1960-ականների ամերիկյան վերապրուկներից մեկը, 40 տարի անց, հասավ Հայաստան: Ոչ, ես նկատի չունեմ Շերին: Բայց խոսքս մի պլաստիկ բանի մասին է, որը կոչվում է Փեզ:
Ինձ ուրախացնում են մանր-մունր բաները: Այս շաբաթ Երևանի խանութներում հայտնվեցին այդ փոքրիկ կոնֆետների տուփերը` մի կողմում Դիսնեյի հերոսների նկարները, իսկ մյուսում` ռուսերեն տեղեկություններ արտադրանքի մասին:
|
Change will come through the barrel of a Pez.. |
Ես գնեցի 400 դրամանոց «Տիգրին», խաղողի համով:
Անտեղյակներին ասեմ, որ Փեզը (այդպես է գրվում ցանկացած լեզվով) սպառողականության իսկական խորհրդանիշ է և վիճահարույց էպիկուրյան արժեքի կոնֆետ` փաթեթավորված որպես խաղալիք, որ մագնիսի պես ձգի երեխաներին, արտադրված բյուրավոր տարբեր երգիծական հերոսների ու գերհերոսների պատկերներով: «Հե~յ, երեխեք, հավաքեք դրանք»:
Ինչպես հուլահուփը (օղակ) և ֆրիսբին, շատ ավելի ուշ` Կաղամբի տիկնիկները, Զորեղ ռեյնջերները և Հեռուստացմփորիկները, Փեզը խորհրդանիշ դառնալու ճանապարհին ձևավորեց մի ամբողջ սերունդ: Կան Փեզին նվիրված ամբողջ կայքէջեր: Կան Փեզ հավաքողներ: Կան Փեզի երկրպագուների ընկերակցություններ:
Այժմ Փեզի քարտեզի վրա հայտնվել է նաև Հայաստանը: Հո~ւ-ռա~:
Դա կատարվեց այն օրը, երբ Հանրապետության հրապարակից 100 մետրի վրա իր դռները բացեց մի նոր ռեստորան:
Նոր ռեստորանը, որը գտնվում է թանգարանի բակում անկախացման բուռն օրերից փռված Լենինի արձանից մի երկու քայլի վրա, կոչվում է «CCCP»: Անգլիախոս աշխարհին հայտնեմ, որ դա նշանակում է ԽՍՀՄ: Ռեստորանի լոգոն է մուրճ ու մանգաղը:
Ամերիկյան էժանագին խորհրդանիշ և կոմունիստական օրերի կարոտախտ, որոնք երկուսն էլ կռիվ են տալիս հայկական դրամի համար այս պատմական պահին, որի ականատեսը երջանիկ եմ լինել այս սոցիոլոգիական Պետրիի թաս երկրում:
Փեզի շուկայական ներուժն այս երեխայապաշտ հանրապետությունում` չնայած CCCP-ին, շատ մեծ է: Վերջերս Երևան է եկել նաև «CCCP Sportswear» հագուստների խանութը` խանութի լոգոյով իր տոպրակներով, ինչը շատ մոտ է օրինականության կնիքի մի քաղաքում, որտեղ «Գեփլենդը» իսկական արտադրանքի ծաղրանմանակն է, իսկ «Մաքդաքն» ու «Քուինբերգերը» արդեն հեղինակություն են վայելում:
Երևանում վաճառվող Փեզը պատրաստվում է Սլովենիայում: Իսկ «CCCP Fashion»-ը, եթե իսկականն է, պատրաստվում է Իսպանիայում: Սպառողական Արևմուտքի առաջ դարպասները բացելուց տասնհինգ տարի անց Հայաստանում մշակույթները շարունակում են բախվել, ինչը հաճախ զվարճալի է դիտել (չեմ հիշում, ասե՞լ եմ, որ խանութներից մեկում մի օր «Ալ Պաչինո» ջինս եմ տեսել):
Արդարացի չէ, որ այսպիսի մշակութային ներուժ ունեցող հայերը կարող էին անմասն մնալ «փեզային» երջանկության իրենց բաժնից: Այնպես որ, ես մի առաջարկ ունեմ. ձևափոխել Փեզն այնպես, որ աշխատի արևածաղկի սերմով:
Եթե ծանոթ եք այս երկրին, ապա գիտեք, որ հասարակության առաջ մղող ուժն այստեղ արևածաղկի սերմն է: Մայթերը պատված են միլիարդավոր սերմերի դուրս թքված սև պատիճներով, և այդ արարչության հեղինակն ինքնագոհ հասարակությունն է: Արևածաղկի սերմը դեպի բերան տանող ձեռքի սովորական շարժումը հատուկ է այն մարդկանց, ովքեր բառացիորեն թքում են քաղաքավարության ընդունված նորմերի վրա:
Ես ուսումնասիրել եմ այս հարցը և պարզել, որ Փեզ կոնֆետի և հայկական արևածաղկի սերմի չափսերը համատեղելի են, ինչը հնարավոր է դարձնում այս բազմաֆունկցիոնալ հրաշք-սարքի ստեղծումը: Եթե հայկական հնարամտության մասին պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա հեռու չէ այն օրը, երբ մեզ կհրամցնեն ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի բացվող գլխիկով շշմեցուցիչ Փեզը: Կամ էլ` Փեզի «Մայր Հայաստան» տարբերակը` ազգային արևածաղկի սերմով: Ովքե՞ր կլինեն Փեզի գերհերոսները: Մոռացեք Մարդ-սարդին և Հրաշք-կնոջը: Տվեք ինձ Սասունցի Դավթի շարքը, և ես պատրաստ եմ գնել այն իմ զավակի համար, որ նա սկսի իր հավաքածուն: Եթե ունենայի: Նկատի ունեմ` զավակ: Որը չունեմ: Այլապես, մշակութային ֆենոմենը մի կողմ դրած` կոնֆետ-խաղալիքի հայտնվելը կարող է այդքան ուրախալի չլինել: Անգամ 400 դրամանոց երկլեզու փաթեթի համար: |