Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությունն ավարտվեց, և ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների անհատական գործակիցների աղյուսակը 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ:
|
Վլադիմիր Հակոբյան |
Աղյուսակում աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել հինգ հայ շախմատիստներ (անցյալ տարի չորսն էին):
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է մնալ լավագույն հայ շախմատիստը: Նա զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը (անցյալ տարի 14-րդն էր) 2692 անհատական գործակցով: Համեմատության համար նշենք, որ առաջին տեղում ընթացող ռուսաստանցի Գարրի Կասպարովի գործակիցը 2817 է:
Երկրորդ լավագույն հայ շախմատիստն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա բարելավել է իր արդյունքը և 2671 գործակցով 44-րդ տեղից բարձրացել 32-րդ տեղ:
Նրան հաջորդում են գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը և Սմբատ Լպուտյանը: Նրանք նույնպես անցյալ տարվա համեմատ, երբ ունեին նույն 2623 գործակիցը, բարելավել են իրենց արդյունքները: Այսօր Վահանյանը 2642 գործակցով զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը, իսկ Լպուտյանը 60-րդն է 2643 գործակցով:
ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների ցուցակ մտած հինգերորդ հայ շախմատիստը Գաբրիել Սարգսյանն է: Նա 88-րդն է 2617 գործակցով:
Հայ շախմատիստուհիները միայն մեկ ներկայացուցիչ ունեն ՖԻԴԵ-ի 50 լավագույն շախմատիստուհիների ցուցակում: Դա Էլինա Դանիելյանն է, որը 2430 գործակցով զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը: |