ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 9, 2004




Անցյալի վերապրուկնե՞ր. կա՞ն արդյոք քաղաքական բանտարկյալներ այսօր Հայաստանում

Քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների վերջին ձերբակալությունները Հայաստանում մղել են իրավապաշտպաններին զուգահեռներ անցկացնել ներկա իշխանությունների միջոցների և կոմունիստական ժամանակաշրջանի հետապնդումների միջև:

Ընդդիմադիր կուսակցությունները փետրվարից մինչև հունիսի վերջը հանրահավաքներ էին անցկացնում Երևանում` պահանջելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, քանի որ, նրանց հավաստմամբ, Քոչարյանը «գողացել» է անցյալ տարվա ընտրությունների ձայները, և նրա նախագահությունն անօրինական է:

Սուրեն Սուրենյանց

Այդ ժամանակահատվածում տարբեր մեղադրանքներով վարչական կալանքի է ենթարկվել ընդդիմության շուրջ 240 կողմնակից: Իսկ կուսակցությունների 14 անդամների ներկայացվել են ավելի լուրջ մեղադրանքներ` ընդհուպ մինչև իշխանության տապալման փորձ: Թեև նրանց մեծ մասին արդեն ազատ են արձակել (հաճախ զղջման փաստաթուղթ ստորագրելուց հետո), կուսակցության շրջանային ղեկավարներից մեկը` Լավրենտի Կիրակոսյանը, դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման թմրանյութ պահելու մեղադրանքով (տպավորությունն այն է, որ դա «թխված» գործ է` «սարքված» մեղադրանքներով ու «գցված» հանցանշաններով):

Եթե իրավապահ մարմինները գործերի մեծ մասը համարում են քաղաքացիական անհնազանդության դրսևորում, իրավապաշտպաններն ասում են, որ այդ ձերբակալությունները վերադարձ են այն օրերին, երբ հակախորհրդային ելույթների համար մարդուն կարող էին դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման:

«Ոչ մի պետություն՝ ոչ Հյուսիսային Կորեան, ոչ Չինաստանը չեն ընդունում, որ իրենց երկրում քաղաքական բանտարկյալներ կան,- ասում է իրավապաշտպան, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը: - Բոլոր այդ երկրներում քաղբանտարկյալները դատվում են քրեական օրենսգրքով։ Գնահատականը, թե տվյալ դատվածը քաղաքական է, տալիս են դեմոկրատական աշխարհը և հասարակական կազմակերպությունները»։

Խորհրդային քրեական օրենսգրքում կային մի քանի հոդվածներ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեին։ Այլախոհների նկատմամբ կիրառվում էր հանրահայտ 65 հոդվածը` հակասովետական ագիտացիա և պրոպագանդա։ 60-90-ական թվականներին Հայաստանում 65 հոդվածով 95 մարդ դատապարտվել է ազատազրկման։

Հայաստանի անկախացումից հետո 65 հոդվածը վերափոխվեց, և հակասովետական գործունեության մեղադրանքը տեղը զիջեց «Հայաստանի պետական և հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչեր»-ին։ Այս հոդվածով 1995 թվականին խմբագրված հոդվածով ազատազրկման դատապարտվեցին Ազգային ժողովի ներկա պատգամավորներ, Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և Արմեն Ռուստամյանը։ Նրանք երեք տարի անցկացրին ազատազրկման մեջ և ժամկետից շուտ ազատ արձակվեցին 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո:

Անցյալ տարի ընդունված նոր օրենսգրքում 65 հոդվածը դարձավ 301, իսկ սահմանված պատիժը մեղմացվեց. այժմ իշխանությունը բռնությամբ փոխելու կոչ անելու համար նախատեսված է տուգանքից մինչև երեք տարի պատիժ:

Ապրիլին պետական կարգը տապալելու կոչերի մեղադրանքով ձերբակալվեց ընդդիմության երեք ներկայացուցիչ, որոնց երկու ամիս բանտում պահելուց հետո ազատ արձակեցին:

«Հանրապետություն» կուսակցության լրատվական բաժնի ղեկավար և քաղաքական քարտուղար Սուրեն Սուրենյանցը ձերբակալվեց առաջինը։ Նրան մեղադրում էին փետրվարի 28-ին` Սումգայիթի ողբերգության օրը, Երևանի Շենգավիթ համայնքում հանրահավաքում ունեցած ելույթի համար։

Նրան մեղադրում էին երկու հանցանքի մեջ՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ անելու (նա ասել էր՝ «Պետք է այնպես անենք, որ հողն այրվի ռեժիմի ոտքերի տակ») և իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար («Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց բռնություններով ոչնչով չեն տարբերվում ադրբեջանական խուժանից»)։

