ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 2, 2004




Քոչարյանի ելույթը Եվրոպայի խորհրդում արժանանում է դրվատանքի և քննադատության տանը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նստաշրջանում հասարակական և քաղաքական լայն արձագանք է առաջ բերել Հայաստանում:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը

Նախագահն օգտագործեց անցյալ շաբաթվա իր ելույթը ղարաբաղյան հակամարտության երկու առանցքային գործոն ընդգծելու համար. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և,
հետևաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ոչ մի կապ չունի:

Քոչարյանը հիշեցրեց ԵԽ ԽՎ անդամներին, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում կազմավորվեցին երկու պետություններ` Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որոնց գոյության իրավական հիմքերը նույնական են:

Քոչարյանը նշեց, որ 1992-1994 թվականների պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունք էր, որով նրանք փորձում էին էթնիկ զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում` այն զավթելու նպատակով: Այսօրվա իրավիճակը նա համարեց սեփական հողում ապրելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի անձնուրաց պայքարի արդյունք:

«Կարգավորումը պետք է բխի հակամարտության էությունից, այլ ոչ թե ապագա նավթային դոլարներով Ադրբեջանի հավանակավ ուժեղացման նախադրյալներից»,- նշեց նախագահը` ակնարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե ինքը չի շտապում կարգավորել հակամարտությունը և օգտագործելու է կասպյան նավթային շահույթն իր երկրի ռազմական ուժերը հզորացնելու համար:

Քոչարյանը «նավթային դոլարների» մոտեցումը գնահատեց որպես առճակատման, այլ ոչ թե փոխզիջման բանաձև: Հայաստանը պատրաստ է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը:

«Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ կարգավորման լուրջ բանակցությունների: Հենց այդ պատճառով մենք համաձայնություն էինք տվել միջնորդների վերջին երկու առաջարկություններին, որոնք, ցավոք, մերժվեցին Ադրբեջանի կողմից»,- ասաց Քոչարյանը:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, մեկնաբանելով ելույթը, նշել է, որ նախագահն առաջին անգամ պարզաբանել է ղարաբաղյան հարցը միջազգային ասպարեզում:

«Քոչարյանը վերջապես արձանագրեց Ղարաբաղի կարգավիճակը նման ամբիոնից,- ասել է Սարգսյանը` ավելացնելով սակայն, որ Դեմոկրատական կուսակցությունը զարմացած է 2001 թվականի քի-վեսթյան համաձայնագրի մասին նախագահի դրական կարծիքից:

«Համաձայնագրում կան մի քանի դրույթներ, ինչպես ազատագրված բոլոր տարածքների ավտոմատ վերադարձը, որոնք ընդունելի չեն ո’չ Հայաստանի, ո’չ Ղարաբաղի համար: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը նաև դժգոհ էր նախագահի ելույթի այն դրույթից, թե Հայաստանը հավանություն է տալիս Ֆլորիդայում արված առաջարկներին: Կազմակերպությունը հանդես է եկել Քոչարյանի ելույթը քննադատող հայտարարությամբ, որում նշվում է, որ նախագահը միջազգային ասպարեզում առաջին անգամ հայտարարում է որոշ տարածքներ հանձնելու Հայաստանի ամոթալի պատրաստակամությունը:

«Մենք հայտարարում ենք, որ ո’չ նախագահը, ո’չ էլ նման հայտարարություններ անող այլ գործիչներ իրավունք չունեն խոսելու հայ ազգի անունից` արհամարհելով նրա կարծիքը: Ազատագրված տարածքների թեկուզ մի փոքր մասի փաստացի հանձնումը կամ հայտարարություններով դրան նպաստելը ուղղակի դավաճանություն է»,- ասված է հայտարարության մեջ:

«Բոլոր ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժան մասն են և վաղ թե ուշ կճանաչվեն որպես միացյալ Հայաստանի տարածք: Հայ ժողովրդին այլ լուծումներ պարտադրելու որևէ փորձ դատապարտված է»:

Երևանյան «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախագահի ելույթը գնահատեց աննախադեպ` ավելացնելով. «Ամենակարևորն այն էր, որ Քոչարյանն իսկապես ամեն ինչ կոչեց իրենց անուններով, դա բավական համարձակ ելույթ էր»:

«Գոլոս Արմենիի» օրաթերթը գրել է, որ «ներկա հայաստանյան քաղաքական դաշտում չկա որևէ գործիչ, որն ի վիճակի լինի նույնիսկ մոտենալ ԵԽ ԽՎ նստաշրջանում նախագահի ելույթի բովանդակությանը»:

Թերթը հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմության բացասական տեսակետները շատ մոտ են ադրբեջանցի քաղաքական գործիչների արձագանքին:

Քոչարյանի ելույթը, անշուշտ, Ադրբեջանում զայրույթ առաջ բերեց: Որոշ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբաններ այն որակեցին որպես ադրբեջանական դիվանագիտության պարտություն: Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը մեղադրեց Քոչարյանին այն բանում, որ նա փորձում է «ստել ամբողջ աշխարհի առաջ»:


According to Agnes
 

  Inside
 

Resolved: Survey finds Armenians ready to defend Karabakh at all costs

Full story

 
 

Setting the Pace: Kocharyan’s speech at Council of Europe wins praise and criticism at home

Full story

 
 

A Byte with...

Christine Pepelyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Bearing Fruit

A priest blesses a bowl of Armenian apricots prior to the opening of the Golden Apricot International Film Festival in Yerevan on June 30. The fruit was handed out to guests at the opening ceremony at the city's Moscow Cinema.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.