Հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը:
Կրոնական նկատառումներով զենք կրելուց հրաժարվողները առաջիկա զորակոչի համար մինչև սեպտեմբերի 1-ը կարող են դիմել զինվորական կոմիսարիատներ` այլընտրանքային ծառայության իրավունք ստանալու համար: Սակայն 24 ամսվա փոխարեն նրանք կծառայեն 36-42 ամիս:
Մինչև այժմ զինծառայությունը Հայաստանում պարտադիր էր առանց բացառության բոլոր երիտասարդների համար: Այլընտրանքային ծառայությունն իրականացվելու է երկու ձևով. այլընտրանքային զինվորական ծառայություն, որը տևելու է 36 ամիս և անցկացվելու է զինված ուժերի համակարգում, սակայն չի առնչվելու մարտական առաջադրանքների հետ, և այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որև տևելու է 42 ամիս և անցնելու է քաղաքացիական ծառայության տեսքով հիվանդանոցներում, ծերանոցներում և այլ սոցիալական հաստատություններում:
|
Սեդրակ Սեդրակյանն ակնկալում է, որ այլընտրանքային ծառայության դիմողները շատ չեն լինի |
«Հայտնի չէ, թե որքան դիմումներ կլինեն, սակայն պետք է ենթադրել, որ դրանք չեն գերազանցի երեք տասնյակը: Դա էական չի լինի Հայաստանի զինված ուժերի համար»,- ասում է ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը:
«Առայժմ տեղեր են առաջարկել որոշ նախարարություններ, և բնականաբար տեղերում էլ կազմակերպվելու են այդ աշխատանքները: Վարչապետի հանձնարարությամբ առաջարկներ են ուղարկվել գրեթե բոլոր գերատեսչություններին»,- ասում է Սեդրակյանը:
«Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի ընդունումը Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից էր, որն ընդունվեց այս տարվա հունվար ամսին:
Կառավարությունում և Ազգային ժողովում վերջին 4-5 ամիսներին քննարկումներ են տեղի ունեցել, փոփոխություններ ու լրացումներ են կատարվել օրենքը կիրառելի դարձնելու նպատակով: Դրանք վերաբերում էին այլընտրանքային ծառայողների ծառայության տեսակին, սոցիալական ապահովությանը, ծառայության պատասխանատվությանը, վայրին, համազգեստին և այլ խնդիրների:
Այլընտրանքային ծառայության համար սահմանված ժամկետներն արժանացել են Եվրախորհրդի փորձագետների քննադատությանը: Եվրոպացիները համարում են, որ դրանք չափազանց երկար են և նման են պատժի: Նրանք պնդում են, որ զինվորական և քաղաքացիական ծառայության ժամկետները պետք է հավասար լինեն, որպեսզի պաշտպանվեն մարդու իրավունքները:
«Մենք որդեգրելու ենք երկու սկզբունք. մեր բանակը մնալու է պարտադիր զինծառայության հիմքի վրա համալրվող բանակ, և մենք ընդունում ենք այլընտրանքային ծառայություն ոչ թե իր քաղաքացիական իմաստով, այլ որպես առաջին քայլ դեպի քաղաքացիական ծառայություն»,- ասում է օրենքի նախագծի հեղինակ և Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:
Խորհրդարանական բոլոր ուժերը քննարկումների ընթացքում միակարծիք էին օրենքն ընդունելու հարցում, սակայն, ըստ նրանց, դա չի նշանակում, որ հայկական կողմը կատարելու է եվրոպական կառույցների ներկայացրած բոլոր պահանջները:
Այլընտրանքային ծառայության հնարավորությունն օրենքը նախատեսում է բացառապես կրոնական համոզմունքների հիման վրա: Այն չի նախատեսվում, մասնավորապես, պացիֆիստական համոզմունքների համար: Այլընտրանքային ծառայություն անցնել ցանկացողները պետք է դիմեն պաշտպանության նախարարություն և համոզեն պաշտոնյաներին, որ իրենց կրոնական հայացքներն արգելում են զինվորական ծառայություն անցնել:
Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ օրենքը թերի է և գործնականում չի գործելու: «Կարծում եմ, օրենքը պարզապես կմնա թղթի վրա: Օրենքն իր տրամաբանությամբ պատժիչ է»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հայկական բանակում զինվորական ծառայություն են անցնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` եզդիներ, մոլոկաններ, սակայն միայն Եհովայի վկաներն են հայտարարում, որ զինվորական ծառայությունը հակասում է իրենց համոզմունքներին:
Բանակում ծառայելուց հրաժարվելու համար քսան Եհովայի վկաներ ենթարկվել են դատական պատասխանատվության և դատապարտվել ազատազրկման, ինչն առաջ է բերել Եվրախորհրդի և կրոնական անհանդուրժողականության դեմ պայքարող այլ միջազգային կազմակերպությունների քննադատությունը: Սակայն հակառակ Եվրախորհրդի պահանջի` նրանց շարունակում են պահել ազատազրկման վայրերում:
«Այս օրենքը պետության հանդեպ պարտավորության փոխարինման ձև է, որը վերաբերում է այն կրոնական համայնքներին, որոնց կրոնական համոզմունքը թույլ չի տալիս զենք կրել»,- ասում է ՊՆ իրավաբանական ծառայության պետ Սեդրակյանը:
«Օրենքն ընդունելուց հետո գոնե Եհովայի վկաներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիր չի առաջանա»,- ասում է նա:
Նա համաձայն չէ այն կարծիքին, թե այսպիսի մոտեցումը երիտասարդներին կարող է մղել դեպի աղանդավորական կազմակերպություններ: Այլընտրանքային զինծառայողները զորակոչվելու են առանձնացված ստորաբաժանումներ, որոշակի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ լինելու են իրար հետ:
«Նրանք կծառայեն Հայաստանի զինված ուժերում, բայց ոչ ռազմական ստորաբաժանումներում: Ընտրվել է վաշտի սկզբունքը, որոշակի թվով այլընտրանքային զինծառայողներ կկատարեն իրենց պարտքն առանց զենք կրելու»,- ասում է Սեդրակյանը:
«Նրանց հետ չեն լինի այն քաղաքացիները, ովքեր չունեն կրոնական հայացքներով պայմանավորված սահմանափակումներ: Մեր խնդիրն է ապահովել այնպիսի պայմաններ, որ նրանք միմյանց չխանգարեն»:
Այս տարվա մարտի 1-ին ուժի մեջ մտավ ևս մեկ օրենք, որը թույլ է տալիս պարտադիր զինծառայությունից խուսափած և արտասահման մեկնած առնվազն 27 տարեկան տղամարդկանց ներման արժանանալ` որոշակի գումար մուծելով ՊՆ հատուկ հաշվին:
Ըստ ՊՆ տվյալների, նման քաղաքացիների թիվն առնվազն հինգ հազար է: Յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար նրանք պետք է որոշակի գումար մուծեն` առավելագույնն ընդամենը 1,8 միլիոն դրամ: Ըստ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակյանի` առ այսօր քննարկվել է շուրջ 150 քաղաքացու հարց, որոնց բոլորին էլ դրական ընթացք է տրվել:
«Նախնական հաշվարկով 120-125 միլիոն դրամի հարց է քննարկվել, որից շուրջ 80 միլիոն արդեն մուտք է գործել ՊՆ համակարգ»,- ասում է Սեդրակյանը:
Նրա կարծիքով` դիմողների մեծ մասը ձգտում է լուծել այս հարցը, որպեսզի Հայաստան ազատ ելումուտ ունենա, քանի որ նրանց հարազատներն այստեղ են:
«Օրենքը կօգնի շատ քաղաքացիների վերականգնելու իրենց կարգավիճակը, հնարավորություն ունենալ ազատ այցելել կամ մեկնել Հայաստանից»,- ասում է Սեդրակյանը: |