Կուսակցության ղեկավարներից Վաղարշակ Հարությունյանը որևէ ելույթ չէր ունեցել, սակայն նա նույնպես մեղադրվում էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ անելու համար։

Նախագահի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբան Ժորա Խաչատրյանի կարծիքով` Սուրենյանցի նկատմամբ մեղադրանքները սուբյեկտիվ են, իսկ Հարությունյանի ձերբակալության համար նա ընդհանապես հիմք չի տեսնում:

Վարդան Հարությունյան

«Սուրենի ելույթը գնահատելու հարց է՝ որակե՞լ վիրավորանք, թե՞ ոչ,- ասում է Խաչատրյանը: - Նա այնպիսի արտահայտություններ էր արել, որ ցանկացած ձևով հնարավոր էր մեկնաբանել։ Իմ կարծիքով` նրա ելույթը պարունակում է բռնությամբ տապալելու կոչ և վիրավորանք։ Մարդիկ ելույթների ժամանակ պիտի զուսպ արտահայտվեն»։

Նա համարում է, որ անհրաժեշտ է 301 հոդվածը պահպանել, սակայն կարծում է, որ չարաշահումը և ամեն ելույթ իշխանությունը տապալելու կոչ հայտարարելը դատապարտելի է։

Վարդան Հարությունյանը նույնպես կարծում է, որ իշխանությունը բռնությամբ փոխելու կոչ անելը դատապարտելի է, սակայն ասում է, որ ձերբակալվածներից ոչ ոք նման կոչ չի արել, և Սուրենյանցի խոսքերում էլ նման կոչ չկա:

«Ընդդիմության հանրահավաքներում ոչ ոք չի ասել, թե բռնությամբ պետք է տապալել իշխանությունը։ Սուրենյանցի ելույթում էլ նման բան չկա,- ասում է Հարությունյանը։ - Եղել է միայն իշխանափոխության կոչ, որը սահմանադրական իրավունք է և հանցագործություն չէ»։

Սուրենյանցն ասում է, որ իրեն երբեք ազատ չէին արձակի, եթե ինքը զղջման փաստաթուղթ չստորագրեր:

«Առողջությունս վատ էր՝ սրտի նոպաներ էի ունենում, աչքիս ճնշումը բարձրանում էր։ Լարիսա Ալավերդյանի (հանրապետության նախագահի մարդու իրավունքների պաշտպանը) միջնորդությունը նույնպես դեր խաղաց։ Սակայն այս երկու հանգամանքը դեր չէին խաղա, եթե իմ նկատմամբ զղջման հոդվածը չկիրառվեր»։

Նա ասում է, որ զղջման թուղթ է ստորագրել միայն բանտից ազատվելու համար, իսկ իրականում չի զղջում իր գործունեության համար և շարունակելու է քաղաքական պայքարը:

«Երբ երկիրն անկախ է, ապա վատ իշխանության ժամանակ ոչ թե պետք է բանտում նստել, այլ վատ իշխանությունը փոխել»,- բացատրում է իր զղջումը Սուրենյանցը։

Իսկ Կիրակոսյանի (ԱԺՄ շրջանային ղեկավարի) գործի կապակցությամբ իրավապաշտպանները պնդում են, որ նա, փաստորեն, քաղբանտարկյալ է, քանի որ նրա ձերբակալությունը քաղաքական դրդապատճառ ունի:

Փաստաբան Ժորա Խաչատրյանը, որ ներկա է եղել դատաքննությանը, ասում է, որ նրա գործի մեջ բազմաթիվ ապօրինություններ կան, մասնավորապես` նրա բնակարանը խուզարկելու բավարար հիմքեր չեն եղել, որի արդյունքում հայտնաբերվել է 59 գրամ մարիխուանա:

Սակայն նա չի համարում, որ Կիրակոսյանը քաղաքական բանտարկյալ է:

Ըստ Խաչատրյանի՝ Կիրակոսյանը զոհ է գնացել արդարադատության համակարգի անկատարությանը:

«Եթե որևէ գործ մտել է դատարան, ապա պարտադիր մեղադրական դատավճիռ պետք է կայացվի,- ասում է նա: - Դատարանը խուսափում է արդարացումներից, որ նախաքննական մարմինների թերությունները վեր չհանվեն։

Դատարանն այս դեպքում էլ ոչ թե իշխանության պատվեր է կատարում, այլ գործում է ստեղծված դրվածքով. եթե դատախազությունը գործ է մտցրել, ուրեմն մեղադրական դատավճիռ պետք է լինի։ Դեռևս չունենք արդար դատարան»։

Վարդան Հարությունյանն ասում է, որ քաղաքական գործչին քրեականացնելը Խորհրդային Միության մեթոդներից է.

