ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 9, 2004




Տագնապահարույց թափոններ. սողանքի գոտում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը մտահոգություն է առաջացնում

Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող և 20 տարվա պատմություն ունեցող թունաքիմիկատների գերեզմանոցն առաջ է բերել գոյապահպանների մտահոգությունը, որոնք պնդում են, թե գերեզմանոցում թաղված ԴեԴեՏե-ն և այլ վնասակար քիմիկատներն սպառնում են տեղի բնակիչների առողջությանը:

1982 թվականին մոտ 500 տոննա ոչ պիտանի և արգելված թունաքիմիկատներ են թաղվել Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերին մասում: Այսօր գերեզմանոցը հայտնվել է Էրեբունի համայնքի տարածքում:

500 տոննա թունավոր թափոն սողանքի գոտում

Ենթադրվում է, որ թունաքիմիկատները թաղվել են գերեզմանոցում այն բանից հետո, երբ խորհրդային իշխանությունները որոշում են ընդունել արգելել վնասակար նյութեր պարունակող թունաքիմիկատների կիրառումը: Փորվել է գերեզմանոց և գցվել է բետոնե հիմք: «Ցեմենտե գերեզմանոցը» բաժանվել է հատվածների` ըստ պահվելիք թունաքիմիկատների տարաների (արկղ, շիշ, թիթեղյա տուփ և այլն):

Անցյալ տարվա վերջում և այս տարվա մայիսին տարածքի յոթ վայրերից նմուշներ են վերցվել: Սանիտարական և համաճարակային հետազոտությունները չորս նմուշներում հայտնաբերել են վնասակար թունաքիմիկատներ, իսկ հողում թույների մակարդակն երկրորդ հետազոտության ժամանակ ավելի բարձր է եղել, քան առաջինի ժամանակ:

Գերեզմանոցի հարցի վրա ուշադրություն է հրավիրել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, որն այդ մասին առաջին անգամ իմացել է չորս տարի առաջ:

Կազմակերպության անդամները պնդում են, որ գերեզմանոցը վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքի գոտում:

Կանայք նամակներով դիմել են տարբեր պետական գերատեսչությունների` խնդրելով մաքրել գերեզմանոցը:

«Գերեզմանոցը կառուցել են հենց սողանքի վրա, այսինքն` փափուկ հող է, շարժվող գրունտներ,- ասում է ԳԱԱ երկրագիտության ինստիտուտի գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը: - Վտանգն այն է, որ հենց այդ տարածքում սողանքն ակտիվ է»:

Մասնագետի հավաստմամբ` սողանքի լեզվակային մասում կան խոշոր ճաքեր, որոնք ապացուցում են, որ այն շարժվում է:

«Այդ թունաքիմիկատների տեսակները ջրում չեն լուծվում, այսինքն` նրանց շարժումը մեխանիկական շարժման հետ է կապված, որն ավելի վտանգավոր է,- ասում է Յադոյանը: - Տեղումների ժամանակ ջրերը հոսում են այդ ձորակով և իրենց հետ տանում թունաքիմիկատները»:

Առայժմ հետազոտություններ չեն անցկացվել` պարզելու համար, արդյոք մերձակա բնակավայրերի բնակչությունը չի՞ տուժել թունաքիմիկատներից: Կանանց ՀԿ-ում հուսով են դրամաշնորհ ստանալ նման հետազոտություն անցկացնելու համար:

Գերեզմանոցին ամենամոտ բնակավայրը 2,5 կմ հեռավորության վրա գտնվող Գեղադիր գյուղն է, բայց գերեզմանոցից 800 մ հեռավորության վրա ամառանոցներ կան:

«1982 թվականին պարտավոր էին իմանալ, որ այդ տարածքը սողանքային գոտի է, և այդ գոտում նման գերեզմանոց կառուցելը հանցագործություն է: Այդ տարածքից հոսում են գրունտային ջրեր, որոնցից սկիզբ է առնում Ջրվեժ գետը»,- ասում է Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լյուդվիգ Նազարյանը:

