Հայաստանի 1950 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումից պարզվել է, որ նրանց 67,7 տոկոսը պատրաստ է «ամբողջ ուժով մասնակցելու Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»:
|
Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ` հասարակական կարծիքը շարունակում է մնալ վճռական հօգուտ Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար պայքարի |
Հարցումը, որտեղ ընդգրկված են նաև 50 քաղաքական վերլուծաբանների կարծիքները, պարզել է նաև, որ հասարակության 40,7 տոկոսը համաձայն է փոխզիջման, «միայն եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:
Հարցումն իրականացրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) մայիսի վերջից մինչև հունիսի կեսն ընկած ժամանակահատվածում:
«Մենք հույս ունենք, որ հանրապետական համապատասխան կառույցներն անհրաժեշտ եզրակացություններ կանեն Հայաստանի ազգային քաղաքականությունը մշակելիս»,- ասաց ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՌԱՀՀԿ փորձագետներից մեկը, որը մասնակցել է հարցման անցկացմանը, ասաց, որ ամենաանսպասելի արձագանքն այն էր, որ 14 տոկոսը հայտնել է, թե Ղարաբաղի հարցի լուծման միակ ուղին պատերազմն է:
«Մենք կարծում էինք, որ այդ թիվը 10 տոկոս էլ չի կազմի»,- ասաց քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանն ասաց, որ հարցումը ցույց տվեց Ղարաբաղի հարցին Հայաստանի քաղաքացիների նվիրվածության զարմանալի բարձր մակարդակը:
«Երբ մոտենում էինք մարդկանց ու խնդրում պատասխանել Ղարաբաղին վերաբերող հարցաթերթիկին, առաջին ռեակցիան լինում էր` «Ես հոգնել եմ Ղարաբաղի մասին լսելուց», իսկ ոմանք նույնիսկ ասում էին` «Թող վերադարձնեն»:
«Բայց երբ նստում և սկսում էին պատասխանել հարցերին, ամեն հաջորդ հարցի հետ տեսնում էիր, որ այս մարդիկ չեն պատրաստվում զիջել, նրանք պարզապես դժգոհ են, որ հարցը դեռևս լուծում չի ստացել»:
Խուրշուդյանն ասաց, որ հարցումը ցույց տվեց, որ այն ենթադրությունները, թե հայաստանցիներն անտարբեր են դարձել Ղարաբաղի հարցի նկատմամբ, չափազանցված են:
«(Մինչև հարցումը) տպավորությունն այն էր, որ հասարակության մեջ առկա է որոշակի օտարացում, որ հուսալքումը հասել է այնպիսի աստիճանի, որ այլևս ոչ մեկը չի հետաքրքրվում Ղարաբաղի հարցով»,- ասաց վերլուծաբանը:
Թեև հենց ղարաբաղյան փոխզիջման հարցն էր, որ հանգեցրեց նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությանը, ՌԱՀՀԿ-ի հարցումը պարզեց, որ կարգավորման բացակայության մեջ քաղաքացիների միայն 29,5 տոկոսն է մեղադրում նախկին վարչակազմին, մինչդեռ 34,6 տոկոսը մեղադրում է ներկա իշխանություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը (որին հանձնարարվել է խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը) չի արժանացել ոչ փորձագետների, ոչ էլ քաղաքացիների բարձր գնահատականին: Փորձագետների 70 տոկոսը դժգոհ է Մինսկի խմբից, իսկ քաղաքացիների 54 տոկոսը նույնիսկ տեղյակ չէ նրա գործունեությանը:
Հարցումը նաև պարզել է, որ բանակցային գործընթացից «ամենևին գոհ չեն» փորձագետների 40 տոկոսը, մինչդեռ նույն կարծիքն ունի քաղաքացիների ընդամենը 13,5 տոկոսը:
Խուրշուդյանի հավաստմամբ` ՌԱՀՀԿ-ն կշարունակի վերլուծել թվերը և բաշխել պատասխաններն ըստ սեռի, տարիքի և այլ չափանիշների:
Այս ծավալուն հարցման զեկույցին և բոլոր պատասխաններին կարող եք ծանոթանալ (անգլերեն և հայերեն) www.acnis.am կայքում:
|