Մայիսի 25-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղում աճուրդի հանվեցին և վաճառվեցին հողատարածքներ:
Դրանց մեջ էին նաև այն հողատարածքները, որոնք գյուղացիները տարիներ շարունակ մշակել էին:
 |
Աստղիկ Թորոյանն ասում է, որ ոչ ոք չի հիշում իր որդուն |
Անկախացումից անմիջապես հետո Հայաստանում հողը հանձնվեց գյուղացիներին: Որոշ ժամանակ անց հողի հարկ մտցվեց:
Երբ հողատարածքներն աճուրդի հանվեցին, գյուղի բնակիչների մեծ մասը չկարողացավ մասնակցել և հող գնել, որովհետև ի վիճակի չէր վճարելու գինը՝ 1000 քմ հողի համար միջինը 445 դոլար (գումարած 60 դոլար վարչական ծախսերը):
Որոշ գյուղացիներ ստիպված էին մի կերպ հայթայթել իրենց համար հսկայական այդ գումարները. հողը նրանց ապրուստի միակ միջոցն է: Իսկ նրանք, ովքեր չեն կարող գնել այդ հողատարածքները, այսօր երկընտրանքի առջև են հայտնվել:
«10 օրվա ընթացքում պետք է այդ գումարները մուծես: 10 օր էլ տրված է կադաստրում հարցերը կարգավորելուն: Գին են դրել, որ սարսափելի է, ի՞նչ եմ անելու, չգիտեմ»,- մտահոգված ասում է Աստղիկ Թորոյանը:
Թորոյանը պնդում է, որ գյուղապետը գաղտնի վաճառել է իր վարձակալած հողատարածքը, որի համար ինքը երկու տարի հարկ է վճարել:
«Այդ գումարն ինձ հետ չեն վերադարձրել,- ասում է նա,- կտրոնները մինչև հիմա պահում եմ»:
Ինը տարի շարունակ նա բարեխղճորեն վճարել է վարձակալած 5000 քմ հողատարածքի հարկերը:
Այսօր այդ հողատարածքը գնելու համար նրան պետք է 1 միլիոն 247 հազար դրամ՝ գումարած 180 հազար դրամ գրանցման համար:
«Էդ հողն ստիպված եմ առնում: Ես չեմ առնում, որ կալվածք սարքեմ: Չենք կարողանում ապրել: Գյուղացին առանց հողի չի կարող ապրել: Եթե չվճարեմ, իմ ձեռքից հողերը կվերցնեն: Արհամարհված է իմ ապրելու իրավունքը: Ապրելու միջոց չունեմ»,- ասում է 47-ամյա Թորոյանը:
Ինը տարի առաջ Թորոյանների ընտանիքին հատկացված այս հողատարածքները եղել են անմշակ, քար ու տատասկ: Տարիների չարչարանքով ընտանիքը բերրիացել է այդ հողերը, սակայն գյուղում ջրի պակասի պատճառով միայն ցորեն է աճեցնում:
«Տղաս կողքիս լիներ, դու ո՞վ էիր, որ ես քո հույսին մնայի,- ասում է Աստղիկը՝ մտովի դիմելով գյուղապետին: - Սիրտս կոտրված է, ես հավատ չունեմ այս պետության հանդեպ: 3 տարի տվեցին այն մարդուն, ում մեղքով որդիս մահացավ: Ո՞նց հավատաս այս պետությանը»:
Աստղիկի որդին՝ 23-ամյա լեյտենանտ Ահարոն Թորոյանը, 2001 թվականին զոհվել է հայկական բանակում ծառայելիս՝ դժբախտ պատահարից:
«Այս հողերն իմ Ահարոնն է մշակել: Ես հուշեր ունեմ այդ հողերի հետ կապված: Թող չմտածեն, թե իմ տղայի առիթն եմ օգտագործում,- ասում է Թորոյանը: - Պետությունը չի գործում, օրենք չկա: Ինչո՞ւ պետք է իմ երեխան գնա կորի, իսկ ես այսօրվա օրով խեղճանամ: Ոչ ոք հաշվի չի առնում իմ տղային: Անմեղ տեղը երեխաս գնաց կորավ: Ինչո՞ւ այդպես եղավ: Էլի ղեկավարության մեղքով: Այսօր ոչ մեկը չի հիշում իմ տղային»:
Տարիներ առաջ Աստղիկը կորցրել է նաև 13-ամյա դստերը: Այսօր նա ապրում է ուսանող դստեր և որդու հետ: Ամուսինը մի քանի տարի առաջ մեկնել է Ռուսաստան փող վաստակելու, սակայն այնտեղ ծանր հիվանդացել է և դարձել անաշխատունակ:
Աստղիկն ինքն էլ հիվանդ է, երրորդ կարգի հաշմանդամ է: Սակայն նրա սոցիալական ծանր կացությունը, հայրենիքին ծառայելու ընթացքում զոհված որդու հանգամանքը նրա համար որևէ արտոնություն, հողի գնի հարցում որևէ զեղչ չեն նախատեսում:
Գյուղապետն արդեն մերժել է Աստղիկի խնդրանքը՝ օգնել գոնե հարկերը վճարել. «Այդ գումարներով բարեկարգելու ենք գյուղը»,- ասել է նա:
«Թե ի՞նչն են բարեկարգելու, չգիտեմ: Մինչև հիմա որևէ բարեկարգում չենք տեսել, մինչև անգամ առուներով ջուր չի հոսում»,- ասում է Աստղիկը:
«Ես երբեք գյուղապետից օգնություն չեմ խնդրել, բայց նա պետք է հասկանա յուրաքանչյուրի ցավը: Ես չեմ կարող խոսել զոհված որդուս մասին, չեմ կարող արտասանել «զոհված» բառը, որովհետև ինձ թվում է, որ իմ տղան չի զոհվել, մի ուրիշ տեղ է գնացել»:
Հողը չկորցնելու համար Աստղիկը վաճառել է անասունները:
«Այդ անասունով էինք ապրում, էդ էլ վաճառեցինք: Մեկ կովի գինը 300 դոլար է, այն էլ, գիտե՞ս, քանի տարի եմ տանջվել, որ վաճառեմ 300-ով: Կովս 5 տարեկան էր»:
Սակայն անասունի վաճառքից ստացած գումարը չնչին է հողատարածքների գնի համեմատ: Գյուղացիները պարտքով փող ու ոսկեղեն են տվել, որպեսզի բանկում գրավ դնի փողի դիմաց:
«Քրոջս ոսկեղենը վերցրեցի, հարևանուհիս ականջներից ոսկյա ականջօղերը հանեց տվեց: Ի՞նչ անեմ, երեխայիս համար գյուղացիները խաթր են անում»: |