Այս շաբաթ գրողների համահայկական երկրորդ համաժողովին էին հավաքվել ավելի քան 60 գրող 18 երկրներից:
|
Գրողները խոսք են փոխանակում բառերի մասին
|
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կազմակերպած համաժողովը նույն հարկի տակ հավաքեց Հայաստանի և Սփյուռքի գրողներին` հայ գրականության մեջ տեղ գտած զարգացումները քննելու նպատակով: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ 2002 թվականին տեղի ունեցած առաջին համաժողովն ավելի ճանաչողական բնույթ ուներ, քանի որ մինչ այդ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ գրողներն անձնական շփումների քիչ հնարավորություն ունեին:
Ի տարբերություն նախորդ համաժողովի` այս անգամ համաժողովին մասնակցում էին մեծ թվով սփյուռքահայ պատվիրակներ: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին լիագումար նիստեր՝ «Հայ գրականության նորագույն զարգացումները», «Ազգային դպրոց և ազգային գրականություն», «Պատմական հիշողությունը և ժամանակակից գրականությունը» խորագրերով:
Համաժողովի ընթացքում նաև նշվեցին Հայաստանի գրողների միության 70-ամյակը և սփյուռքահայ գրող Զահրատի 80-ամյակը: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Արցախ և հանդիպումներ ունեցան մտավորականության և բանակի ներկայացուցիչների հետ:
Նրանք կմասնակցեն նաև հայ մեծանուն գրող Մուրացանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Թեև այսօր սփյուռքահայ գրողներից շատերը նաև հասարակական և կուսակցական գործիչներ են, համաժողովում նախատեսված չեն քննարկումներ քաղաքական թեմաներով:
Առաջին համաժողովից հետո ՀԳՄ-ն կազմակերպել է երեք կարևոր միջոցառում՝ գերխնդիր ունենալով Սփյուռքի գրական կազմակերպությունների համախմբումն ու միավորումը: Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կալիֆորնիայի հայ գրողների հիմնադիր համագումարը, Բեյրութում՝ Մերձավոր Արևելքի գրողների համախմբման համագումարը, իսկ վերջերս ՀԳՄ պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, Իրանում նախապատրաստել է իրանահայ գրողների համագումարը:
Անանյանը նշեց, որ գրական կամուրջներ գցելուց զատ, համաժողովը նաև ստեղծել է Համահայկական գրական հիմնադրամ, որն օժանդակելու է հայ գրականության զարգացմանը և հայ գրողների գործերի հրատարակմանը: Հայաստանում անցկացված հեռուստամարաթոնի ընթցքում արդեն հավաքվել է շուրջ 200 հազար դոլար: Դրամահավաք կկազմակերպվի նաև Արցախում և Սփյուռքում:
Արդեն ծրագրվում է երկու տարի հետո կայանալիք գրողների համահայկական երրորդ համագումարը, որը հավանաբար տեղի կունենա սփյուռքահայ գաղթօջախներից մեկում:
|