Ալվարդ Գևորգյանը շոյում է 10-ամյա դստեր` Մարիամի գլուխը և հուզված պատմում. «Երեխայիս հազիվ կարողացա հետ բերել, ինձ թվում էր` էլ երբեք չեմ տեսնի նրան: Հետ եկավ հիվանդ, ոջիլի ու տզի մեջ կորած: Գլուխն ամբողջովին վերքերով էր պատված»:
Մարիամը մեկն է այն 30 երեխաներից, որոնց ուղարկել են Հնդկաստան Կալկաթայի մարդասիրական ճեմարանում ուսանելու: Ծրագիրը հովանավորում է Հայ Առաքելական եկեղեցին: Մարիամն ընդամենը յոթ տարեկան էր, երբ 2001 թվականին մեկնեց Հնդկաստան:
|
Ալվարդ Գևորգյանն ասում է, որ իր դուստր Մարիամը Հնդկաստան չի վերադառնա |
«Նամակներում չէին թողնում վատ բան գրեինք: Հենց տեսնում էին` պատռում էին, բայց հենց մամաս զանգում էր, ասում էի. «Մամ ջան, մի բան արա, ինձ հետ տար»,- ասում է Մարիամը:
Ալվարդն ամուսնու և երկու աղջիկների հետ ապրում է Էջմիածնից 3 կմ հեռավորության վրա գտնվող Տնկարան թաղամասի նախկին թիվ 18 պրոֆտեխուսումնարանի կիսավեր շենքում: Ալվարդի խոսքերով` տունն «իսկական կռիսանոց է», և նա ամաչում է հյուրերին ներս հրավիրելուց:
Այս կրթական ծրագրով ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն են ստանում մեկնել Հնդկաստան և սովորել Կալկաթայի ճեմարանում: Առաջին հերթին ընտրում են մանկատների, միակողմանի ծնողազուրկ և սոցիալական խիստ անապահով պայմաններում ապրող երեխաներին:
Ալվարդը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ: Նա համարում է, որ իրեն թյուրիմացության մեջ են գցել Կալկաթայում դստեր ապրելու պայմանների առումով: Սակայն Մարիամն ասում է, որ այնտեղ ինքը շատ ավելի լավ կրթություն է ստացել, քան կարող էր ստանալ այստեղ և, բացի այդ, լավ անգլերեն է սովորել:
Մարիամը երեխաների առաջին խմբում էր, որ 2001 թվականին մեկնեց Հնդկաստան: Ընտանիքը տեղեկացել էր ծրագրի մասին հեռուստատեսային գովազդից և դիմել էր Հնդկաստան գնալու համար: Նրանք հանդիպում էին ունեցել մի քահանայի հետ, որը բացատրել էր, թե Հնդկաստան մեկնած երեխաների ծնողները, հնարավոր է, 10 տարի չտեսնեն իրենց երեխաներին: Այդուհանդերձ Ալվարդը ստորագրել է փաստաթղթերը` համոզված լինելով, որ դա լավագույն հեռանկարն է դստեր համար:
Մարիամը ցույց է տալիս Հնդկաստան մեկնելիս օդանավակայանում արված լուսանկարը: Երեխաների հետ Հնդկաստան էր մեկնել նաև հայր Ղևոնդը, որը հետևել է, որ երեխաների մասին լավ հոգ տանեն: Մարիամն ասում է, որ ամեն ինչ լավ էր, քանի դեռ նա Հնդկաստանում էր, սակայն մեկ տարի անց, երբ նա վերադարձավ Հայաստան, սկսվեցին պրոբլեմները:
«Սկզբում լավ էր, բայց հետո
Հիմա միայն սովորելուս համար եմ ափսոսում: Ախր, մեզ վիրավորում էին, ծեծում: Անգամ երեխեքի մեջ կային այնպիսիները, որոնք լսում էին, թե հեռախոսով ինչ էինք խոսում, ու հետո վազելով ասում էին ուսուցիչներին»,- ասում է Մարիամը:
Ալվարդն ասում է, որ մեծ դժվարությամբ է կարողացել աղջկան հետ բերել Հայաստան, վերադարձի տոմս գնելու համար ստիպված է եղել դիմել Էջմիածնի քաղաքապետի ֆինանսական աջակցությանը:
«Մինչև տոմսի գումարը տեղ չհասավ, երեխայիս չուղարկեցին»,- վրդովված ասում է նա:
