ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 9, 2004




«Վերադարձ հայրենիք». կամավորական նոր կազմակերպությունն օգնում է երիտասարդ սփյուռքահայերին օգնելու Հայաստանին

«Ես ինձ համար բացահայտեցի Հայաստանը: Չնայած շատ քիչ բան գիտեի հորիցս ժառանգած հայրենիքիս մասին, սակայն այստեղ գալով հասկացա, որ սրտիս խոր անկյունում կա մի փոքրիկ Հայաստան` կերտված իմ զգացմունքներից ու տպավորություններից»,- ասում է 23-ամյա ամերիկահայ Գրեյս Յակուբյանը, որն առաջին անգամ Հայաստան է եկել «Դեպի Հայք» կամավորական ծրագրի աջակցությամբ:

Գրեյսը մեկն է այն 40 երիտասարդներից, ովքեր այս տարի իրենց աչքով տեսան Արարատն ու Սևանը, բացահայտեցին իրական Հայաստանը` միաժամանակ երկու ամիս կամավորական աշխատանքներ կատարելով:

40 կամավոր դուրս է եկել «ինքնահայտնաբերման ճանապարհորդության»

«Կազմակերպության հիմնական նպատակն է մեծացնել Հայաստան այցելող երիտասարդների թիվը: Այսօր ունենք անկախ Հայաստան, այլևս ի՞նչը կարող է խոչընդոտել սփյուռքահայ երիտասարդների հայրենիք այցելելուն»,- ասում է «Հայաստան` ծննդյան իրավունքով» կազմակերպության «Դեպի Հայք» ծրագրի գործադիր տնօրեն Լինդա Եպոյանը:

Այս հարցի պատասխանը պարզ դարձավ կազմակերպության անցկացրած հարցման արդյունքում, ըստ որի հայ երիտասարդների մեծ մասը, չնայած բուռն ցանկությանը, դժվարանում է հայրենիք գալ ֆինանսների սղության պատճառով:

«Դեպի Հայք» ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել իրենց հայրենիքը տեսնելու երիտասարդների ցանկությանը, այլև խրախուսել կամավորական ոգին` վճարելով Հայաստան գալու ճանապարհածախսը:

Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի կամավորական ու «Երկիր և մշակույթ» կազմակերպությունները, արդեն վաղուց են իրականացնում իրենց կամավորական ծրագրերը, սակայն այդ ծրագրերով Հայաստան այցելողներն իրենք են միջոցներ հայթայթում ճանապարհորդության համար:

«Մենք որոշեցինք աջակցել այն կազմակերպություններին, որոնք արդեն ունեին երիտասարդական խմբեր Հայաստան բերելու ծրագրեր, վճարելով նրանց մասնակիցների ճանապարհածախսը»,- ասում է Եպոյանը:

Համագործակցելով 7 կազմակերպությունների հետ` Ամերիկայի հայկական համագումար, Հայկական առողջապահական կազմակերպություն, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպություն, Հայաստանի ուսանողական ընկերակցություն, Հայաստանի կամավորական միություն, Հայաստանի երիտասարդական ֆեդերացիա, «Երկիր և մշակույթ» կազմակերպություն, «Հայաստան` ծննդյան իրավունքով» կազմակերպությունն իրագործեց իր ազգանվեր գործը:

Ըստ Եպոյանի` կազմակերպության նպատակն է ամրապնդել կապերը հայրենիքի և Սփյուռքի երիտասարդության միջև` նրանց հնարավորություն ընձեռելով դառնալու Հայաստանի առօրյայի մի մասը և նպաստելու Հայաստանի զարգացմանն իրենց աշխատանքով, կրթությամբ ու կամավորական գործունեությամբ:

