ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 9, 2004




Ոսկե եզրափակում. առաջին միջազգային կինոփառատոնն ավարտվում է մրցանակներով և մտորումներով


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կիրակի ավարտեց իր աշխատանքը, և նման խոշոր կինոմիջոցառում կազմակերպելու Հայաստանի առաջին փորձն արժանացավ իրարամերժ արձագանքների:

 

Մինչ հյուրերը բարեկրթորեն նշում էին բացման արարողությունը, հետնաբեմում կանգնածները դժգոհում էին ծրագրի կազմակերպման անբավարար մակարդակից:

Սակայն մեծամասնությունն այն կարծիքին էր, որ իբրև առաջին փորձ այն հաջողված էր:

«Սա առաջին փորձն է և առաջին քայլը, բայց, հավատացեք, ձեր փառատոնն այս տարի ծնվեց և կքայլի հաստատուն քայլերով և հետագայում էլ իր մասին խոսել կտա»,- ասաց խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Պետեր վան Բուրենը (Նիդեռլանդներ):

Փառատոնի չորս օրերը գերհագեցած էին. ցուցադրում էին ֆիլմ ֆիլմի հետևից (բոլոր անվանակարգերում ընդամենը 200 ֆիլմ), և զարմանալի չէ, որ որոշ ցուցադրումներ ընթանում էին գրեթե դատարկ դահլիճներում, հատկապես հաշվի առնելով, որ ֆիլմերի ցուցադրումն սկսվում էր առավոտյան 9:30-ին:

«Պետք չէ վհատվել, մի կարծեք, թե հայտնի փառատոները միանգամից են ճանաչում ձեռք բերել,- ասաց ժյուրիի անդամ, Մոսկովյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կիրիլ Ռազլոգովը: - Կան իրոք դիտարժան ֆիլմեր և հայ մեծ ռեժիսորներ, որ զարմանալիորեն Հայաստանում ճանաչում չունեն»:

Փառատոնի ծրագրում ընդգրկվել էին վերջին տարիների շվեդական, իտալական, գերմանական և բուլղարական լավագույն կինոնկարներ, ինչպես նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմեր, որոնք ցուցադրվեցին «Երևանյան պրեմիերաներ» խորագրի ներքո:

Հետահայաց ֆիլմերի ցուցադրմամբ տոնվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադրման 80-ամյակը, որի առթիվ նկարիչների միությունում բացվեց հայ կինոնկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

Նշանակալի միջոցառումներով նշվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակը: Հոբելյանին ներկա էին ռեժիսորի կինը` Սվետլանա Շչերբատյուկը, և որդին` Սուրեն Փարաջանովը: Հուլիսի 4-ին «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմի պրեմիերան (ռեժիսոր` Գեորգի Փարաջանով): Փարաջանովի 80-ամյակը նշելու էին եկել նաև վրաց դերասանուհի, «Նռան գույնը» ֆիլմի գլխավոր դերակատար Սոֆիկո Ճիաուրելին և նրա մի քանի խաղընկերները:

«Նայում եմ գործերին ու նոր բաներ հայտնաբերում,- ասաց կինոգետ Յուլիկ Սենկևիչը: - Ուզում եմ շնորհակալություն հայտնել Փարաջանովին, որովհետև առանց նրա աշխարհը մի քիչ դատարկ կլիներ»:

Կինոփառատոնի շրջանակներում նշվեց նաև Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակը, ցուցադրվեցին Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» և Կայատի «Հռենոսյան անցում» ֆիլմերը, որոնց մեջ Ազնավուրը գլխավոր դերակատարն է:

«Առաջին և ամենադժվար քայլն արդեն արված է,- ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը: - Հաջորդը հաստատ ավելի հաջող կլինի: Միայն մաղթում եմ, որ այս տարին բեղուն լինի մեր ռեժիսորների համար, որպեսզի «Ոսկե ծիրան-2005»-ին արժանավայել ներկայանան»:

Հուլիսի 4-ին կայացած փակման արարողությունում 14 ռեժիսոր արժանացավ ոսկե ծիրանի փորագրությամբ մարմարե արձանիկների:

Ըստ անվանակարգերի հաղթող դարձան.

Լիամետրաժ ֆիլմերի անվանակարգ` Ատոմ Էգոյան (Կանադա) «Արարատ» ֆիլմի համար: Հատուկ մրցանակ` Արթուր Արիստակեսյան (Ռուսաստան) «Տեղ երկրի վրա» ֆիլմի համար:

Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգ`
Ստեֆան Էլմաջյան (Ֆրանսիա)
«Freedub 1» ֆիլմի համար: Հատուկ մրցանակ` Կոմս Շահբազյան (Բելգիա) «Y.U.L.» ֆիլմի համար:

Վավերագրական ֆիլմերի անվանակարգ`
Արմեն Խաչատրյան (Հայաստան)
«Հեքիաթ թևավոր ձիու մասին» ֆիլմի համար: Հատուկ մրցանակ` Քրիստինա Դավիդյանց (Էստոնիա) «Մտերմիկ քաղաքը» ֆիլմի համար:

Անիմացիոն և փորձարարական ֆիլմերի անվանակարգ`
Ստեֆան Էլմաջյան (Ֆրանսիա) «Freedub 1» ֆիլմի համար: Հատուկը մրցանակ` Սերժ Ավետիքյան (Ֆրանսիա) «Կյանքի գծեր» ֆիլմի համար:

Ուսանողական և դեբյուտային ֆիլմերի անվանակարգ`
Մարիա Սահակյան (Հայաստան, Ռուսաստան) «Հրաժեշտ» ֆիլմի համար:

Վիդեոարվեստի անվանակարգ`
Դիանա Հակոբյան (Հայաստան) «Ես չեմ հավատում ձեր երազներին» ֆիլմի համար:

Փառատոնի կազմակերպիչ Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի սահմանած հատուկ մրցանակին արժանացավ Էդգար Բաղդասարյանը (Հայաստան) «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմի համար:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 
A birthday to remember

"Grand" celebrated his ninth birthday at Yervan Zoo July 7, with cakes and fruits. The youngster is awaiting the arrival of his fiance, "Candy", from India. Need we say that the sponsor of the elephants is the "Grand Candy" company?

 

 


 
 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.