13-ամյա Վարդան Մանուկյանը, որը հետ վերադարձածներից է, ասում է. «Ճիշտ է, շատ էի կարոտել, բայց եթե Հնդկաստանում ամեն ինչ լավ լիներ, կմնայի: Պատահում էր` ընկերներով վիճում էինք, մեզ ասում էին` «մեղավոր եք» ու ծեծում էին: Այո, օրը երեք անգամ էին կերակրում, բայց ուտելիքն իմ դուրը չէր գալիս»:
Վարդանի մայրը` Գեղեցիկ Մանուկյանը, ասում է, որ ամեն զանգելիս որդին բողոքել է ճեմարանից ու խնդրել, որ իրեն հետ բերեն Հայաստան: Գեղեցիկը դիմել է Վեհափառին, Հայաստանում Հնդկաստանի դեսպանին, սակայն ի վերջո տղային Հայաստան է բերել իր ուժերով:
«Երեխայիս բերած օրը պետք է տեսնեիք: Եկան փետրվար ամսին` կարճաթև, հիվանդ վիճակում, ինչի էդպե՞ս են երեխա պահում: Չէ՞ որ մեր երեխաներին իրենց այդ վիճակով չէինք տվել»,- ասում է նա:
|
Տիգրան սարկավագը մտադիր է քննել բողոքները |
Կալկաթայի մարդասիրական ճեմարանը հիմնվել է 1821 թվականին: Այն Սփյուռքի ամենահին ուսումնական հաստատություններից է, որտեղ ժամանակին ուսսանելու էին գալիս նաև Նոր Ջուղայի, Սպահանի և Իրաքի հայկական համայնքներից: Մարդասիրական ճեմարանն անընդմեջ գործել է` օգտվելով ուսումնական հաստատությունների համար Հնդկաստանում սահմանված բոլոր արտոնություններից:
Սակայն 2000 թվականին ճեմարանն ուներ ընդամենը հինգ սան և փակվելու սպառնալիքի առջև էր: Հենց այդ ժամանակ էլ մշակվեց հայաստանցի երեխաներին Կալկաթա ուսման ուղարկելու ծրագիրը:
Ճեմարանը հոգում է սաների բոլոր ծախսերը` սնունդ, համազգեստ, գրենական պիտույքներ, ծախսելու փող է տալիս սաներին` ամսական մոտ 6000 դրամ: Ծննդյան տոներին յուրաքանչյուր սան ստանում է 15 հազար դրամ, իսկ իրենց ծննդյան օրը նվեր են ստանում:
Տիգրան սարկավագ Բաղումյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Կալկաթայի ծրագրի համակարգողն է:
Նա լսել է երեխաների բողոքների մասին, սակայն կասկածում է, որ նրանց հետ վատ են վարվել կամ նրանց նամակները ստուգել են: Այդուհանդերձ, նա մտադիր է մեկնել Հնդկաստան` իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով:
«Ծրագրի նպատակը մեկն է. այն երեխաները, ովքեր չեն կարողանում տարրական կրթություն ստանալ Հայաստանի պայմաններում, Մայր Աթոռի աջակցությամբ լիարժեք ուսում են ստանում Կալկաթայում»,- ասում է նա:
Նրա հավաստմամբ` այս տարի նախատեսվում է ևս 30 երեխա ուղարկել Կալկաթա, իսկ դիմումներն ավելի շատ են, քան տեղերը: Նա նաև ասում է, թե տեղյակ է, որ Կալկաթա մեկնած որոշ երեխաներ չեն դիմացել կարոտին կամ չեն կարողացել հարմարվել նոր պայմաններին:
«Ես քաջածանոթ եմ ճեմարանի կյանքին ու գործունեությանը: Հանդիպել եմ մի շարք ծնողների, որոնք բողոքում են երեխաների առողջական վիճակից: Ինչ խոսք, Հնդկաստանի բնակլիմայական պայմանները խիստ են, դրանց հարմարվելը դժվար է: Այսօր Հայաստանում է ութ երեխա, որոնք չեն ուզում վերադառնալ»:
«Այս պարագայում ընտրությունը թողնում ենք երեխաներին ու ծնողներին»,- ասում է Տիգրան սարկավագը:
Ըստ Տիգրան սարկավագի` հաշվի առնելով ծնողների մտահոգությունները, իրենք ծրագրի մեջ փոփոխություններ են կատարել: Երեխաները շուտով հնարավորություն կստանան էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել ընտանիքներին: Երևանում շուտով կբացվի կենտրոն, ուր ծնողները կկարողանան գնալ և հեռախոսով անվճար խոսել երեխաների հետ: Բացի այդ կկարողանան օգտվել ինտերնետից:
