Երբ մեկ տարի առաջ սոցիալական քարտերի ներդրման շուրջ աղմուկ բարձրացավ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները կանխատեսում էին, թե երբ համակարգը ներդրվի, մարդիկ կտեսնեն սոցիալական քարտերի առավելությունները:
Արդեն հայտնվել են առաջին քարտերը: Դրանց հետ սաստկացել է նրանց աղմուկը, ովքեր այդ քարտերն ինչ ասես որ չեն համարում` անհատի անձնական կյանքի ոտնահարումից մինչև «հրեշի նշան»:
|
«Ոչ համարակալմանը» |
Քարտերի ներդրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2005 թվականի հունվարի 1-ը, սակայն թվում է, թե ոչ մեծաթիվ, բայց ձայնեղ փոքրամասնության համար դիմադրությունը քարտերին անվերջ է:
«Այդ քարտերը խղճի ազատության, հավատքի ու մարդու իրավունքների դեմ են,- ասում է «Հայ արիական միության» առաջնորդ և «Ընդդեմ մարդկանց համարակալման խորհրդի» անդամ Արմեն Ավետիսյանը: - Երեք ամսից ավելի է, աշխատանքից ազատելու սպառնալիքով ամենուր մարդկանց ստիպում են համարակալվել, այսինքն` այդ քարտերը ստանալ: Այդ քարտերը մարդու իրավունքների ոտնահարում են»:
Ավետիսյանն այն մարդկանց թվում էր, ովքեր անցյալ շաբաթ «սատանայական ուժի դեմ պայքարելու» նպատակով հավաքվել էին Մատենադարանի հրապարակում հետևյալ պաստառներով. «Մի վաճառեք մեր հոգիները», «Վեհափառ Տեր, մի լքեք Ձեր հոտը», «Ո՛չ մարդկանց համարակալմանը», «Քանի՞ գլուխ ծառա ունի սատանան Հայաստանում»:
Մատենադարանի մոտ հավաքվածները բերել էին հատուկ դագաղ, որի մեջ դրել էին սոցիալական քարտերի ծաղրանմուշները` կոչ անելով թաղել «սատանայական» գաղափարը:
Բողոքավորները մտադիր էին դագաղը տանել մինչև Հանրապետության հրապարակ, սակայն ոստիկանությունը բռնագրավեց այն:
«Հուլիսի մեկին, նախատեսվածի համաձայն, դագաղը պետք է բերվեր Հանրապետության հրապարակ, և խաբված ու ստիպողաբար քարտեր ստացած մարդիկ դրանք պետք է լցնեին դագաղի մեջ,- ասում է Ավետիսյանը,- սակայն ակցիան ձախողվեց է, քանի որ ոստիկանները մինչ ընդդիմադիրների գործի անցնելն առգրավեցին դագաղը և սգո ժապավենի շրջանակի մեջ առած սոցիալական քարտի «մահվան դիմանկարը»: Եթե մեր դագաղն առաջիկայում չվերադարձնեն, մենք ոստիկանությանը դատի կտանք»:
«Ընդդեմ մարդկանց համարակալման խորհրդի» անդամ Խաչիկ Ստամբոլցյանն ասում է, որ իրենք հարյուր հազարից ավելի դիմում-բողոք ունեն քարտերի դեմ և միլիոնից ավելի հետնորդ, որոնք պայքարում են «սատանայական քարտերի» դեմ:
«Մենք այդ քարտերը հավաքում ենք մարդկանցից և հետ ենք վերադարձնելու նախարարությանը,- ասում է Ստամբոլցյանը,- իսկ մինչ այդ ամեն ինչ անելու ենք այդ համակարգի ներդրումը ձախողելու համար»:
Սոցապնախարարության մասնագետները հավաստում են, որ դիմադրությունը քարտային համակարգին թյուրիմացության հետևանք է, որ սոցիալական քարտերը պարտադիր չեն, սակայն կարող են անհրաժեշտ լինել պետական կառույցների հետ հետագա շփումների պարագայում:
|
Կրոնական ծայրահեղականները կարծում են, թե քարտերը սատանայի գործ են |
«Եթե մարդ աշխատավարձ կամ թոշակ է ստանում, հասկանալի է, որ սոցիալական քարտի կարիք կունենա, իսկ եթե նման բաներից կախված չէ, կարող է և հրաժարվել քարտից»,- ասում է սոցապնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հայկուհի
Գևորգյանը:
Գևորգյանն ասում է, որ ներկայումս մոտ 1,6 միլիոն մարդ գրանցվել է քարտ ստանալու համար, որոնցից մեկ միլիոնն արդեն ստացել է սոցիալական քարտերը:
«Գործընթացը շարունակվում է, մարդիկ զանգահարում են, հետաքրքրվում ու գրանցվում քարտ ստանալու համար,- ասում է
Գևորգյանը: - Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով»:
Սակայն քարտերի ընդդիմադիրները միաձայն հավաստում են, որ այդ համակարգը «սատանայական դրոշմ է», «հոգևոր եղեռն» և մեր ազգը ֆիզիկապես ու հոգեպես ոչնչացնելու լավագույն միջոց:
Ընդդիմադիրների մեջ տարածված կարծիքներից մեկի համաձայն` մարդկանց համարակալում են, որպեսզի զրկեն նրանց անհատականությունից:
«Մենք Աստծո ուժով քարտերի դեմ պայքարում ենք արդեն մոտ 3 տարի և մեր պայքարը շարունակելու ենք, մինչև հասնենք մեր ուզածին, քանի որ այդ քարտերում այնպիսի ինֆորմացիա է ներդրվում, որ սարսափելի է նույնիսկ պատկերացնելը,- ասում է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Խաչիկ Ստամբոլցյանը: - Այդ ինֆորմացիան պահպանվում է 400 տարի և դեմ է մեր ազգին ու կրոնին: Նման բան թույլ տալ մենք չենք կարող»:
Ստամբոլցյանն ասում է, որ իրենք դիմել են շատ ատյանների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին, այդ աղետից քրիստոնյաներին պաշտպանելու խնդրանքով: Գարեգին Բ-ն պատասխանել է, որ որևէ վտանգ քարտերի մեջ չի տեսնում և հուլիսի 3-ին ստացել է սեփական սոցիալական քարտը:
«Իր այդ քայլով կաթողիկոսը 30 արծաթով ծախեց Հիսուսին,- ասում է Ստամբոլցյանը,- սակայն մենք Աստծո զորությամբ կլուծարենք այդ համակարգը, շատ հոգևորականներ կան, որ հետևում են մեզ»:
|