Մասնակիցները 18-30 տարեկան երիտասարդներ են, որոնք աշխատում են որպես կամավոր ըստ իրենց կարողությունների ու հետաքրքրությունների:
«Կազմակերպության հիմնական սկզբունքներից մեկը հավատն է, որ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է աջակցեն սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի գործերին ներգրավվելուն` դրսից դիտելու փոխարեն, հնարավորություն ստեղծեն զգալու իրենց որպես երկրի մասը և ոչ թե օտար»,- ասում է Եպոյանը:

Աշխատանքն ընդմիջվում է խմբակային արշավներով

Կամավորներին հնարավորություն է տրվում նաև այցելել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, ինչը, ըստ կազմակերպիչների, ունի շատ կարևոր ուսուցողական նշանակություն: Երիտասարդ կամավորներն արդեն այցելել են Խորվիրապ, Նորավանք, Գոշավանք, Հաղարծին, Հաղպատ, Սանահին և այլ վայրեր:

Հայաստանում իրենց հայրենակիցների առջև ծառացած խնդիրներին, նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով կամավորների համար կազմակերպվում են հանդիպումներ տարբեր հասարակական կազմակերպությունների և պետական պաշտոնյաների հետ:

Մտածել են անգամ կամավորներին հայերեն սովորեցնելու մասին: Կազմակերպության ինտերնետային կայքում (www.birthrightarmenia.org) զետեղված է հայոց լեզվի մատչելի ուսուցման անվճար դասընթաց, որը նախատեսված է ոչ միայն մասնակիցների, այլև ցանկացած մարդու համար, որը պատրաստվում է Հայաստան գալ:

Դասընթացն սկսվում է Հայաստան մեկնելուց առաջ` ինտերակտիվ օնլայն դասերով, օնլայն թեստերով, որոնք ստուգում են սովորողի կարդալու և խոսելու հմտությունները: Դասընթացը բաղկացած է 12 օնլայն դասից, որոնք ընդգրկում են նախնական թեստեր, քերականություն, բառապաշար, երկխոսություններ, ընթերցանության վարժություններ և առաջադիմությունը ստուգող թեստեր:

«Դեպի Հայքի» մասնակիցներին մենք միշտ ասում ենք, որ նրանք յուրատեսակ դեսպան եք. երբ այստեղ են` ներկայացնում են սփյուռքը և այնտեղի դեսպանն են, իսկ երբ վերադառնան` ապա այնտեղ իրենց բոլոր ծանոթների ու ընկերների համար պետք է լինեն Հայաստանի դեսպան և ըստ արժանվույն ներկայացնեն հայրենիքը»,- ասում է Եպոյանը:

«Դեպի Հայքի» կամավորները դեռ մեկ ամիս կվայելեն ու կուսումնասիրեն հայրենիքը, բայց արդեն հարազատի նման սկսել են սիրել ու գնահատել այն»,- ասում է կամավոր Սոնյա Շահրիկյանը:

«Թեև կարճ ժամանակ եմ այստեղ և մնալու եմ ընդամենը երկու ամիս, կարող եմ վստահությամբ ասել, որ ուրիշ ոչ մի տեղ ինձ այսպես տանը չեմ զգացել,- ասում է Սոնյան: - Հիմա եմ հասկանում, թե ինչու են որոշ հայեր վախենում Հայաստան գալուց. նրանք վախենում են, որ չեն ուզենա վերադառնալ, որ կդժվարանան հրաժարվել օտար երկրներում գցած իրենց արմատներից, սակայն նրանց ամենաուժեղ արմատները խորը թաղված են Հայաստանի հողում: Դա է պատճառը, որ Հայաստան գալիս մեզնից շատերին թվում է, թե «վերադառնում ենք», նույնիսկ եթե առաջ այստեղ երբեք չենք եղել»:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A birthday to remember

"Grand" celebrated his ninth birthday at Yervan Zoo July 7, with cakes and fruits. The youngster is awaiting the arrival of his fiance, "Candy", from India. Need we say that the sponsor of the elephants is the "Grand Candy" company?

 

 


 
 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.