«Խորհրդային Միության ժամանակներից բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ այլախոհներին դատել են բռնաբարության, խուլիգանության, թմրամոլության մեղադրանքներով։ Հոդվածը որ դրել են, ոչինչ չի նշանակում։ Պետք է պարզել իրական պատճառը, իսկ Լավրենտիին դատելու բուն պատճառը քաղաքական է»։

1980 թվականին Վարդան Հարությունյանն իր չորս համախոհների հետ ստեղծել էր Հայ երիտասարդների միություն ընդհատակյա կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանի անկախությունը։ Կազմակերպության անդամները տարածում էին արգելված գրականություն։ Մեկ տարի անց նրանք ձերբակալվում են և դատվում։ Խմբի անդամներից միայն Հարությունյանն է, որ 65 հոդվածով՝ հակասովետական ագիտացիայի մեղադրանքով է դատվում։ Մյուս երեքը 65-ի հետ ստանում են նաև այլ քրեական հոդվածներ:

«Ես բանակում էի, երբ ինձ բռնեցին։ Եթե Երևանում լինեի, ինձ էլ մի քրեական հոդված կկպցնեին»,- ասում է նա։

Կազմակերպության ղեկավար, հանգուցյալ Մարզպետ Հարությունյանը մեղադրվել էր թմրանյութ տարածելու մեջ, գրեթե նույն մեղադրանքը, ինչի համար դատվել է Կիրակոսյանը:

Ժորա Խաչատրյան

43-ամյա Վարդան Հարութունյանը վերհիշում է դատավարությունը.

«Ձևակերպել էին, որ Մարզպետը չի օգտագործում, այլ տարածում է թմրանյութը։ Դատավորն ասաց՝ դու քո առողջությունը պահպանում ես և երիտասարդներին թունավորելու համար թմրանյութ ես տարածում։ Մարզպետը պատասխանեց՝ պարոն դատավոր, եթե ես ուզենայի թունավորել երիտասարդներին, ապա մարքսիզմ կտարածեի»:

Խմբի մյուս անդամին՝ Սամվել Եղիազարյանին, մեղադրել էին խուլիգանության մեջ, որը նա չէր արել:

«Մի օր թաղայինը էկավ, թե գործ կա, արի,- հիշում է 46-ամյա Եղիազարյանը: - Գնացի ոստիկանություն, ոստիկանն ասեց՝ խուլիգանություն ես արել։ Փողոցում, «Ակվարիում» ռեստորանի մոտ, անցնող-դարձող կանանց հայհոյել ես։ Կարծեցի` թյուրիմացություն է, երդվեցի, որ էդպիսի բան չի եղել։ Հետո ասեցի՝ վկաներ բերեք, պատասխանեց՝ ընդունված չի, որ կանայք ցուցմունք տան»։

Խմբի անդամներից Իշխան Մկրտչյանը 1985 թվականին սպանվել էր բանտում։ Նա դատապարտվել էր ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու և 65 հոդվածը խախտելու համար։ Խմբի հինգերորդ անդամն ազատ էր արձակվել զղջման փաստաթուղթ ստորագրելուց հետո:

Ութ տարի անազատության մեջ անցկացրած Վարդան Հարությունյանն ասում է, որ իրենց պայքարի մաս էր կազմում նաև բանտ նստելը։

«Իհարկե, անհամեմատելի է հիմիկվա Հայաստանը սովետականի հետ։ Այն ժամանակ քաղաքական կամ հասարակական գործունեության ցանկացած ձև արգելված էր,- ասում է Վարդան Հարությունյանը: - Ուղղակի այսօր իշխանության են եկել մարդիկ, որ կրում են սովետական մտածողությունը։ Նրանց մեթոդները նույնն են, հնարավորություններն են սահմանափակ, քանի որ աշխարհը փոխվել է։ Նրանք ի վիճակի չեն իրականացնել իրենց պատկերացումները ամբողջությամբ, սակայն մասնակիորեն դա անում են՝ արգելում են հանրահավաքները, ձերբակալություններ անում»։


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A birthday to remember

"Grand" celebrated his ninth birthday at Yervan Zoo July 7, with cakes and fruits. The youngster is awaiting the arrival of his fiance, "Candy", from India. Need we say that the sponsor of the elephants is the "Grand Candy" company?

 

 


 
 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.