ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 2, 2004




Վերջին վարագույրը. բարեկամները և երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում Տիգրան Լևոնյանին

Հայ օպերային արվեստը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ երգիչ և բեմադրիչ Տիգրան Լևոնյանը:

ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան
Լևոնյանը մահացավ հունիսի 25-ին 68 տարեկան հասակում: Հունիսի 29-ին Օպերային թատրոնում հավաքված բազմահազար երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին սիրելի երգչին «Անուշ» օպերայի հրաշագեղ հնչյունների ներքո:

Նրա ձայնի դրամատիկական տենորն ու ռեժիսորի ինքնատիպ մտածողությունը նոր էջ բացեցին Ազգային օպերային թատրոնի պատմության մեջ: Իր անմնացորդ նվիրումով, ռեժիսորական նոր մոտեցումներով և թարմաշունչ բեմադրություններով նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայ օպերային արվեստին:

Տիգրան Լևոնյանը ծնվել է Բեյրութում, 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է հայրենիք: Երևանում և Մոսկվայում ստանալով երգարվեստի և ռեժիսորական բարձրագույն մասնագիտական կրթություն` Լևոնյանն ընդամենը 28 տարեկանում դառնում է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ, իսկ 1977-ին` նաև գեղարվեստական ղեկավար:

Լևոնյանի հարուստ երգացանկն ընդգրկում է ազգային և համաշխարհային օպերային ստեղծագործություններ, որտեղ նա հանդես է եկել և’ որպես երգիչ, և’ որպես ռեժիսոր: Նա հանդես է եկել Կանիոյի («Պայացներ»), Տիրիթի («Արշակ Երկրորդ»), Սարոյի («Անուշ»), Կառլոսի («Դոն Կառլոս»), Օթելլոյի («Օթելլո»), Ալֆրեդի («Տրավիատա»), Շահումյանի («Դավիթ-Բեկ»), Մանրիկոյի («Տրուբադուր»), Կավարադոսիի («Տոսկա») դերերգերով, որոնց բնորոշ են եղել դրամատիկական զգացմունքների խորությունը, դերասանական տպավորիչ կատարումը և ռեժիսորական նուրբ մեկնաբանությունները:

Լևոնյանը Հայաստանում առաջինը ստեղծեց օպերային ֆիլմեր և իր ռեժիսորական ինքնատիպ մոտեցումներով էկրան բարձրացրեց «Պողիկտոս», «Ալմաստ», «Արշակ Երկրորդ» օպերաները, որոնք դարձան նրա բեմական նորարարական արվեստի խորհրդանիշը:

Սակայն Լևոնյանը նույնպես դարձավ պետական բյուրոկրատիայի զոհը. 1999 թվականին մշակույթի նախարարության հրամանով Լևոնյանն ազատվեց աշխատանքից` զրկվելով ոչ միայն բեմադրելու, այլ նաև երգելու հնարավորությունից:

Արհամարհվեց Լևոնյանին գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնում վերականգնելու մասին թատրոնի 125 արտիստների ստորագրությամբ նամակը: Մամուլում նրա դեմ ծավալվեց ստորացուցիչ քարոզարշավ. գրում էին, իբր, այդ ստորագրությունները Լևոնյանը հարկադրելով է հավաքել:

«Ինձ համար օպերան, բեմը կյանք է, եթե ինձ զրկում են բեմից, զրկում են նաև կյանքից,- ասել է Լևոնյանը: - Ես դեռ 93-ին հայտարարեցի բեմից, որ անհրաժեշտ է մշակույթի մասին օրենք, որ մշակույթը պաշտպանի մշակույթի նախարարությունից»:

«Տիգրանն աշխատում էր, ստեղծագործում էր, որովհետև նրա մտքից անձրևի նման հորդում էին գաղափարները, բայց մենք մինչև հոգու խորքը վիրավորված էինք, և մեզ անտեսելու վիրավորանքը միայն մերը չէր, այլ ողջ արվեստասեր հասարակությանը»,- ասում է Լևոնյանի այրին` երգչուհի Գոհար Գասպարյանը, Ավետիք Իսահակյանի բնորոշմամբ` «հայոց սոխակը»:

«Նա գնաց չգնահատված, մերժված, թերևս հիվանդության պատճառն էլ հենց անսահման վիրավորանքն էր, որ չսպիացավ նրա սրտում»,- դողացող ձայնով ասաց ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Օպերայից հեռանալուց հետո էլ նա չդադարեց ստեղծագործելուց: 2001 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Լևոնյանը Զվարթնոցի տաճարում իրականացրեց «Պողիկտոս» ու «Անուշ» օպերաների բացօթյա բեմադրությունները:

Բալետմայստեր Վիլեն Գալստյանի խոսքերով` նրա ճոխ հոգեհանգիստը կազմակերպելու փոխարեն պետությունը պետք է կյանքի ընթացքում գնահատեր նրա տաղանդը:

«Հայկական տարբերակ է` «Գնա մեռի, արի սիրեմ»,- ասում է Գալստյանը:


According to Agnes
 

  Inside
 

Resolved: Survey finds Armenians ready to defend Karabakh at all costs

Full story

 
 

Setting the Pace: Kocharyan’s speech at Council of Europe wins praise and criticism at home

Full story

 
 

A Byte with...

Christine Pepelyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Bearing Fruit

A priest blesses a bowl of Armenian apricots prior to the opening of the Golden Apricot International Film Festival in Yerevan on June 30. The fruit was handed out to guests at the opening ceremony at the city's Moscow Cinema.

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.