Հայաստանի հավաքականն ավարտեց իր մասնակցությունը Կիպրոսի ֆուտբոլի ութերորդ միջազգային մրցաշարին Վրաստանի թիմի նկատմամբ տարած հաղթանակով:
Փետրվարի 21-ին Նիկոսիայի «Մակարիոն աթլետիկ սենթեր» մարզադաշտում հայ ֆուտբորլիստները հաղթանակի հասան 2-0 հաշվով: Քարամյան եղբայրների խփած մեկական գոլերը Հայաստանի հավաքականի համար ապահովեցին յոթերորդ տեղը ութ թիմերի մասնակցությամբ կայացած այս մրցաշարում:
Արման Քարամյանը հաջողության հասավ ընդմիջումից երեք րոպե առաջ, իսկ նրա եղբայր Արտավազդը խփեց երկորդ գոլը երկրորդ խաղակեսի 7-րդ րոպեին:
Արտավազդը ևս երկու գոլ էր խփել Ղազախստանի հետ 3-3 ավարտված խաղում, որը հայ ֆուտբոլիստները տանուլ տվեցին 11 մ հարվածներով՝ 2-3: Իսկ առաջին խաղում Հայաստանը զիջել էր Հունգարիային 0-2 հաշվով:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի հավաքականը, որը եզրափակիչում 3-0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ:
Մրցաշարին Հայաստանից բացի մասնակցում էին նաև Կիպրոսի, ԵՎՐՈ-2004-ի եզրափակիչ փուլի մասնակից Լատվիայի, Բելառուսի, Ռումինիայի, Վրաստանի, Ղազախստանի և Հունգարիայի հավաքականները:
|