Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սովորականից մարդաշատ էր: Արարատյան Հայրապետական թեմի կողմից հռչակված երիտասարդների ուխտագնացության օրն այստեղ էր հավաքել Երևանի տարբեր բուհերի ու դպրոցների շուրջ երկու հազար երիտասարդ:
|
Էջմիածնում ուխտավորները քայլում են խաչի հետևից |
Ուխտագնացության կազմակերպիչն է Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունը: Տեղացի երիտասարդների հետ են նաև սփյուռքահայ ուսանողները: Երիտասարդ ուխտավորներին առաջնորդում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը:
Ուխտավորներից մեկը` բժշկական համալսարանի վայոցձորցի ուսանողուհի Տիգրանուհի Հովհաննիսյանը, ասում է. «Ուխտագնացությունը յուրաքանչյուր հայի ու քրիստոնյայի պարտքն է: Սա հնարավորություն է ավելի լավ ճանաչելու ազգային եկեղեցիդ»:
Մեկ այլ ուխտավոր` Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանող Արման Հարությունյանն ասում է. «Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է խոստովանեմ, որ կազմակերպել են, ես էլ միացել եմ: Բայց այս պահին արդեն գոհ եմ, որ մասնակցեցի, որովհետև զգում եմ, թե որքան ենք մոտենում հոգևոր կյանքին ու ակունքներին, ինչն այսօր այնքան անհրաժեշտ է բոլորիս»:
Ս. Էջմիածնի բակում երիտասարդական աշխույժ եռուզեռ է: Ուխտավորներն սպասում են պատարագի: Եկեղեցու զանգի ախորժալուր ղողանջները նրանց ներս են կանչում: Պատարագը մատուցում է Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:
«Ուխտագնացությունը մեծագույն խորհուրդներից մեկն է: Մարդիկ սրբավայր ուխտի գնալով` նախ հաղորդակցվում են այդ սրբավայրին: Ու պատահական չէ, որ ընտրվել է Էջմիածինը. սա այն վայրն է, որտեղ իր օրհնությունը բերեց Քրիստոս»,- բացատրում է Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կենտրոնի պատասխանատու Մանուկ սարկավագ Ղալաչյանը:
|
Մոմեր և աղոթք |
Ըստ նրա` երիտասարդների հոծ բազմությունը ուրախացնում է և հույս ներշնչում` եկեղեցին և ժողովուրդը միասնական են, որով էլ պայմանավորված է եկեղեցու ուժը:
Պատարագից հետո եկեղեցու բակում երիտասարդներն օրհնություն են ստանում: Բաժանվում են «Ս. Էջմիածնի ուխտավորին» գրքույկներ:
Գրքույկում տեղ է գտել Մեսրոպ արք. Աշճյանի «Հեզր աշխարհի» աշխատությունից մի հատված. «Ուխտը դաշինք է, երդում է, խոստում է, հանձնառություն է, տառապանք է, հաղթանակի և նվաճման իրավունք է: Մարդը դեպի երկինք իր մեծ ուղևորության մեջ ուխտավոր է, նրա ուխտագնացությունը երեք կետ ունի: Առաջինը վայրի սրբությունն է. մենք դեպի մի տեղ ենք գնում: Այդ վայրը սուրբ տեղ է: Երկրորդ` ճամփորդում ենք դեպի այդ սուրբ վայրերը: Շարժում է ուխտավորությունը: Երրորդ` տեղափոխվում ենք, մեր նպատակն է ապրել ներկան հոգևոր կերպով և անձի համար ապահովել հոգևոր շահ»:
Մանուկ սարկավագ Ղալաչյանը բացատրում է. «Ուխավորին ժամանակին մահտեսի էին ասում, ուխտավորը չէր մտածում` ինչ պիտի ուտի, որտեղ պիտի գիշերի ու երբ պիտի հասնի: Ասում էին` «Առաջ Աստված» ու քայլում դեպի այդ սրբատեղին»:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու էլզա Մանուկյանն ասում է. «Մեր թեմն այսպիսի ուխտագնացություններ կազմակերպում է ամեն տարի: Հրավիրել ենք բոլոր ուսանողներին, նաև այն երիտասարդներին, ովքեր նոր են ավարտել դպրոցը և նոր կյանքի շեմին են: Շատերն ուսումնառությունն ավարտում են, շատերն էլ պատրաստվում են քննությունների: Այս ամենը կապված է մեծ նպատակների հետ, որոնցով նրանք այսօր ուխտի են եկել Ս. Էջմիածին»:
|