Հայ օպերային արվեստը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ երգիչ և բեմադրիչ Տիգրան Լևոնյանը:
ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան
Լևոնյանը մահացավ հունիսի 25-ին 68 տարեկան հասակում: Հունիսի 29-ին Օպերային թատրոնում հավաքված բազմահազար երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին սիրելի երգչին «Անուշ» օպերայի հրաշագեղ հնչյունների ներքո:
Նրա ձայնի դրամատիկական տենորն ու ռեժիսորի ինքնատիպ մտածողությունը նոր էջ բացեցին Ազգային օպերային թատրոնի պատմության մեջ: Իր անմնացորդ նվիրումով, ռեժիսորական նոր մոտեցումներով և թարմաշունչ բեմադրություններով նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայ օպերային արվեստին:
Տիգրան Լևոնյանը ծնվել է Բեյրութում, 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է հայրենիք: Երևանում և Մոսկվայում ստանալով երգարվեստի և ռեժիսորական բարձրագույն մասնագիտական կրթություն` Լևոնյանն ընդամենը 28 տարեկանում դառնում է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, իսկ 1977-ին` նաև գեղարվեստական ղեկավար:
Լևոնյանի հարուստ երգացանկն ընդգրկում է ազգային և համաշխարհային օպերային ստեղծագործություններ, որտեղ նա հանդես է եկել և որպես երգիչ, և որպես ռեժիսոր: Նա հանդես է եկել Կանիոյի («Պայացներ»), Տիրիթի («Արշակ Երկրորդ»), Սարոյի («Անուշ»), Կառլոսի («Դոն Կառլոս»), Օթելլոյի («Օթելլո»), Ալֆրեդի («Տրավիատա»), Շահումյանի («Դավիթ-Բեկ»), Մանրիկոյի («Տրուբադուր»), Կավարադոսիի («Տոսկա») դերերգերով, որոնց բնորոշ են եղել դրամատիկական զգացմունքների խորությունը, դերասանական տպավորիչ կատարումը և ռեժիսորական նուրբ մեկնաբանությունները:
Լևոնյանը Հայաստանում առաջինը ստեղծեց օպերային ֆիլմեր և իր ռեժիսորական ինքնատիպ մոտեցումներով էկրան բարձրացրեց «Պողիկտոս», «Ալմաստ», «Արշակ Երկրորդ» օպերաները, որոնք դարձան նրա բեմական նորարարական արվեստի խորհրդանիշը:
Սակայն Լևոնյանը նույնպես դարձավ պետական բյուրոկրատիայի զոհը. 1999 թվականին մշակույթի նախարարության հրամանով Լևոնյանն ազատվեց աշխատանքից` զրկվելով ոչ միայն բեմադրելու, այլ նաև երգելու հնարավորությունից:
Արհամարհվեց Լևոնյանին գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին թատրոնի 125 արտիստների ստորագրությամբ նամակը: Մամուլում նրա դեմ ծավալվեց ստորացուցիչ քարոզարշավ. գրում էին, իբր, այդ ստորագրությունները Լևոնյանը հարկադրելով է հավաքել:
«Ինձ համար օպերան, բեմը կյանք է, եթե ինձ զրկում են բեմից, զրկում են նաև կյանքից,- ասել է Լևոնյանը: - Ես դեռ 93-ին հայտարարեցի բեմից, որ անհրաժեշտ է մշակույթի մասին օրենք, որ մշակույթը պաշտպանի մշակույթի նախարարությունից»:
«Տիգրանն աշխատում էր, ստեղծագործում էր, որովհետև նրա մտքից անձրևի նման հորդում էին գաղափարները, բայց մենք մինչև հոգու խորքը վիրավորված էինք, և մեզ անտեսելու վիրավորանքը միայն մերը չէր, այլ ողջ արվեստասեր հասարակությանը»,- ասում է Լևոնյանի այրին` երգչուհի Գոհար Գասպարյանը, Ավետիք Իսահակյանի բնորոշմամբ` «հայոց սոխակը»:
«Նա գնաց չգնահատված, մերժված, թերևս հիվանդության պատճառն էլ հենց անսահման վիրավորանքն էր, որ չսպիացավ նրա սրտում»,- դողացող ձայնով ասաց ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Օպերայից հեռանալուց հետո էլ նա չդադարեց ստեղծագործելուց: 2001 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Լևոնյանը Զվարթնոցի տաճարում իրականացրեց «Պողիկտոս» ու «Անուշ» օպերաների բացօթյա բեմադրությունները:
Բալետմայստեր Վիլեն Գալստյանի խոսքերով` նրա ճոխ հոգեհանգիստը կազմակերպելու փոխարեն պետությունը պետք է կյանքի ընթացքում գնահատեր նրա տաղանդը:
«Հայկական տարբերակ է` «Գնա մեռի, արի սիրեմ»,- ասում է Գալստյանը:
|