Եկեղեցին նաև ծրագրում է ամռանը երեխաներին ինքնաթիռով բերել Հայաստան, որպեսզի նրանք արձակուրդն անցկացնեն իրենց ընտանիքի հետ: Հունիսի 12-ին երեխաներն արդեն ժամանել են և կմնան Հայաստանում մինչև օգոստոսի 10-ը:
|
Կալկաթայի ճեմարանը |
15-ամյա Անդրանիկ Մաթևոսյանն նրանցից մեկն է: Նա ընդունում է, որ ճեմարանի ուսուցիչները շատ խիստ են և հարվածում են երեխաներին և ձեռքով, և փայտով, սակայն իրեն երբեք չեն ծեծել:
«Հաճախ ծեծում են ու թույլ չեն տալիս օգտվել լողավազանից և հեռուստացույց նայել: Եթե ուտելիս խոսում ես, ոտքի են կանգնեցնում և ստիպում են ուտել կանգնած»,- ասում է Անդրանիկը:
Այս ամենը չի մտահոգում նրա մորը` Կարինե Կիրակոսյանին: «Եթե երեխան իրեն վատ է պահում, ոչինչ չի պատահի, եթե մի հատ ապտակեն: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Դպրոց է: Եթե հաճախում են այդ դպրոցը, ուրեմն պետք է դիմանան ամեն ինչին ու շարունակեն սովորել»:
Նախատեսվում է նաև մի խումբ ծնողների տանել Հնդկաստան, որպեսզի նրանք անձամբ ծանոթանան ճեմարանի պայմաններին և փարատեն հայաստանցի ընտանիքների երկյուղները:
Տիգրան սարկավագի հավաստմամբ` Մայր Աթոռը պաշտոնապես պատասխանել է ծնողների դիմումներին, որտեղ նրանք բժշկական օգնություն են խնդրել: Նամակով նրանց հայտնել են, որ եկեղեցին պատրաստ է ստանձնելու երեխաների բուժման բոլոր ծախսերը Երևանի «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոցում: Սակայն ծնողները հրաժարվել են:
«Դժվարանում եմ պատճառն ասել, բայց նրանք երևի թե ակնկալում են եկեղեցուց որպես փոխհատուցում մեծ գումարներ ստանալ»,- ասում է նա:
Ալվարդն ասում է, որ այլևս երեխային եկեղեցուն չի վստահի: Նա ուզում է, որ գոնե վճարեն հեռախոսի պարտքերը, որոնք կուտակվել են Մարիամին Հնդկաստանից հետ բերելու հետ կապված զանգերից:
Այժմ շուրջ 50 երեխա վերադարձել է Հայաստան ամառային արձակուրդն անցկացնելու: Տիգրան սարկավագն ասում է, որ զրուցել է նրանցից շատերի հետ, և որոշ ծնողների բողոքներում արձանագրված փաստերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր ճեմարանում ուսանում է 118 սան` 81 տղա և 37 աղջիկ: Մեծ մասը` 78 երեխա, Հայաստանից է, 35-ը իրանահայ են, չորսը` հնդկահայ, իսկ մեկը` իրաքահայ:
Վարդանն ասում է, որ ճեմարանում սովորել է անգլերեն, ռուսերեն, հինդի, նաև Հայաստանին առնչվող առարկաներ: Նա հաստատ որոշել է Կալկաթա չվերադառնալ, բայց ափսոսում է ուսումը կիսատ թողնելու համար:
«Գիտեմ, եթե սովորեի, կարգին մարդ կդառնայի»,- ասում է նա:
Անդրանիկը նրանց թվում է, ովքեր հիվանդ են վերադարձել Հայաստան, և 15 օր է անցկացրել Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցում: Սակայն անհամբերությամբ է սպասում Հնդկաստան վերադառնալուն: Նա բարձր է գնահատում ուսումը ճեմարանում և ասում է, որ այն կօգնի իրեն լավ աշխատանք գտնել:
«Եթե մնայի Հայաստանում, մայրս չէր կարող ինձ համար նման կրթություն ապահովել: Ոչինչ, կդիմանամ բաժանման տարիներին»,- ասում է Անդրանիկը:
|