Անցյալ շաբաթ օրը մի խումբ երիտասարդներ անցորդների հայացքի տակ քվիլթ (մգդակած վերմակ) էին կարում Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ:
 |
39 կտոր |
Նրանք միմյանց էին կարում 39 կտոր, որոնք խորհրդանշում են ՁԻԱՀ-ի 39 զոհերին՝ շեշտելով այն փաստը, որ ՁԻԱՀ-ը միայն գլոբալ պրոբլեմ չէ, որ կա նաև Հայաստանում: Երիտասարդները հավաքվել էին քվիլթը կարելու այն հույսով, որ այն
այլևս չի մեծանա:
Արդեն 17 տարի է, ինչ «ՁԻԱՀ-ի քվիլթը» շրջում է աշխարհի տարբեր երկրներով: Հայաստանում քվիլթի օրը՝ հունիսի 5-ը, պատահական չէր ընտրված. այդ օրը, 2001 թվականին, առաջին հայ երեխան մահացավ ՁԻԱՀ-ից, որը վերջին քառորդ դարի ընթացքում ամբողջ աշխարհում 31 միլիոն մարդու կյանք է խլել:
«Այսօրվա ակցիայով ուզում ենք բոլորին ցույց տալ, որ ՁԻԱՀ-ի խնդիրը ողջ հասարակությանն է,- ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը: - ՁԻԱՀ-ը սպառնում է ցանկացած մարդու, նույնիսկ երեխաներին»:
Մադոյանի հավաստմամբ՝ Հայաստանում գրանցված է 271 ՄԻԱՎ վարակակիր, իսկ չգրանցվածները մոտ 10 անգամ ավելի են:
«Մենք ուզում ենք մարդկանց ցույց տալ, որ կա նման վարակ, որը սպառնում է յուրաքանչյուրիս,- ասում է կազմակերպության անդամ Արմինե Սաղաթելյանը: - Ոչ ոք ապահովագրված չէ ՁԻԱՀ-ից: Այն կարող է սպառնալ յուրաքանչյուրիս: Ես կցանկանայի, որ քվիլթի մասնիկները չավելանան Հայաստանում»:
Անցյալ շաբաթ օրը կազմակերպված այս ակցիան ՁԻԱՀ-ի զոհերի ընկերների և ազգականների նախաձեռնությունն էր: Միջազգային «ՁԻԱՀ-ի քվիլթը» շահույթ չհետապնդող միջազգային խոշոր ծրագիր է: Ավանդույթի համաձայն, բազմագույն քվիլթը կարում են մահացածների ընտանիքի անդամներն ու ընկերները: Երևանում մեծ ճարտարապետի արձանի մոտ իրականացված ակցիայի ընթացքում նրանց էին միանում նաև պատահական անցորդներ:
«Այս քվիլթը հիշեցնում է պատերազմի դաշտ բազմաթիվ զոհերով, իսկ եթե մարդիկ տեղեկացված լինեն, ավելի պաշտպանված կլինեն»,- ասում է Սաղաթելյանը:
Կազմակերպության մեկ այլ անդամ՝ Արսեն Թորոսյանը նշում է, որ իրենք աշխատում են 50-60 ՄԻԱՎ վարակակիրների հետ, որոնք 25-30 տարեկան են:
«Նրանք քիչ են այն պատճառով, որ նման հիվանդները խուսափում են շփումից: Մենք պահպանում ենք գաղտնիությունը: Աշխատում ենք 2002 թվականից և համագործակցում ենք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ»,- ասում է նա:
 |
Երիտասարդ անցորդները միանում էին կարողներին. |
Թորոսյանն ասում է, որ քվիլթը ներկայացնելով, իրենք ցանկանում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պրոբլեմի վրա հրավիրել այն մարդկանց ուշադրությունը, ովքեր երբեք չեն կարծել, թե դա կարող է իրենց վերաբերել:
«Քանի դեռ համաճարակը շարունակում է կյանքեր խլել ողջ աշխարհում, «Քվիլթը» շարունակում է մեծանալ՝ ծրագրի մեջ ներգրավելով հույս, հիշողություն և տեղեկացվածություն տարածելու ցանկություն ունեցող նոր մարդկանց»,- ասում է Մադոյանը:
Քվիլթի վրա աշխատանքն ավարտելուց հետո այն որոշ ժամանակ ցուցադրվում էր Թամանյանի արձանի մոտ, ապա տեղափոխվեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ:
«Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ քվիլթն այսքան փոքր է,- ասում է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անդամ Կարինե Աթանեսյանը: - Ես տեսել եմ այս նույն միջոցառումն Ուկրաինայում ու զարմացել. դա մի հսկայական ծածկոց էր»:
«Աստված տա, մեզ մոտ այն այսքան էլ մնա»:
|