մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը, իսկ 6 տոկոսի կարծիքով՝ ուսուցչական կադրերի որակի բարելավումը:

12 տոկոսն այն կարծիքին է, որ բարեփոխումները կհանգեցնեն կրթական համակարգի որակի վատացման: 9 տոկոսի կարծիքով՝ բարեփոխումների հետևանքով կաճի ուսուցիչների գործազրկությունը, իսկ 4,5 տոկոսի կարծիքով՝ կկրճատվի դպրոցների քանակը:

Գրեթե բոլոր հարցվածները համակարծիք էին ուսուցիչների աշխատավարձի հարցում. 92 տոկոսը դժգոհել է աշխատավարձի չափերից և նշել, որ այն չի բավարարում իրենց ընտանիքների կարիքները հոգալուն: Նրանց մեկ երրորդն աշխատանքին զուգահեռ ստիպված զբաղվում է նաև այլ գործունեությամբ:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A Wing and a Prayer

Church officials were on hand Monday to bless construction of a new terminal at Zvartnots International Airport.

 

 


 
A Byte with...

Khoren Abrahamyan

Full story


 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.