Երբ 2001 թվականին ամերիկացիները Երևանում սկսեցին նոր դեսպանատան կառուցումը, դա գրավեց հասարակայնության և ԶԼՄ-ների ուշադրությունը երկու պատճառով. նախ` նոր դեսպանատունը լինելու է ԱՄՆ ամենամեծ դեսպանատունն աշխարհում (իր ընդհանուր հողատարածքով), և ապա` շինարարական որոշ մասնագիտությունների գծով այստեղ աշխատում էին թուրքեր (նաև բուլղարացիներ ու ֆիլիպինցիներ), բայց ոչ հայեր:
|
Դեսպանատան շինարարության վրա աշխատում է 400 հայ շինարար
|
Մամուլում հայտնվեցին անբարյացակամ հոդվածներ, որոնք քննադատեցին յանկիներին, թե նրանք աշխատուժ են ներկրում մի երկիր, որի բնակիչները չեն կարողանում աշխատանք գտնել:
Ամերիկացիները պատասխանեցին, որ դրսից աշխատուժ բերելու ծանրակշիռ հիմքեր ունեին. պարզապես հայաստանցի շինարարները չունեին այդ գործի համար պահանջվող հմտությունները:
«Շինարարությունն սկսելիս դեսպանատունը տեղացի շինարարների համար հայտարարություն տվեց պահանջվող մասնագիտությունների գծով, սակայն որոշ կարգերում ոչ մի դիմող չեղավ»,- ասում է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քիմբերլի Հարգանը:
«Ամերիկյան «ՋեյԷյ Ջոունզ» շինարարական ընկերությունը երրորդ երկրներից աշխատուժ էր բերում այն պատճառով, որ հայ շինարարները ծանոթ չէին արևմտյան շինարարական մեթոդներին ու էլեկտրական, սանտեխնիկական և այլ աշխատանքների ամերիկյան չափանիշներին»:
Ի նշան բարի կամքի (ինչպես նաև հասարակության հետ հարաբերությունները բարելավելու նպատակով) ամերիկացիները որոշեցին վերապատրաստել տեղացի շինարարներին, որպեսզի նրանք կարողանան աշխատանք ստանալ դեսպանատան շինարարությունում:
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (ՄՆՄԶԳ) և ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնեցին տեղացի շինարարների վերապատրաստման ծրագիր և մասնագետներ հրավիրեցին ԱՄՆ-ից և «ՋեյԷյ Ջոունզ» շինարարական ընկերությունից:
Վերապատրաստումը տարբեր շինարարական մասնագիտությունների գծով տևում է երեքից չորս շաբաթ: Ծրագիրը թույլ է տալիս մասնակիցներին հնարավորինս շուտ աշխատանք ստանալ:
Ներկայումս դեսպանատան շինարարությունում աշխատում է ավելի քան 600 մարդ, որոնցից 400-ը հայ շինարարներ են:
«Կարծում ենք, որ նոր դեսպանատան կառուցումից հետո շինարարության մեջ ընդգրկված և արևմտյան չափանիշներին համապատասխան վերապատրաստում անցած մարդիկ մեծ պահանջարկ կունենան շուկայում»,- ասաց Հարգանը:
«Մենք ակնկալում ենք, որ տնտեսության հետագա զարգացմանը զուգընթաց ավելի շատ արևմտյան ընկերություններ կցանկանան այստեղ գալ և կառուցել հյուրանոցներ, գրասենյակային շենքեր
Եվ հայ շինարարները կկարողանան կիրառել իրենց գիտելիքներն արևմտյան շինարարության հատվածում իրենց իսկ երկրում»:
Սակայն դեսպանատան վրա դեռ շատ աշխատանք կա անելու: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2005 թվականի մարտին:
Ինչ վերաբերում է նոր դեսպանատուն կառուցելու անհրաժեշտությանը, Հարգանն ասում է, որ այն պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների բուռն զարգացմամբ: Նրա հավաստմամբ` տասնյակ վայրեր են գնահատվել, որպեսզի ընտրեն լավագույնը, որը կբավարարեր ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների պահանջները:
Բաղրամյան պողոտայում գտնվող ԱՄՆ ներկա դեսպանատունը չի բավարարում անվտանգության ամերիկյան պահանջները և չափազանց փոքր է աշխատակազմի համար: Նոր դեսպանատան համալիրը կառուցվում է ինժեներական ամենաբարձր չափանիշներին համապատասխան` երկրաշարժերի և պայթյունների նկատմամբ կայուն:
Նոր դեսպանատնային համալիրի կազմում են գրասենյակային հինգհարկանի մասնաշենքը, ՄՆՄԶԳ-ի մասնաշենքը, ծովային հետևակի անվտանգության ծառայության երկհարկանի մասնաշենքը, պահեստը և այլ մասնաշենքեր: Համալիրը գտնվում է Երևանյան լճի ափին, քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, «Զվաթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհին:
Համալիրի ընդհանուր տարածքը 90469 քառակուսի մետր է (22 ամերիկյան ակր): Հողատարածքով այն ամենամեծ ամերիկյան դեսպանատունն է, գրասենյակային տարածքով կլինի ամենամեծերի շարքում: Միացյալ Նահանգները հողատարածքը Հայաստանի կառավարությունից գնել են 5 մլն դոլարով:
Նոր դեսպանատունը չի խոչընդոտի քաղաքացիների մուտքը Երևանյան լիճ, որը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
|