ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
January 30, 2004 




Փոթորկի կանխատեսում. ինչու՞ «Արմենտելին» «ալլո» ասելն այնքան էլ լավ գաղափար չէր



Այսօր պետք է վերսկսվի այն դատավարությունը, որտեղ որպես կողմեր հանդես են գալիս ցածրորակ հեռախոսային ծառայության սպառող Հայաստանի կառավարությունը և այն ընկերությունը, որը փորձում է լարերով իրար կապած թիթեղյա տուփերն այստեղ ներկայացնել որպես հեռախոսային սարքավորում:

Եթե մեր ինտերնետային կապը, որը նույնպես իրականացվում է լարաթիթեղային այդ սարքավորման միջոցով, չափից ավելի դանդաղ չլինի այս հոդվածը ձեզ հասցնելու համար, ապա ահա նախապատմությունը այն դեպքերի, որոնք հասցրեցին այս օրվան:

Վերադառնանք 1997 թվական, երբ հեռահաղորդակցությունների հունական «ՕՏԵ» ընկերությունը 80 մլն դոլար վճարեց Հայաստանի կառավարությանը ու 62,5 մլն դոլար՝ բավականին հայտնի ամերիկյան «Տրանս ուորլդ տելեկոմ» ընկերությանը և ձեռք բերեց Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ունեցող «Արմենտել» ընկերության արժեթղթերի 90 տոկոսը: Այդ գործարքի շրջանակներում «ՕՏԵ»-ն համաձայնեց մինչև 2008 թվականը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներդրել 300 մլն դոլար, որի երկու երրորդը՝ մինչև 2003 թվականը, և բջջային ցանցը տարածել Հայաստանի բոլոր մարզերի վրա մինչև 2004 թվականի ավարտը:

(«Տրանս ուորլդ տելեկոմ» ընկերությունը, որն այժմ իր ուշադրությունը կենտրոնացրել է Կարիբյան հեռահաղորդակցության ցանցի վրա, ըստ ընկերության վեբսայթի «Արմենտելի» արժեթղթերը ձեռք է բերել 1995 թվականի հուլիսին: Դրանից հետո աղմուկ է բարձրացել այդպես էլ մինչև վերջ չպարզված պատճառներով. մասնավորապես ընդդիմադիր ուժերի առաջնորդները հայտարարություններ էին անում իշխանական բարձր օղակներում մեծ կաշառքների մասին: 1999 թվականի մարտին ստեղծված նախագահական հանձնաժողովը խորամուխ եղավ այդ վեճի հետաքննության մեջ, սակայն հստակ պատասխանների չհանգեց: Դրանից մի քանի ամիս հետո Հայաստանի պետական եկամուտների նախարարությունը տուգանեց «Տրանս ուորլդ տելեկոմ» և «ՕՏԵ» ընկերություններին՝ փորձելով գանձել, ինչպես նախարարությունն էր պնդում, ավելի քան 18 մլն դոլար չվճարված եկամտահարկը, այդ թվում՝ ավելի քան 10 մլն դոլար տուգանքներն ու տույժերը, որոնք առաջացել էին «Արմենտելի» վաճառքի ընթացքում:)

«Արմենտելի» վաճառքում, բացի կաշառախտի սովորական դրսևորումից, իսկական հանցագործություն էր՝ պահպանել ընկերության հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների մենաշնորհը մինչև 2013 թվականը: Պետական ունեցվածքի սեփականաշնորհման հմաշխարհային փորձի երեք րոպեանոց վերլուծությունը բավական կլիներ պարզելու, որ երբ մենաշնորհային իրավունքները փոխանցվում են նոր սեփականատիրոջը, ապա մրցակցության բացակայությունից առաջացած պրոբլեմները նույնպես փոխանցվում են. քիչ են ծառայությունը բարելավելու կամ ներդրում անելու խթանները, բարձր են կարճաժամկետ շահութաբերությունը առավելագույնս մեծացնելու և ունեցվածքը «քամելու» խթանները (վաճառքի գործարքին մասնակցած նախարար Վահրամ Ավանեսյանի անցյառ ամառվա մեղայականից շատ բան է պարզ դառնում. «Մենք ստորագրեցինք պայմանագիրն առանց մասնագետների ու փորձագետների հետ խորհրդակցելու, - ըստ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ասել է նա: - Շատ շուտով մենք հասկացանք, որ շատ շատ սխալվել ենք»): Այդ գործարքի կանխատեսելի արդյունքն էին սարսափելի վատ ծառայությունը, ահավոր բարձր սակագները, կապուղիների աղետալի որակը և ինտերնետային կապը, որը գործում է Արարատի գագաթին ձյան հալչելու արագությամբ:

