ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 9, 2004




Առանց սահմանների. որտե՞ղ է Հայաստանը Վրաստանից բաժանող գիծը

Այն բազմաթիվ խնդիրների շարքում, որոնք ձևավորում են Հարավային Կովկասի պետությունների փոխհարաբերությունները և առօրյան, կան նաև այնպիսիք, որոնք նվազ հրատապ թվալով հանդերձ` վճռորոշ դեր են խաղում այդ պետությունների զարգացման մեջ:

Այդպիսի հարցերից մեկը, որը գրեթե մեկ դար եղել է «ննջող» վիճակում, բայց կարևոր է երկու երկրների համար էլ, Վրաստանի և Հայաստանի միջև պաշտոնական սահմանի հարցն է:

Մոտ մեկ դար սահմանի հարցը չի լուծվում

Այն դրույթը, թե լավ պարիսպները ստեղծում են լավ հարևաններ, ներկայումս փորձության է ենթարկվում բարեկամ պետություններում, որոնց միջև ընկած 206 կիլոմետրի վրա ոչ մի տեղ սահմանազատում արված չէ:

1995 թվականից սկսած երկու երկրների պաշտոնատարները քիչ թե շատ զբաղվել են այդ հարցով, սակայն առանց որևէ էական արդյունքի:

Թեև տեսական սահմանագծերը ցայսօր հիմնականում բավական են եղել, ժամանակ առ ժամանակ ծագում են բանավեճեր, որոնցից վերջինն սկսել է Թբիլիսիի համալսարանի մի պատմաբան:

«Վերջին 14 տարիների ընթացքում հայկական կողմը Ախկերպի գյուղի շրջանում սահմանը 10 կիլոմետր տեղափոխել է դեպի Վրաստանի տարածքի խորքը,- պնդում է Բերդո Գոիշվիլին: - Վրաստանի կառավարությունը, անշուշտ, պետք է հնարավորինս արագ կատարի իր սահմանների դելիմիտացիան և սահմանազատումը` ելնելով իր ժողովրդի շահերից և միջազգային իրավունքի նորմերից»:

Ախկերպի գյուղը գտնվում է Վրաստանի Մառնեուլի շրջանում, բնակեցված է հայերով և հարուստ քաղաքական պատմություն ունի: Ռուսական կայսրության օրոք այն մտնում էր Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մեջ: Այդ գավառի մեջ էին մտնում նաև ժամանակակից Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի որոշ տարածքներ:

«Կայսրության տարածքային և վարչական բաժանումը, հատկապես Կովկասում, գործնականորեն հաշվի չէր առնում ազգագրական և պատմական գործոնները և կատարվում էր Ռուսաստանի կողմից այս կամ այն տարածաշրջանի բռնակցմանը զուգընթաց»,- ասում է պատմաբան Գարեգին Գաբրիելյանը:

Ախկերպի գյուղի անվանումը նշվում է 1918 թվականի ռազմական զեկուցագրերում որպես հայկական և թուրքական զորքերի միջև կատաղի մարտերի վայր: Այդ ժամանակահատվածում Կովկասում գոյություն ուներ երեք անկախ պետություն` Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, որոնք նույնպես չկարողացան ավարտել իրենց սահմանների դելիմիտացիայի և սահմանազատման գործընթացները:

Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, որը եղել է Թիֆլիսի քաղաքապետարանի անդամ, վերհիշում է. «1918 թվականի նոյեմբերի 20-ին Վրաստանի արտաքին գործոց նախարարության լիազոր ներկայացուցիչ Ս. Մդիվանին ժամանեց անկախ Հայաստանի մայրաքաղաք, որպեսզի ստանա Հայաստանի իշխանությունների համաձայնությունը դելիմիտացիայի ենթարկելու հայ-վրացական սահմանը: Նոյեմբերի 29-ին նա գրավոր վերջնագիր ուղարկեց Երևան` պահանջելով սահմանագիծն անցկացնել Ալեքսանդրապոլից (այժմ` Գյումրի) քիչ հյուսիս` Վրաստանի կազմի մեջ մտցնելով Ախալքալաքի և Բորչալուի գավառները: Հայաստանը մերժեց այդ վերջնագիրը»:

Հարցի լուծումը բաց մնաց երկու երկրների խորհրդայնացումով, և դրանից հետո այն առանձնակի մտահոգությունների տեղիք չէր տալիս:

«Այն օրերին սահմանների դելիմիտացիայի ցավոտ գործընթացն ընդհատվեց բոլշևիկյան ինտերվենցիայով, իսկ բոլշևիկների ազգային քաղաքականությունն աչքի չէր ընկնում առանձնակի մանրակրկիտությամբ նոր քաղաքական սահմաններ գծելիս,- ասում է Գաբրիելյանը: - Կովկասի քարտեզը խմբագրել է անձամբ խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը, և այդ քարտեզի վրա Հայաստանին հատկացված էր գրեթե երեք անգամ փոքր տարածք, քան Ադրբեջանին, և ավելի քան երկու անգամ փոքր տարածք, քան Վրաստանին:

1927 թվականին Ախկերպի գյուղը մտցվեց Վրաստանի կազմի մեջ: Այն, ինչ կատարվում է այժմ, նախախորհրդային զարգացումների տրամաբանական շարունակությունն է և արտացոլում է հայ-վրացական հարաբերությունների 1918-1920 թվականների մակարդակը»:

Սահմանների հարցի քննարկումներն աշխուժացան Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալու հետ և ընկալվում են նրա կողմից հռչակված ազգային քաղաքականության ենթատեքստում:

Թբիլիսիում անգլերեն հրատարակվող «Ջորջիան թայմզ» թերթը վերջերս իր խմբագրականում անդրադաձել է այս հարցին:

«Չնայած այսօր Հայաստանը մեր բարեկամն է, սակայն այն զավթել և սեփականացրել է պատմական Վրաստանի Լոռի-Տաշիրի երկրամասը (ներկայիս Ստեփանավանի շրջանը), Գուգարաց շրջանը (Իջևան, Ալավերդի, Նոյեմբերյան), Քվեմո-Քարթլիի մի մասը` ընդհանուր առմամբ 3812 քառակուսի կիլոմետր վրացական տարածք»:

Իսկ հայտնի վրացի հետազոտող և «Վրաստանի սահմանները» աշխատության հեղինակ Ալեքսանդր Մանվելաշվիլին վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, թե Վրաստանին հարկավոր է ամրագայել «մեր երկրի իրական սահմանները, որոնք հարավում հասնում են մինչև Գյումրի»:

Պաշտոնական Երևանն առայժմ չի պատասխանում վրաց մտավորականության վերնախավի ելույթներին, որոնք ավելի են հաճախացել և ամեն շաբաթ հրատարակվում են Թբիլիսիի ազդեցիկ պարբերականներում:

Անցյալ ամռանը Հայաստանի և Վրաստանի նախագահները` Ռոբերտ Քոչարյանը և Էդուարդ Շևարդնաձեն, բանակցեցին սահմանային հարցերի շուրջ և խոստացան, որ «մի քանի ամսվա ընթացքում» հարցը լուծում կստանա:

1995 թվականին Վրաստանի և Հայաստանի երկկողմ համաձայնությամբ Ստեփանավանում ստեղծվեց սահմանազատման և դելիմիտացիայի հանձնաժողով:

Չնայած սահմանի հարցը նոր բանավեճի տեղիք է տվել, հանձնաժողովը 2004 թվականին հանդիպում չի անցկացրել: Հայաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Լևոն Խաչատրյանի հավաստմամբ` հայ-վրացական հանձնաժողովը հանդիպում կգումարի «ամենամոտ ապագայում հայ նոր համանախագահի նշանակումից հետո»:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A birthday to remember

"Grand" celebrated his ninth birthday at Yervan Zoo July 7, with cakes and fruits. The youngster is awaiting the arrival of his fiance, "Candy", from India. Need we say that the sponsor of the elephants is the "Grand Candy" company?

 

 


 
 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.