 |
ºñ·ãáõÑÇ
ùáõÛñ»ñÁ
|
«Ծայրե ի ծայր հնչուն ոսկի և ադամանդ են, գերագույն
ստեղծագործություն, նրանց երգը` մեղրածոր, ամեն
մի շունչն ու շարժումը` աստվածային մի արարում»:
Այսպես է արտահայտում իր հիացմունքը երգչուհիներ
Անուշ և Ինգա Արշակյանների նկատմամբ ամերիկահայ
արվեստագետ Պետրոս Ալահայդոյանը: Նա միակը չէ, որ
ցնցված է քույրերի տաղանդով: Նրանց ամեն մի ելույթ
ընդունվում է ծափերի տարափով, նրանց երկրպագուներն
արտահայտում են իրենց գնահատումը նվերներով ու հիացական
խոսքերով:
Երիտասարդ երգչուհիները (Անուշը 24 տարեկան է,
իսկ Ինգան` 22) համեստությամբ ընդունում են կոմիտասյան
մաքրամաքուր երաժշտության ու հայկական մելամաղձոտ
շարականների իրենց կատարումների նման գնահատականը:
Նրանց կատարումներն ունկնդրելիս կարծես հայտնվում
ես անկշռելիության մեջ. իրար միաձուլված թավ ու
նուրբ ձայները օդի մեջ գալարվելով փարվում են մարմնիդ՝
համակելով քեզ մաքրությամբ ու լուռ հրճվանքով:
Ինգան ու Անուշը սկսել են երգել դեռ մանկուց,
սակայն մասնագիտություն ընտրելիս գերադասել են ջութակն
ու դաշնամուրը:
«Երգել շատ էինք սիրում, ամեն անգամ խոհանոցում
գործ անելիս երկձայն իմպրովիզացիաներ էինք հորինում
ու մոռացության մեջ ընկնում: Հետո մայրիկի հորդորներից
ուշքի էինք գալիս ու շարունակում ափսեները լվանալ»,
պատմում է Անուշը:
Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ այն, ինչ խոհանոցում
իրենց հաճույք էր պատճառում կամ բարեկամական հավաքույթներին
հիացական խոսքերի էր արժանանում, հետագայում կարող
է իրենց տանել մեծ բեմ ու արժանանալ ճանաչված երաժիշտների
բարձր գնահատականին:
«Ես հիացած ու ապշած էի, երբ այս համատարած ցածրաճաշակության
ժամանակաշրջանում լսեցի Անուշի և Ինգայի կատարումները:
Այնքան նրբորեն ու ճիշտ էին Կոմիտաս երգում, իսկ
շարականներ կատարելիս կարծես իսկական սրբեր լինեին»,
ասում է կոմպոզիտոր Էդíարդ Միրզոյանը:
Բարեկամական շրջանից դուրս քույրերին առաջին անգամ
նկատեցին 1999 թվականին, երբ նրանց հայտնագործեց
հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Շուշանը մեզ ասաց, որ անպայման պետք է գնալ Երգի
պետական թատրոն, որը երգիչների կայացման ու ինքնահաստատման
շատ կարևոր դպրոց է», ասում է Ինգան:
Հետևելով Շուշան Պետրոսյանի խորհրդին` Անուշն
ու Ինգան 2000 թվականին ընդունվեցին Երգի պետական
թատրոն, որտեղ և 2002 թվականին կայացավ նրանց առաջին
համերգը:
«Երգի պետական թատրոնի դահլիճը բավական անհարմար
է, քանի որ ինչպես էլ կանգնես, հետևում հանդիսատես
է մնում, - պատմում են քույրերը, - և համերգային
փորձերից մեկի ժամանակ հարցրեցինք թատրոնի տնօրեն
Արթուր Գրիգորյանին, թե ինչ անենք, որ հանդիսատեսի
հանդեպ մեջքով չլինենք»:
Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ եք այդքան
համոզված, որ դահլիճն այդքան լիքն է լինելու»:
Նրանց մայիսյան մենահամերգի ընթացքում դահլիճում
ազատ տեղ չկար: Երաժշտական բարդ նրբերանգներով լեցուն
հնչյունները ողողել էին թատրոնի դահլիճը: Մարդիկ,
որոնք երբևէ չէին եղել այդ թատրոնում, եկել էին
ունկնդրելու դեռևս անհայտ քույրերի անզուգական կատարումները:
Առաջին համերգին հաջորդեցին ելույթներ Թեհրանում
ու Լոս Անջելեսում: 2002 թվականին Անուշը և Ինգան
թողարկեցին իրենց առաջին սկավառակը` «Մենք ենք այս
սարերը»: Սկավառակը, որը պարունակում էր 11 երգ,
հաջողություն ունեցավ և արագ սպառվեց Հայաստանում
ու արտասահմանում: Իրենց աշխատանքի համար աղջիկներն
ստացան սկավառակի մեկ օրինակ:
Երբ աղջիկները հարցրին պրոդյուսերին, թե երբ են
ստանալու հոնորարը, նա պատասխանեց, որ վաճառքից
ստացված հասույթը տրամադրվելու է «Փյունիկ» հաշմանդամների
միությանը:
Քույրերն ասում են, որ միայն ուրախ կլինեին իրենց
արվեստով օգնելու հաշմանդամներին, սակայն այդ բարեգործությունը
խիստ կասկածելի էր թվում, քանի որ դրա մասին ոչ
իրենք գիտեին, ոչ էլ «Փյունիկը»: Այս տխուր նոտայի
վրա էլ ավարտվեց նրանց համագործակցությունը Երգի
պետական թատրոնի հետ:
Թատրոնից հեռանալուց հետո Ինգան ու Անուշը մենահամերգ
չեն ունեցել: Նրանք հովանավոր են փնտրում համերգային
ծախսերը հոգալու համար:
«Ինգան ու Անուշը նուրբ էակներ են, և նրանց համար
չափազանց դժվար կլինի ճանապարհ հարթել մի բնագավառում,
որտեղ հաշվի չեն առնում ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական
օրենքները: Սակայն իրենց անսպառ տաղանդով նրանք
իրենց մնայուն տեղը կգրավեն հայ արվեստի երկնակամարում»,
ասում է երաժշտագետ Մարինե Միրզոյանը:
Ինչևէ, քույրերը ելույթների պակաս չեն ունենում,
նրանք ցանկալի մասնակիցներ են պետական ընդունելությունների
ժամանակ: Նրանց կատարումներով հիացել են Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը, դիրիժոր Յուրի Բաշմետը,
ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Նրանք
նաև հրավեր են ստացել մասնակցելու Փարիզում մայիսին
կայանալիք Շառլ Ազնավուրի 80-ամյա հոբելյանի տոնակատարությանը:
|