Հայաստանի մասնակցությունը շախմատի աշխարհի առաջնությանն ավարտվեց քառորդ եզրափակիչում, երբ Վլադիմիր Հակոբյանը տանուլ տվեց անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսին:
Հակոբյանը (անհատական գործակից` 2689) վերջինն էր յոթ հայ շախմատիստներից, որոնք մասնակցում էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անցկացվող առաջնությանը: Հակոբյանը երկու պարտություն կրեց Ադամսից, որը վեցերորդ գործակիցն ունի աշխարհում:
Քառորդ եզրափակիչի ճանապարհին Հակոբյանն առավելության էր հասել չորս մրցակցի նկատմամբ: Առաջին փուլում նա 1,5:0,5 հաշվով հաղթել էր մեքսիկացի Խոսե Գոնսալես Գարսիային, հետո նույն հաշվով` ինդոնեզացի Ուտուտ Ադիանտոյին և ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյին:
Հաջորդ փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը ոչ մի շանս չթողեց լեհ շախմատիստ Միխալ Կրասենկովին` նրան նույնպես հաղթելով 1,5:0,5 հաշվով:
Մյուս վեց հայ շախմատիստները նույնքան հաջողակ չէին, նրանցից միայն երկուսին հաջողվեց դուրս գալ օլիմպիական մրցակարգով անցկացվող առաջնության երրորդ փուլ:
Լևոն Արոնյանը յոթ խաղից բաղկացած շատ ծանր մրցամարտում զիջեց ռուսաստանցի Պավել Սմիռնովին` 3:4: Առաջին փուլում Արոնյանը (գործակից` 2645) առավելության էր հասել նորվեգացի Կառլսեն Մագնուսի նկատմամբ` 2,5:1,5 (երեք ոչ-ոքի և մեկ հաղթանակ), իսկ հետո հեշտությամբ հաղթել էր ադրբեջանցի Գադիր Հուսեյնովին` 2:0:
Աշոտ Անաստասյանը երրորդ փուլում զիջեց Սլովենիան ներկայացնող Ալեքսանդր Բելյավսկուն` 0,5:1,5: Առաջին փուլում նա առավելության էր հասել չինացի Բու Զյանգժիի նկատմամբ` 1,5:0,5, իսկ երկրորդում հաղթել էր հնդիկ շախմատիստ Դաս Նիլոթփալին` 2,5:1,5 (երեք ոչ-ոքի և մեկ հաղթանակ): |