Նախկին ղարաբաղցի լրագրողը թերթ է հիմնադրել Հայաստանում` հայտարարելով, որ այն ամբիոն է դառնալու այն բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք ունեն բանական գաղափարներ, վարում են խելամիտ քաղաքականություն և ծառայում են հասարակության շահերին:
|
Առաջին համարը |
«Երրորդ ուժ» թերթի առաջին համարը լույս է տեսել Երևանում այս շաբաթ` այսպիսով միանալով այն տասը գլխավոր լրագրերին, որոնք հավակնում են լինել Հայաստանի անկախ մամուլը:
«Երրորդ ուժի» խմբագիր Վահրամ Աղաջանյանն ասում է, որ չնայած փոքր Հայաստանում թերթերի առատությանը, հասարակությունը չի համակրում մամուլին, անտարբեր է նրա նկատմամբ, քանի որ զանգվածային լրատվամիջոցները շփում չունեն հանրության հետ:
«Մեր թերթերը վերահսկվում են կամ կառավարության, կամ ընդդիմության կողմից, չկա մի թերթ, որ արտահայտի երկու խմբի շահերն էլ,- ասում է նա: - Զանգվածային լրատվամիջոցները քաղաքականացված են, ինչն ազդում է լրագրողների աշխատանքի վրա և ընդհանրապես խոչընդոտում ԶԼՄ-ների զարգացումը»:
16-էջանոց գունավոր լրագիրն ունի 3000 օրինակ տպաքանակ և 25 հոգուց կազմված խմբագրակազմ: Աղաջանյանը չի տալիս թերթի հովանավորների անունները` ասելով միայն, որ դրանք մի խումբ գործարարներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից, որոնք որևէ կոնկրետ քաղաքական ուժի չեն հարում:
«Լրագրողները Հայաստանում պաշտպանված չեն, և եղել են շատ դեպքեր, երբ նրանք ենթարկվել են հետապնդումների իշխանություններին քննադատելու համար,- ասում է նա: - Սակայն ես պետք է ընդունեմ, որ տեսնում եմ թեև փոքր, բայց դրական փոփոխություններ տոտալիտարիզմից դեպի հանդուրժողականություն ԶԼՄ-ների նկատմամբ, այլապես անիմաստ կլիներ անկախ թերթ հիմնադրելը»:
Աղաջանյանն ինքը ենթարկվել է հետապնդումների և հայտնի է Ղարաբաղի ներկա իշխանությունների սուր քննադատությամբ:
Լրագրողը Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 2000 թվականին այն բանից հետո, երբ 10 օր էր անցկացրել բանտում Ղարաբաղի վարչապետի վարած քաղաքականության և նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի մասին գրած հոդվածների համար (նախագահը վիրավորվել էր, երբ 2000 թվականի մարտին երկու զինյալ կրակահերթ էին բացել նրա «Մերսեդեսի» վրա):
|
Վահրամ Աղաջանյանը խոստանում է ամբիոն խելամիտ քաղաքական բանավեճերի համար |
Հոդվածները հրապարակվել էին Ղարաբաղի «Տասներորդ նահանգ» թերթում, որն այն ժամանակ վերահսկվում էր պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կողմից, որը մեղադրվեց մահափորձը կազմակերպելու մեջ և դատապարտվեց 12 ամսվա ազատազրկման:
Թերթը ժամանակավորապես դադարեց լույս տեսնելուց, իսկ Աղաջանյանին (որը մահափորձին հաջորդած իրավիճակը Ղարաբաղում անվանել էր «վհուկների որս») մեղադրեցին վարչապետ Անուշավան Դանիելյանին զրպարտելու և իշխանությունների վարած Ղարաբաղի վերաբնակեցման քաղաքականության մասին հոդվածում փաստերը խեղաթյուրելու մեջ:
Հայաստանի լրատվական հանրությունն Աղաջանյանին ազատ արձակելու քարոզարշավ սկսեց: Երևանյան «Հայկական ժամանակ» օրաթերթը գրեց, թե «Ղարաբաղի իշխանությունները որոշել են օգտվել անկայուն իրավիճակից և փակել բոլոր այն լրագրողների բերանը, ովքեր չեն ենթարկվում իշխանություններին»:
Աղաջանյանը դատապարտվել էր 12 ամսվա ազատազրկման, սակայն ազատ արձակվեց: Մինչև վերջերս Աղաջանյանը թղթակցում էր Երևանում լույս տեսնող «Իրավունք» շաբաթաթերթին, որը Բաբայանին զորակցող «Սահմանադրական իրավունք» միության պաշտոնաթերթն է:
Չնայած շատ հայ լրագրողների այն պնդմանը, թե զանգվածային լրատվամիջոցները Հայաստանում անկախ չեն, և խոսքի ազատությունը ճնշվում է, դա չի խանգարում նոր թերթերի լույս ընծայմանը: Հայաստանի ԶԼՄ-ները ներկայացված են 46 լրագրով (առավել ազդեցիկ են ինը), 61 հեռուստաընկերությամբ և 13 ռադիոկայանով:
«Հայաստանում բազմակարծություն նշանակում է հակամարտություն երկու անհաշտ ճամբարների միջև` իշխանամետ և ընդդիմադիր: Ցանկացած լրատվամիջոց արտահայտում է այդ երկու խմբերից մեկի շահերը,- ասում է Աղաջանյանը: - Եվ չնայած լրատվամիջոցներն անվանում են չորրորդ իշխանություն, մենք մեր թերթն անվանել ենք «Երրորդ ուժ», որը կարող է ներկայացնել որևէ անհատ, լրագրող, երկիր կամ քաղաքական գործիչ»:
|