ՀԿ-ն բարձրաձայնել է թունաքիմիկատների գերեզմանոցի հետ կապված մտահոգությունները «Թույներից ազատ ապագա» ծրագրի շրջանակներում, որի իրականացումը հնարավոր է դարձել «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության դրամաշնորհի միջոցով: Յոթ ամսվա ընթացքում հետազոտություններ են անցկացվել տեղանքում` հողի նմուշներ վերցնելով ծրագրի սկզբում և ավարտին:

«Փորձանմուշները վերցրեցինք մինչև 2 մ խորությունից, տարբեր տեղերից, գերեզմանոցից մինչև 70 մետր հեռավորության վրա: Երկրորդ անգամ 50 մետր շառավղով ենք հետազոտել, որովհետև ավելի հեռու չկար, սակայն ավելացել էր թույների քանակը»,- ասում է ՀԿ-ի հիգիենայի մասնագետ Լիլիթ Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի` թունաքիմիկատները հողով ամառանոցներին չեն հասել, սակայն հնարավոր է այնտեղ հասնեն ջրերի միջոցով: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են քլորօրգանական կայուն թունաքիմիկատներ` ԴեԴեՏե, հեքսաքլոր և այլն: Մասնագետների հավաստմամբ` դրանք կայուն են և կարող են հողում պահպանվել 40 տարուց ավելի:

Հայտնի է, որ ԴեԴեՏե-ի նման թունաքիմիկատների թափանցումը մարդու օրգանիզմ կարող է վնասել իմունային և նյարդային համակարգերին և վտանգավոր է հատկապես բազմացման օրգանների համար:

Յադոյանի հավաստմամբ` ՀԿ-ի հետազոտությունները վկայում են, որ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ:

«Նախևառաջ հարկավոր է հակասողանքային միջոցներ ձեռնարկել,- ասում է Յադոյանը: - Պետք է վերականգնել ժամանակին եղած ցանկապատը, ջրատար առուները, որոնք կհեռացնեն մակերևութային ջրերը: Ձորակը հեղեղատար է, անձրևների ծամանակ ջուրը կտանի: Առկա է էկոլոգիական աղետի վտանգ»:

Սակայն ԱԻՎ-ի մասնագետին այդ ամենը չի անհանգստացնում:

«Այն, որ գերեզմանոցը գոյություն ունի, փաստ է,- նշում է Նազարյանը,- այն, որ այնտեղ թաղված է 500 տ թունաքիմիկատ, և տեղանքն էլ սողանքային է, նույնպես փաստ է: Սակայն առայժմ խնդիր չկա, դա հեռանկարում երևացող բան է, կարող է լինել, կարող է և չլինել»:

Նա ասում է, որ ԱԻՎ-ը թափոնների հեռացման աշխատանքների փորձ չունի, և իրենք չգիտեն, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել: Չկան գերեզմանոցի նախագծային փաստաթղթերը, այդ պատճառով էլ ամեն ինչ սկսելու են զրոյից:

2004 թվականի ապրիլի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովման միջոցառումների ցանկը հաստատելու և 2004 թվականի պետբյուջեից գումար հատկացնելու մասին:

Որոշման համաձայն` 8,5 միլիոն դրամ է հատկացվել այդ աշխատանքների համար: Նախատեսվում է հայտարարել տեղանքը մաքրելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների մրցույթ:

Յադոյանն ասում է, որ այսօր հանրապետությունում 3500 սողանք կա, որոնցից ակտիվ ուսումնասիրվում է 300-ը:

«Կան շատ ավելի վտանգավոր սողանքներ, բայց այստեղ առկա է թունաքիմիկատների հարցը, և վտանգը կրկնապատկվել է,- ասում է Յադոյանը: - Սովորաբար կանխարգելումն ավելի էժան է նստում, քան հետևանքները վերացնելը, բայց մենք ավելի սովոր ենք երկրորդին»:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A birthday to remember

"Grand" celebrated his ninth birthday at Yervan Zoo July 7, with cakes and fruits. The youngster is awaiting the arrival of his fiance, "Candy", from India. Need we say that the sponsor of the elephants is the "Grand Candy" company?

 

 


 
 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.