ՈՒժեղ հասարակական ճնշման տակ Հայաստանի կառավարությունը փորձում է փոփոխություններ մտցնել «ՕՏԵ»-ի հետ իր կնքած գործարքում: Սեպտեմբերին կառավարությունը հայտարարեց ինտերնետային և բջջային հեռախոսակապի ծառայությունների նկատմամբ «Արմենտելի» բացառիկ իրավունքները ՝ միակողմանիորեն դադարեցնելու իր մտադրության մասին՝ դա մասամբ պատճառաբանելով նրանով, որ «ՕՏԵ»-ն չարաշահում է մենաշնորհի իր դիրքը: Կառավարությունը նաև պնդում է, որ «ՕՏԵ»-ն չի կատարել Հայաստանում հեռախոսակապի զարգացման իր պայմանագրային պարտավորույթունները՝ մի մեղադրանք, որ «Արմենտելը» հրապարակավ մերժում է: Տեղեկանալով կառավարության մտադրություններին (սակայն ոչ էլեկտրոնային հստակ հաղորդակցման միջոցով) և իր ուշադրությունը կենտրոնացնելով «Արմենտելից» առավելագույն դրամ ստանալու վրա՝ «ՕՏԵ»-ն հոկտեմբերին որոշեց կրկնապատկել տեղական հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի սակագինը և կրճատել հեռախոսային խոսակցությունների անվճար ժամանակը: Սակագների աճը հակասում էր սակագները կայուն պահելու կառավարության տված երաշխիքներին և հանգեցրեց վերոհիշյալ դատական հայցին: Շարունակելով իր հարձակումը՝ «ՕՏԵ»-ն դեկտեմբերին արձագանքեց իրեն մենաշնորհից զրկելու կառավարության փորձերին՝ պայմանագիրը խախտելու համար միջազգային տնտեսական արբիտրաժային դատարանին հակահայց ներկայացնելով Հայաստանի կառավարության դեմ:

Գրեթե երկու տարի «ՕՏԵ»-ն փորձում էր ազատվել իր հայաստանյան մղձավանջից՝ վաճառելով «Արմենտելի» արժեթղթերը, սակայն գնորդներ այդպես էլ չհայտնվեցին, ինչը զարմանալի չէ: Ասեկոսեներն այն մասին, որ հունական ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի «Թուրք տելեկոմ» ընկերության հետ, անհիմն դուրս եկան, և այժմ «Արմենտել» կոչվող քաղաքական գլխացավանքի ամենահավանական գնորդը ռուսաստանյան հեռահաղորդակցությունների օպերատոր «Ռոստելեկոմ» հյուծված ընկերությունն է:

Թերևս ցածրորակ հեռախոսկապից էլ ավելի վատ էր այն, որ Հայաստանը անշնորհք կերպով իրականացնելով «Արմենտելի» վաճառքի գործարքը, վատնում էր իրեն ընձեռված հնարավորությունը՝ զարգացնելու մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) ու ծրագրեր, որն այն սակավաթիվ բնագավառներից է, որի վրա առանձնապես չի անդրադառնում հարևաններից երկուսի իրականացրած շրջափակումը: «ՄքՔինսի քուորթերլի» ինտերնետային պարբերականում [http://www.mckinseyquarterly.com/article_abstract.asp?ar=1391&L2=4&L3=42 (առանց բաժանորդագրության մատչելի է միայն հոդվածի ամփոփումը, ամփոփումը տեսնելու համար անհրաժեշտ է գրանցվել) վերջերս լույս տեսած հոդվածում կարծիք է հայտնվում, որ ՏՏ-ի և ծրագրերի զարգացման սեկտորները Հայաստանում շահել են երեք վճռորոշ մրցակցային առավելություններից՝ Հայաստանի կրթության բարձր մակարդակ ունեցող աշխատուժից, ցածր աշխատավարձից և հայկական սփյուռքից, որը կարող է ապահովել ֆինանսավորում և կառավարման առումով աջակցություն: Ներկայումս ՏՏ-ի և ծրագրերի զարգացման ընկերություններն ապահովում են Հայաստանի համախառն ներքին արտադրանքի երկու տոկոսը: Հեղինակներն առաջարկում են, որ տնտեսության այս ճյուղը զարգացնելու և երկրի մրցակցային առավելություններն օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ամրապնդել և ընդլայնել սեկտորի կրթական համակարգը, իսկ պետությունը և մասնավոր սեկտորը պետք է համագործակցեն այդ ոլորտ ներդրումներ բերելու համար:

Սակայն այս բնագավառի պակասող և (զարմանալիորեն) անտեսված բաղադրիչը, որն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է ՏՏ-ի ոլորտում որևէ երկարատև և հաջող ներդրման համար, հեռահաղորդակցությունների անխափան գործող ենթակառուցվածքն է: Հենրի Ֆորդը շատ հեռու չէր գնա, ուղղակի և փոխաբերական իմաստներով, եթե նրա առաջին ավտոմեքենայի ստեղծման ժամանակ չլինեին լավ ճանապարհներ: Եվ Հայաստանի ՏՏ-ի և ծրագրերի զարգացման ոլորտներն էլ ճիշտ այդպես կդոփեն տեղում, եթե չլինի համապատասխան մակարդակի ցանց:

Կիմ Իսկյանը Երևանում հաստատված արտահաստիքային լրագրող և վերլուծաբան է: Նա հաճախ է հանդես գալիս հետխորհրդային թեմաներով մեկնաբանություններով և վերլուծություններով: Նրա հոդվածները լույս են տեսել «Մոսքոու թայմզ», «ՈՒոլ սթրիթ ջորնալ», «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» և այլ պարբերականներում:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

In Honor

Wednesday was Army Day, marking the 12th anniversary of Republic of Armenia's forces. President Robert Kocharyan and government dignitaries visited a Yerevan military cemetary to pay respects.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.