ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
July 2, 2004




Կռիվ հողի համար. այգետերերը փորձում են փրկել հնագույն այգիները բետոնե ջունգլիների վերածվելուց

Չնայած հորդառատ անձրևին` հունիսի 28-ին հնագույն այգիների ճակատագրով անհանգստացած մոտ 40 մարդ էր հավաքվել ԱԺ շենքի մոտ:

Դալմայի այգիները Ծիծեռնակաբերդին հարող 530 հա հողատարածքն է: Այն 3000 տարվա պատմություն ունի և համարվում է պատմամշակութային հուշարձան, որտեղ հնագույն ժամանակներից խաղող են աճեցրել և գինի պատրաստել:


Ներկայումս այդ տարածքում ավելի քան 100 տնտեսություն կա, ընդ որում, այգետերերը շատերն իրենց հողատարածքները մշակում են տասնամյակներ շարունակ: Սակայն Երևանի քաղաքապետարանի մշակած քաղաքի զարգացման ծրագիրը սպառնում է Դալմայի այգիների գոյությանը:

Այգետերերի հավաստմամբ` արդեն պաշտոնական որոշում է ընդունվել մրգատու ծառերն ու խաղողի վազերը կտրելու մասին` ճանապարհ կառուցելու և տարածքը մի քանի գործարանների վաճառելու նպատակով:

«Տասներեք տարի աճեցրած մրգատու ծառերս արմատահան արեցին ու շպրտեցին իմ առաջ` ասելով, թե գործում են օրենքի շրջանակներում,- ասում էայգետերերից մեկը` Էլմիրա Կոստանդյանը: - Հաստաբուն ծառեր էին, որ տարիներ շարունակ խնամել էի, հիշելիս սիրտս մղկտում է»:

«Ես իմ ձեռքերով եմ հողը հատիկ-հատիկ մաղել ու այգի հիմնել,- հողից կոշտացած ու սևացած ձեռքերն առաջ է պարզում 70-ամյա Կառլեն Եղիազարյանը: - Խաղող եմ աճեցնում` խարջի, ոսկեհատ, նազելի: Այս սորտերը ոչ մի տեղ չեն մնացել, իսկ կառավարությունը որոշել է մեր այգիները տափաստանների վերածել ու շինարարություն սկսել»:

Խորհրդարանի մոտ հավաքված բողոքավորներն ասում են, որ թույլ չեն տա ապագա սերունդներին զրկել այգիներից` անվանելով դրանք Երևանի սիրտը: «Վերջերս նույնիսկ ջրի խնդիր են առաջացրել, որը նախկինում չկար, որ այգիները չորանան, բայց մենք դույլերով ենք այգիները ջրում և ուժեղ ենք կամքով»:

Այգեգործ Շեքսպիրը պահանջում է պաշտպանել իր հողը

Գայանե Հակոբյանը հինգ անչափահաս երեխայի մայր է և գոյատևում է այգի մշակելով: Նա ասում է, որ վարձակալության պայմանագրով ինքն այդ այգիներն առնվազն ևս տասը տարի մշակելու իրավունք ունի, սակայն քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ մարդիկ հրաժարվեն իրենց այգիներից:

«Գիշերները, երբ շատերը տուն են վերադառնում այգիներից, պաշտոնյաները գալիս ու թաքուն չափումներ են անում, կարծես դա արդեն իրենցն է,- ասում է Գայանեի ամուսինը՝ Գագիկ Պողոսյանը: - Երկու օր առաջ էլ տրակտորով մտել էին, որ պտղատու այգիները քանդեն, և միայն բոլորիս միահամուռ ջանքերով կարողացանք նրանց դուրս հանել ու այգին փրկել»:

«Մենք Աժ-ից պահանջում ենք, որ մեզ հանգիստ թողնեն ու զբաղվեն այս հարցով,- ասում է սպիտակահեր տարեց այգեպան Շեքսպիրը: - Այդ հողերը մերն են եղել և մերն էլ կմնան: Մենք ամեն ինչ արել ենք, որ այգիները գոյատևեն»:

Բնապահպանական Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ Դալմայի այգիները ցույց են տալիս, թե ինչպես կարելի է կիսաանապատային տարածքները համառ աշխատանքի շնորհիվ դարձնել բերրի, ծաղկուն այգիներ:

«Հարցը շատ լուրջ է. այգիները վերացնելու դեպքում մայրաքաղաքը կզրկվի իր թոքերից»,- ասում է նա:

Սանասարյանն ասում է, որ ամեն ինչ բարդացել ու խճճվել է, երբ Դալմայի այգիների կարգավիճակը փոխել են կառուցապատման գոտու: Այգիների հետագա ճակատագիրը որոշվում է հասարակությունից թաքուն քաղաքային և հանրապետական իշխանությունների կողմից: Օրինակ`
Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը հայտարարում են, թե քաղաքաշինական ծրագիրը հնարավորություն կտա փրկելու և պահպանելու Դալմայի այգիները: Սակայն, ըստ բնապահպանի, այդ ծրագիրը կարելի է համարել Դալմայի այգիների մահվան վկայականը:

«Բյուջեն լցնելու նպատակով Դալմայի այգիները շինարարության տակ դնելը շատ նման է այն գյուղացու արածին, որ տան միակ կովը մորթում է` ընդամենը մեկ օր խորոված ուտելու համար»,- ասում է Սանասարյանը:

ԱԺ տարածքային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Աշոտ Սահակյանը, որին հանձնարարվել է քննել հարցը, ասում է, որ այգետերերի դիմումից հետո իրենք լրջորեն զբաղվում են դրա ուսումնասիրությամբ:

Էլմիրա Կոստանդյանի 13 տարվա աշխատանքը ոչնչացվել է մեկ օրում

«Եթե այդքան աղմուկ է բարձրացել այս խնդրի շուրջ, ուրեմն ինչ-որ բան այն չէ,- ասում է նա: - Մենք կփորձենք հնարավորինս շուտ հարցին լուծում տալ»:

«Եթե կառավարությունը որոշում է կայացրել, մենք իրավունք չունենք միջամտել, բայց քանի որ մենք անտարբեր չենք այդ մարդկանց ճակատագրի հանդեպ, կփորձենք օգնել այն մոտ 400 այգետերերին, ովքեր դիմել են մեզ և ում այգիներն այդ տարածքից դուրս են»:

Այգետեր Ռուբեն Ռոստոմյանը տրամադրված է հոռետեսորեն: Նա ասում է. «Մենք գնացել ենք նախագահի նստավայր, դիմել ենք այլ բարձրաստիճան այրերի, սակայն առայժմ ամեն ինչ ապարդյուն է: Բոլորը խոստանում են, որ լավ կլինի, սակայն, խոստումները մնում են խոստումներ, իսկ վիճակն ավելի է վատանում:

Բայց մենք ոչնչի առաջ կանգ չենք առնի, կդիմենք ուր պետք է` և’ միջազգային ատյաններին, և’ մեր ղեկավարությանը: Կպայքարենք այգիների համար մինչև վերջ»:


According to Agnes
 

  Inside
 

Resolved: Survey finds Armenians ready to defend Karabakh at all costs

Full story

 
 

Setting the Pace: Kocharyan’s speech at Council of Europe wins praise and criticism at home

Full story

 
 

A Byte with...

Christine Pepelyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Bearing Fruit

A priest blesses a bowl of Armenian apricots prior to the opening of the Golden Apricot International Film Festival in Yerevan on June 30. The fruit was handed out to guests at the opening ceremony at the city's Moscow Cinema.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.